Տոբիթ
13
ՏՈԲԻԹԻ ՕՐՀՆԵՐԳԸ
1Տոբիթը ցնծութեան մէջ գրեց այս աղօթքը, եւ ասաց. «Օրհնուած է Աստուած, որ կենդանի է յաւիտեան, օրհնուած է նրա արքայութիւնը,
2որովհետեւ նա է հարուածում եւ ողորմում, նա է իջեցնում դժոխք եւ հանում այնտեղից, եւ ոչ ոք չի փախչում նրա ձեռքից։
3Իսրայէլի՛ որդիներ, պաշտեցէ՛ք նրան հեթանոս ազգերի առջեւ, որովհետեւ նա մեզ ցրեց նրանց մէջ.
4պատմեցէ՛ք նրա մեծութեան մասին, բարձրացրէ՛ք նրան բոլոր կենդանի մարդկանց առջեւ, քանի որ յաւիտեան նա է մեր Տէր Աստուածը, մեր Հայր Աստուածը։
5Մեր բոլոր անիրաւութիւնների համար նա կը տանջի եւ կրկին կ’ողորմի մեզ, մեզ կը հաւաքի բոլոր հեթանոս ազգերի միջից, ուր ցրուել ենք մենք։
6Դուք կը տեսնէք, թէ նա ինչ կ’անի ձեզ հետ, եւ դուք նրան կը փառաբանէք լիաբերան։ Օրհնեցէ՛ք Տիրոջը, որ արդար է, բարձրացրէ՛ք յաւիտենութեան Թագաւորին։
7Ես իմ գերութեան երկրում կը փառաբանեմ նրան եւ նրա զօրութիւնն ու մեծութիւնը ցոյց կը տամ մեղաւոր ազգերին։ Այժմ, մեղաւորնե՛ր, դարձէ՛ք եւ արդարութի՛ւն գործեցէք նրա առջեւ, քանի որ, ո՜վ գիտէ, գուցէ նա բարեհաճ լինի եւ ողորմի ձեզ։
8Եթէ դուք ձեր ամբողջ սրտով, ձեր ամբողջ հոգով վերադառնաք նրան եւ նրա առջեւ արդարութիւն գործէք, այն ժամանակ նա էլ կը դառնայ դէպի ձեզ եւ իր երեսը չի ծածկի ձեզանից։
9Իսկ ես կ’օրհնեմ իմ Աստծուն. իմ անձը կ’օրհնի երկնքի Թագաւորին, ես կը ցնծամ նրա մեծութեան համար։
10Թող բոլոր ազգերն ասեն այս եւ փառաբանեն նրան Երուսաղէմ սուրբ քաղաքում։
11Երուսաղէ՛մ, նա կը պատժի քո ժողովրդի որդիներին, բայց նորից կը դառնայ ու կ’ողորմի արդարների որդիներին։
12Դու գոհութիւն կը մատուցես բարերար Տիրոջը եւ կ’օրհնես յաւիտենութեան Թագաւորին, քանի որ նա իր տաճարը դարձեալ ուրախութեամբ կը կառուցի քո մէջ,
13քո մէջ կը ցնծան նրանք, ովքեր գերուած են, քեզ կը սիրեն նրանք, ովքեր բոլոր ազգերի մէջ յաւիտեան թշուառացած են։
14Բազմաթիւ ազգեր կը գան հեռուից, Տէր Աստծու անունով իրենց ձեռքերին առած կը բերեն իրենց նուէրները՝ մատուցելու երկնաւոր Թագաւորին եւ քեզ ուրախութիւն կը տան սերնդից սերունդ։
16Քո բոլոր ատելիներն անիծեալ կը լինեն, քո բոլոր սիրելիներն օրհնեալ կը լինեն։
17Ցնծա՛ եւ ուրա՛խ եղիր արդարների որդիների համար, որովհետեւ նրանք կը հաւաքուեն միասին եւ միասին կը փառաբանեն արդարութիւնների Տիրոջը։
18Քեզ սիրողները երջանիկ կը լինեն, եւ նրանք կը ցնծան քո խաղաղութեան համար. երանի՜ նրանց, ովքեր տրտմեցին քո կործանման համար, որովհետեւ երբ նրանք տեսնեն քո փառքը, կրկին քեզանով կը ցնծան եւ յաւիտեան ուրախ կը լինեն։
19Հոգիս կ’օրհնի Աստծուն՝ մեծ Թագաւորին,
21որովհետեւ Երուսաղէմը կը կառուցուի թանկարժէք քարերով՝ շափիւղայով, սուտակով եւ այլ թանկագին քարերով. քո պարիսպները, աշտարակներն ու ամրութիւնները կը կառուցուեն ազնիւ ոսկով.
22Երուսաղէմի բոլոր հրապարակները կը պատրաստուեն բիւրեղ, դահանակ եւ սարդիոն քարերով։
23Երուսաղէմի բոլոր փողոցներում կ’ասեն՝ Ալէլուիա. կ’օրհնեն եւ կ’ասեն. “Օրհնուած է Աստուած, որ յաւիտեան բարձրացրեց ամբողջ աշխարհը”»։