Երգ Երգոց
5
ՄԱՐԴԸ
1«Թող իմ սիրեցեալն իջնի իր պարտէզը, եւ իր ծառերի պտուղներն ուտի»։ Փեսան ասում է Հարսին. «Ես իմ պարտէզը մտայ, քո՛յր իմ հարս, զմուռս քաղեցի իմ խնկերի հետ, հացս կերայ իմ մեղրով, իմ կաթի հետ խմեցի գինիս։ Կերէ՛ք, ո՜վ իմ սիրելիներ, խմեցէ՛ք եւ հարբեցէ՛ք, ո՜վ իմ սիրելիներ»։
ՉՈՐՐՈՐԴ ԵՐԳ
ԿԻՆԸ
2«Ես քնած եմ, բայց իմ սիրտն արթուն է»։ Հարսն զգում է, որ Փեսան բախում է դուռը. «Իմ սիրեցեալն է, նրա ձայնն է. դուռն է բախում»։ Փեսան ասում է.
ՄԱՐԴԸ
3«Բա՛ց, քո՛յր իմ, ո՜վ իմ սիրելի, իմ աղաւնի՛, իմ կատարեա՛լ. գլուխս, ահա, թրջուել է ցօղով, մազերս՝ գիշերուայ շաղով»։ Հարսն այսպէս է ասում. «Ես հանել եմ իմ պատմուճանը, ինչպէ՞ս հագնեմ այն. ես լուացել եմ իմ ոտքերը, ինչպէ՞ս կեղտոտեմ դրանք։
ԿԻՆԸ
4Իմ սիրեցեալը ձեռքը ձգեց պատուհանից, եւ որովայնս սարսռաց նրա համար։
5Վեր կացայ դուռը բացելու իմ սիրեցեալի համար. իմ ձեռքերից զմուռս կաթեց, եւ իմ մատներից զմուռսը լցուեց փականի բռնակի վրայ։
6Ես բացեցի դուռն իմ սիրեցեալի համար, բայց նա գնացել էր արդէն, եւ խելքս մաղուեց նրա խօսքի համար։ Փնտռեցի նրան, բայց չգտայ, կանչեցի նրան, բայց ձայն չտուեց ինձ։
7Ինձ գտան քաղաքում շրջող պահապանները, խփեցին եւ վիրաւորեցին ինձ, իսկ պարիսպների պահակները քօղս հանեցին իմ վրայից։
8Երդուեցէ՛ք, ո՛վ Երուսաղէմի դուստրեր, հողի ու հանդի զօրութեան վրայ, եթէ դուք գտնէք իմ սիրեցեալին, կը պատմէք նրան, որ ես այրւում եմ նրա սիրուց»։ Երուսաղէմի աղջիկները եւ պարիսպների պահապանները հարցնում են Հարսին.
ԿԱՆԱՅՔ
9«Ինչո՞վ է առաւել քո սիրելին միւս տղաներից, ո՜վ գեղեցիկդ կանանց մէջ, ինչո՞վ է նա առաւել, որ այդպէս երդուեցնում ես մեզ»։ Հարսը պատմում է սիրածի մասին՝ ասելով, թէ ինչպիսին է նա.
ԿԻՆԸ
10«Իմ սիրեցեալը սպիտակ է եւ կարմիր, ընտրեալ է՝ տասը հազարից։
11Նրա գլուխը ոսկի է ազնիւ, նրա մազերը գանգուր են, սեւ, ինչպէս ագռաւ։
12Նրա աչքերը նման են աղաւնիների՝ հակուած առատ ջրերի վրայ, կաթով լուացուած եւ թառած՝ առատ ջրերի վրայ։
13Նրա ծնօտները նման են խնկէ անօթների, որոնք, ինչպէս օծման իւղեր, անուշահոտութիւն են բուրում. նրա շուրթերը շուշաններ են, որոնցից առատ զմուռս է բխում։
14Նրա ձեռքերը ճախարակուած ոսկի են՝ Թարսիսի ակնաքարերով պատուած։ Նրա որովայնը փղոսկրեայ տախտակ է՝ շափիւղայ քարերով ընդելուզուած։
15Նրա սրունքները մարմարեայ սիւներ են՝ հաստատուած ոսկէ խարիսխների վրայ։ Նրա տեսքն ասես Լիբանանի ընտիր եղեւնափայտ լինի։
16Նրա կոկորդը լի է քաղցրութեամբ, եւ ամբողջովին հաճելի է նա։ Այսպիսին է, ահա, իմ սիրեցեալը, ո՜վ Երուսաղէմի դուստրեր, այսպիսին է իմ հոգու սիրածը։» Երուսաղէմի դուստրերը հարցնում են, թէ ուր է գնացել նրա, այսինքն՝ Հարսի սիրեցեալը.
17«Ու՞ր գնաց քո սիրեցեալը, ո՜վ գեղեցիկդ կանանց մէջ, ո՞ր կողմը գնաց քո սիրեցեալը, որ մենք էլ քեզ հետ որոնենք նրան»։