Երգ Երգոց
2
1Փեսան ասում է իր եւ Հարսի մասին. «Ես դաշտերի ծաղիկ եմ, հովիտների շուշան։
2Ինչպէս շուշանն է փշերի մէջ, այնպէս էլ իմ սիրելին է դուստրերի մէջ»։ Հարսն ասում է Փեսային.
3«Ինչպէս խնձորենին է անտառի ծառերի մէջ, այնպես էլ իմ սիրեցեալն է տղաների մէջ։ Ցանկացայ նստել նրա հովանու տակ եւ նստեցի. եւ քաղցր է նրա պտուղն իմ կոկորդում»։ Հարսն ասում է օրիորդներին.
4«Դուք ինձ խնջոյքի սենեա՛կը տարէք, եւ թողէ՛ք մնամ ես իմ սիրոյ հետ։
5Զօրացրէ՛ք ինձ իւղերով եւ խնձո՛ր դիզեցէք վրաս, քանզի այրւում եմ խանդակաթ սիրով։ 6Թող նրա ձախը լինի գլխիս տակ, եւ աջը նրա թող գրկի ինձ»։ Հարսն ասում է օրիորդներին.
7«Երդուեցէ՛ք, ո՜վ Երուսաղէմի դուստրեր, հողի եւ հանդի զօրութեան վրայ, որ երբ վեր կենաք, դուք իմ սիրածին չէք արթնացնի, մինչեւ որ ինքը չկամենայ»։ Լսում է Փեսայի ձայնը եւ ասում.
ԵՐԿՐՈՐԴ ԵՐԳ
8«Իմ սիրեցեալի ձայնն է. ահա գալիս է նա, վազքով անցնում է լեռների վրայով եւ ցատկոտում բլուրների վրայ։
9Իմ սիրեցեալը նման է այծեամի կամ եղնիկի հորթերի, որ լինում են Բեթէլի լեռներում»։ Հարսն օրիորդներին պատմում է, թէ ինչպիսին է Փեսան եւ ասում. «Ահա նա կանգնած է մեր պատի յետեւում, եւ ձգուելով դէպի պատուհանները՝ նայում է ճաղերից։
10Ինձ պատասխան է տալիս իմ սիրեցեալը եւ ասում՝
11Ահա ձմեռն անցաւ, անձրեւները անցան-գնացին, ծաղիկները երեւացին մեր երկրում,
12էտելու ժամանակը հասաւ, տատրակի ձայնը լսուեց մեր երկրում։
13Թզենին իր բողբոջն արձակեց, ծաղկած որթերը տարածեցին իրենց հոտը։ 14«Վե՛ր կաց, իմ սիրելի, իմ գեղեցիկ, իմ աղաւնի։
15«Բռնեցէ՛ք փոքրիկ աղուէսներին, որ ապականում են այգիները, որպէսզի ծաղկեն մեր որթերը»։ Հարսն ասում է այսպէս.
16«Իմ սիրեցեալն իմն է, իսկ ես՝ նրանը. նա, որ հովուում է հօտը շուշանների մէջ,
17քանի դեռ ցերեկը կը լուսաւորի, եւ դեռ կը շարժուեն ստուերները։ Վերադարձի՛ր, ո՛վ իմ սիրեցեալ, այծեամի պէս կամ եղնիկների հորթերի նման, որ լինում են խնկաբեր լեռների վրայ»։
Էջմիածին · HYEJB1994