Տոբիթ
1
ՏՈԲԻԹ
ՆԱԽԱԲԱՆ[*]
1Այս է գիրքը պատմութեան Տոբիթի, որ Նեփթաղիմի ազգից էր, Սասիէլի սերնդից։ Տոբիթը որդին էր Տոբէլի, սա՝ Անանիէլի, սա՝ Անաւելի, եւ սա՝ Գաբայէլի։ 2Ասորեստանի Ենեմեսար թագաւորի օրօք նա գերուեց Թեզբուից, որ Նեփթաղիմի երկրի աջ կողմում է՝ Գալիլիայում, Ասէի վերեւում։
ՏՈԲԻԹԻ ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆՆԵՐԸ
3Ես՝ Տոբիթս, իմ կեանքի բոլոր օրերին ընթացայ ճշմարտութեան եւ արդարութեան ճանապարհներով, բազում ողորմութիւններ արեցի իմ եղբայրներին եւ իմ ազգակիցներին, որ Ասորեստանի երկրում՝ Նինուէում ինձ հետ էին։
4Երբ դեռեւս Իսրայէլի երկրում էի, իմ հայրենի գաւառում, եւ քանի դեռ երիտասարդ էի, իմ հայր Նեփթաղիմի ողջ ազգն արտաքսուեց ու հեռացուեց Երուսաղէմի տաճարից, որն ընտրուած էր Իսրայէլի բոլոր ազգերի կողմից, որպէսզի բոլորն այնտեղ զոհ մատուցեն, եւ ուր Բարձրեալի բնակութեան տաճարը սրբագործուել էր եւ կառուցուել բոլոր ժամանակների համար։ 5Երուսաղէմից ապստամբ եւ Բահաղի երինջին զոհ մատուցող բոլոր ազգերի նման էր նաեւ իմ հայր Նեփթաղիմի տունը։ 6Միայն ես էի, որ տարեկան տօներին բազմիցս գնում էի Երուսաղէմ, ինչպէս սահմանուած է ամբողջ Իսրայէլի համար յաւիտենական հրամանով։ Ստացուած բերքի պտուղներն ու տասանորդները եւ բոլոր արդիւնքներից իրենց ստանալիք ընծաները զոհասեղանի առջեւ տալիս էի քահանաներին՝ Ահարոնի որդիներին։ Տասանորդները տալիս էի Ղեւիի որդիներին, որոնք Երուսաղէմում Աստծու տաճարի սպասաւորներն էին։ 7Երկրորդ տասանորդը հաւաքում եւ վաճառում էի, ամէն տարի գնում Երուսաղէմ ու ամբողջովին ծախսում այն։ 8Երրորդը տալիս էի նրանց, ում պատշաճ էր, ինչպէս պատուիրել էր իմ հօր մայր Դերուրան. որովհետեւ հօրիցս որբ էի մնացել։ 9Երբ տղամարդ դարձայ, իմ հայրենի ցեղից կնութեան առայ Աննային եւ նրանից ունեցայ Տուբիին։
10Իսկ երբ գերեվարուեցի Նինուէ, իմ բոլոր եղբայրներն ու ազգակիցներն ուտում էին հեթանոսների հացից, իսկ ես ինձ զսպեցի, որպէսզի չուտեմ, 12քանզի ողջ հոգովս յիշում էի Աստծուն։ 13Բարձրեալն ինձ Ենեմեսարի կողմից շնորհներ եւ բարեհաճութիւն տուեց. ես նրա վաճառականն էի, գնում էի Մարաստան։ 15Մարաց երկրի Ռագիւս քաղաքում, Գուրիի եղբայր Գաբայէլին պահելու տուեցի տասը քանքար արծաթ։ 18Իսկ երբ Ենեմեսարը մեռաւ, եւ նրա փոխարէն թագաւորեց նրա որդի Սենեքերիմը, այդ տարիներին խռովութիւններ սկսուեցին, եւ ես չկարողացայ գնալ Մարաստան։
19Ենեմեսարի օրօք իմ եղբայրներին բազում բարեգործութիւններ էի անում. 20իմ հացը տալիս էի քաղցածներին, հագուստս՝ մերկերին. իսկ երբ տեսնում էի, որ իմ ազգից որեւէ մէկը մեռել է, եւ նրան դուրս են գցել պարսպից, ես թաղում էի։ Կամ էլ երբ Հրէաստանից փախստական վերադառնալուց յետոյ 21Սենեքերիմ արքան որեւէ մէկին սպանում էր, ես գաղտնի թաղում էի նրան. որովհետեւ նա իր զայրոյթով շատերին կոտորեց, իսկ յետոյ դիակները փնտռեց ու չգտաւ։ 22Նինուէացիներից ինչ-որ մէկը մտել էր թագաւորի մօտ ու նրան տեղեկացրել իմ մասին, որ դիակները թաղում եմ։ Ես թաքնուեցի, որովհետեւ իմացայ, որ ուզում են ինձ սպանել. եւ ահաբեկուած փախայ գնացի Նինուէից։ 23Իմ ամբողջ ունեցուածքը յափշտակուեց. որեւէ բան չմնաց, մնացին միայն կինս ու Տուբի որդիս։ 24Ապա, յիսուն օր չանցած, իր երկու որդիներն սպանեցին նրան եւ փախան Հայոց լեռները։ Դրանից յետոյ թագաւորեց իր որդի Ասորդանը։ Սա իմ եղբօրորդի Աքիաքարոս Անայէլին կարգեց իր թագաւորութեան բոլոր իշխանների եւ ամբողջ արքունի տան գլխաւոր։ 25Աքիաքարոսը թագաւորին բարեխօսեց ինձ համար։ Եկան ինձ վերադարձնելու, եւ ես եկայ Նինուէ։ Աքիաքարոսը տակառապետն էր, թագաւորի տան ամբողջ ելեւմտի գիրքը նրա ձեռքին էր։ Ասորդանը նրան նշանակեց իր թագաւորութեան երկրորդ մարդը. իսկ նա իմ եղբօրորդին էր։ Երբ ես եկայ իմ տուն, ինձ տուեցին իմ Աննա կնոջը եւ իմ Տուբի որդուն։
Էջմիածին · HYEJB1994