Տոբիթ
14
ՏՈԲԻԹԻ ՄԱՀԸ
1Տոբիթը վերջացրեց այս օրհներգը։ 2Երբ նրա աչքերը կուրացան, նա յիսունութ տարեկան էր. ութ տարի անց աչքերը կրկին բացուեցին. 3նա ողորմութիւններ էր անում. էլ աւելի էր երկնչում Աստծուց ու փառաբանում նրան։
4Նա շատ ծերացաւ. 5կանչեց իր որդուն, իր որդու որդիներին եւ իր որդուն ասաց. «Որդեա՛կ, դու վերցրո՛ւ քո որդիներին, որովհետեւ ես ահա ծերացել եմ եւ մօտ եմ մեռնելու. այժմ դու գնա՛ Մարաց երկիր, որդեա՛կ իմ, 6որովհետեւ ես հաւատում եմ, որ, ինչպէս Յովնան մարգարէն է ասել, Նինուէն պիտի կործանուի, իսկ Մարաց երկրում միառժամանակ խաղաղութիւն պիտի լինի։ Մեր եղբայրները կը ցրուեն այս բարի երկրից, Երուսաղէմն աւերակ ու անապատ կը դառնայ, նրա մէջ Աստծու Տունը կը հրկիզուի եւ մի որոշ ժամանակ աւերուած կը լինի։ 7Բայց Աստուած կրկին կ’ողորմի նրանց ու կը վերադարձնի հայրենի երկիր, եւ նրանք կը շինեն Աստծու Տունը, բայց ոչ առաջինի նման, մինչեւ որ լրանան յաւիտենութեան ժամանակները։ Դրանից յետոյ կը վերադառնան այս գերութիւնից եւ փառքով ու մեծ պատուով կը կառուցեն Երուսաղէմը։ Աստծու տաճարը նրա մէջ յաւիտեան բոլոր ազգերի կողմից կը կառուցուի փառաւոր շինուածքներով, ինչպէս նրա մասին ասել են մարգարէները։ 8Բոլոր հեթանոսները դարձի կը գան՝ ճշմարտութեամբ երկնչելու Տէր Աստծուց, եւ կը կործանեն ու կը մերժեն իրենց կուռքերը։ 9Բոլոր ժողովուրդները կ’օրհնեն Տիրոջը, եւ ամէն ժողովուրդ կը խոստովանի իր Աստծուն։ Տէրը կը բարձրացնի իր ժողովրդին. եւ բոլոր նրանք, ովքեր ճշմարտութեամբ ու արդարութեամբ սիրում են Տէր Աստծուն, կը ցնծան. դուք էլ ձեր հայրերի նման ողորմութիւն կ’անէք։
10Արդ, որդեա՛կ իմ, դու գնա՛ այստեղից, որովհետեւ Յովնան մարգարէի ասածն անպատճառ կը լինի։ 11Բայց դու կը կատարես օրէնքներն ու բոլոր հրամանները. եղի՛ր ողորմած ու արդար, որպէսզի քեզ համար բարի լինի. 12կը թաղես ինձ եւ քո մօրը՝ ինձ հետ. այլեւս չմնաս Նինուէում։ Որդեա՛կ իմ, դու տես, թէ ինչ արեց Ադամն Աքիաքարին, որը սնել էր նրան. թէ ինչպէս լոյսից նրան տարաւ խաւար եւ թէ որքան չարիք գործեց նրա նկատմամբ. բայց Աքիաքարը փրկուեց, իսկ նա ստացաւ հատուցումը՝ նրա փոխարէն ինքն իջաւ խաւարի մէջ. Մանասէն ողորմութիւններ արեց եւ իր դէմ նիւթուած մահուան օրը փրկուեց, իսկ Ադամն ընկաւ որոգայթ եւ կործանուեց։ 13Եւ ահա, որդեա՛կ իմ, դու տե՛ս, թէ ի՜նչ է անում ողորմութիւնը, կամ ինչպէ՜ս է փրկում արդարութիւնը»։ Երբ ասաց այս, հոգին աւանդեց իր մահճում, քանի որ նա հարիւր յիսուն տարեկան էր։ Նրա որդին մեծ փառքով ու պատուով թաղեց նրան։ 14Իսկ երբ մեռաւ Աննան, նա իր հօր մօտ թաղեց նաեւ նրան։ Տուբին իր կնոջ ու որդիների հետ գնաց Մարաց Եկբատան քաղաքը՝ իր աներ Ռագուէլի մօտ։
ՎԵՐՋԱԲԱՆ
15Տուբին մեծ պատուով ծերացաւ. նա փառքով ու պատուով թաղեց իր աներոջն ու զոքանչին եւ ժառանգեց նրանց տունն ու իր հայր Տոբիթի տունը։ 16Նա հարիւր քսանեօթը տարեկան հասակում մեռաւ Մարաց Եկբատան քաղաքում։ 17Քանի դեռ նա չէր մեռել, լսեց Նինուէի կործանման մասին, ուր իրենց գերութեան էր տարել Նաբուքոդոնոսոր Ասուերոսը։ Տուբին, որ դեռ չէր մեռել, ուրախացաւ Նինուէի կործանման համար։ Նա գոհութիւն մատուցելով փառք տուեց Աստծուն, որին փառք յաւիտեանս յաւիտենից. ամէն։
Էջմիածին · HYEJB1994