Տոբիթ
10
ԾՆՈՂՆԵՐՆ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՈՐԴՈՒՆ
1Նրա հայր Տոբիթն ամբողջ ժամանակ մտքում խորհում էր։ Երբ լրացան վերադառնալու օրերը, եւ նրանք չեկան, 2նա ասաց. «Գուցէ Գաբայէլը մեռե՞լ է. երեւի ոչ ոք նրան չի տուել արծաթը, ինքն էլ ամօթից չի ցանկանում գալ»։ Եւ նա խիստ տրտում էր։ 3Կինն ասաց նրան. «Որ այսչափ ուշացաւ, վայ թէ կորաւ տղան»։ 4Նա սկսեց լալ ու սգալ որդուն եւ ասաց. 5«Ոչինչ պէտք չէ ինձ, որդեա՛կ իմ, էլ ինչո՞ւ թողեցի քեզ, իմ աչքերի՛ լոյս»։ 6Տոբիթն ասաց նրան. «Լռի՛ր եւ մի՛ անհանգստացիր, նա ողջ է»։ 7Իսկ կինն ասաց նրան. «Դո՛ւ լռիր եւ մի՛ խաբիր ինձ, որովհետեւ իմ երեխան կորաւ»։ Եւ ամէն օր մայրը դուրս էր ելնում ու գալիս այն ճանապարհը, որով նրանք գնացել էին. ցերեկը հաց չէր ուտում, իսկ գիշերը չէր դադարում իր որդի Տուբիին սգալուց։ Երբ լրացաւ հարսանիքի տասնչորս օրը, որ նրանց այնտեղ լինելու համար երդուել էր Ռագուէլը,
ՏՈՒԲԻՆ ՈՒԶՈՒՄ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ
8Տուբին ասաց Ռագուէլին. «Արձակի՛ր ինձ, որովհետեւ իմ հայրն ու մայրն այլեւս ինձ ողջ տեսնելու յոյս չունեն»։ 9Եւ աներն ասաց նրան. «Դու մնա՛ այստեղ՝ ինձ մօտ, իսկ ես մարդիկ կ’ուղարկեմ քո հօր մօտ, նրանք քո մասին կը պատմեն նրան»։ 10Տուբին ասաց. «Այդպէս չի լինի, այլ պէտք է ինձ արձակես, որ գնամ իմ հօր մօտ»։ Եւ Ռագուէլը վեր կացաւ ու նրան տուեց իր կին Սառային, իր ունեցուածքի կէսը, ծառաներ ու աղախիններ, անասուններ ու արծաթ, 11օրհնեց նրանց, արձակեց ու ասաց. «Որդեա՛կ իմ, թող երկնքի Տէր Աստուածը յաջողութիւն տայ ձեզ, քանի դեռ ես չեմ մեռել»։ 12Իսկ իր դստերն ասաց. «Որդեա՛կս, պատուի՛ր քո սկեսուրին ու սկեսրայրին, քանի որ այժմ նրանք են քո հայրն ու մայրը. եւ հեռո՛ւ մնա ատելութեան խօսքերից»։ 13Եւ նա համբուրեց նրան։ Իսկ Հեդնան ասաց Տուբիին. «Սիրելի՛ եղբայր, թող Տէրը քեզ ողջութեամբ տանի քո տուն եւ ինձ՝ իմ դուստր Սառայից զաւակ տեսնել տայ, որպէսզի ես ուրախանամ Տիրոջ առջեւ. այժմ նրան յանձնում եմ քեզ, թո՛ղ այսուհետեւ քոնը լինի, չտրտմեցնե՛ս նրան»։
Էջմիածին · HYEJB1994