Երգ Երգոց
6
ԿԱՆԱՅՔ
1«Իմ սիրեցեալն իջաւ իր պարտէզը՝ խնկածաղիկների մարգերի մէջ, որ հօտն արածեցնի բուրաստաններում եւ շուշաններ քաղի։
2Իմ սիրեցեալն իմն է, իսկ ես՝ նրանը. նա, որ հովուում է հօտը շուշանների մէջ»։ Փեսան ասում է Հարսին.
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԵՐԳ
3«Դու բարեկազմ ես, ի՛մ սիրելի, ամբողջովին հաճելի ես եւ Երուսաղէմի պէս գեղեցիկ՝ զարմանալի յօրինուած։
4Թեքի՛ր աչքերդ ինձնից, քանզի դրանք սիրով արբեցրին ինձ. քո վարսերը նման են այծերի հօտերի, որոնք իջնում են Գաղաադից։
5Քո ատամները նման են խուզած ոչխարների հօտերի, որոնք ելնում են լողաւազանից. բոլորն էլ զուգաշար են, ոչ մի ստերջ չկայ նրանց մէջ։
6Քո շուրթերը նման են որդան կարմիր թելի, եւ գեղեցիկ է քո խօսքը՝ քո շուրթերին։ Քո այտերը նման են կիսուած նռան՝ հարսնաքօղիդ տակ։
7Թող վաթսուն թագուհի եւ ութսուն հարճ լինեն, թող ազնիւ օրիորդներ ունենայ արքան,
8մինչդեռ մէ՛կն է իմ աղաւնին, իմ կատարեալը. իր մօր միա՛կն է նա, իր ծնողի ընտրեա՛լը։ Դուստրերը տեսան նրան եւ երանի տուին, թագուհիները եւ հարճերը գովեցին նրան»։ Դուստրերը եւ թագուհիները տեսան Հարսին եւ երանի տուին նրան.
9«Ո՞վ է սա, որ ելնում է ինչպէս առաւօտ, եւ գեղեցիկ է, ինչպէս լուսին, ընտիր, ինչպէս արեգակ՝ զարմանալի յօրինուած»։ Փեսան ասում է Հարսին.
10«Ես ընկուզենիների պարտէզն իջայ՝ նայելու, թէ առուներն ինչպէս են ջրում, տեսնելու, թէ արդեօք ծաղկե՞լ է որթատունկը, ծաղկե՞լ է արդեօք նոճին, ծաղկե՞լ է արդեօք նռնենին»։ Հարսն ասում է Փեսային.
11«Այնտեղ քեզ կը տամ իմ ստինքները. հոգիս չիմացաւ, բայց ցանկութիւնս տանում է ինձ, ինչպէս Ամինադաբի կառքը»։ Դուստրերը եւ թագուհիները ասում են Հարսին.
ԿԻՆԸ
12«Վերադարձի՛ր, վերադարձի՛ր, ո՜վ սոմնացիդ, վերադարձի՛ր, որ մենք տեսնենք քեզ»։
Էջմիածին · HYEJB1994