Տոբիթ
11
ՏՈԲԻԹԻ ԱՉՔԵՐԻ ԲՈՒԺՈՒՄԸ
1Տուբին գնում էր ու օրհնում Աստծուն, որ յաջողութիւն տուեց իր ճանապարհին, օրհնում էր Ռագուէլին ու նրա կնոջը։ Եւ նա նրանց հետ գնաց, մինչեւ մօտեցան Նինուէին։ 2Ռափայէլը Տուբիին ասաց. «Եղբա՛յր, չգիտե՞ս ինչպիսի վիճակում թողեցիր քո հօրը. 3արի՛ կնոջիցդ առաջ անցնենք եւ նախապատրաստենք տունը, 4իսկ դու վերցրո՛ւ ձկան լեղին»։ Նրանք գնացին, շունն էլ եկաւ նրանց յետեւից։ 5Իսկ Աննան, ըստ սովորութեան, նստել սպասում էր իր որդու ճանապարհին։ 6Նա տեսաւ, որ որդին գալիս է, եւ ասաց. «Ահա գալիս է քո որդին, նաեւ այն մարդը, որ ընկերացել էր նրան։ 7Ռափայէլն ասաց Տուբիին. «Ես գիտեմ, որ քո հօր աչքերը կը բացուեն. 8այժմ այդ լեղին քսի՛ր նրա աչքերի շուրջը, այն կը կսկծացնի ու նրա աչքերից կը հանի հատերը, եւ նա կը տեսնի»։ 9Աննան ընդառաջ գնաց, ընկաւ իր որդու պարանոցով ու ասաց նրան. «Որդեա՛կ իմ, ես քեզ տեսայ, հիմա ես, սրանից յետոյ, անհոգ կը մեռնեմ»։ Եւ երկուսով լաց եղան։ 10Տոբիթը դուրս ելաւ դռների մօտ. նա խարխափում էր ու գլորւում. որդին շտապեց նրա մօտ, վերցրեց ու կանգնեցրեց հօրը։ 13Նա լեղին քսեց հօր աչքերին ու ասաց. «Հայրի՛կ, տոկա՛ եւ համբերի՛ր»։ 14Եւ մի պահ անց՝ հատերն անմիջապէս կեղեւահան եղան ու ընկան նրա աչքերից, 15եւ նա տեսաւ իր որդուն ու ընկաւ նրա պարանոցով. 16լալիս էր ու ասում. «Օրհնուած ես, Տէ՛ր Աստուած, եւ քո անունն օրհնուած է յաւիտեան, օրհնուած են քո բոլոր սուրբ հրեշտակները,
17որովհետեւ դու պատժեցիր եւ ողորմեցիր ինձ, քանի որ ահա տեսնում եմ իմ որդի Տուբիին»։ Նրա որդին ուրախութեամբ մտաւ ներս ու հօրը պատմեց այն մեծ գործերի մասին, որ իր հետ կատարուեցին Մարաստանում։ 18Տոբիթը խնդութեամբ ընդառաջ ելաւ իր հարսին. Նինուէի դռների մօտ օրհնում էր Աստծուն։ Ովքեր տեսնում էին նրան, զարմանում էին, որ նա տեսնելով է քայլում։ 19Տոբիթը նրանց առջեւ գոհութիւն էր մատուցում Աստծուն, թէ նա ինչպէս ողորմեց իրեն։ Տոբիթը մօտեցաւ իր հարսին, օրհնեց նրան ու ասաց. «Բարի եկար, դո՛ւստրս, թող օրհնուած լինի Աստուած, որ քեզ բերեց մեզ մօտ, եւ թող օրհնուեն քո հայրն ու մայրը»։ Եւ նրա բոլոր եղբայրները, որ Նինուէում էին, ուրախացան։ 21Այնտեղ եօթը օր հարսանիք արեցին։
Էջմիածին · HYEJB1994