Տոբիթ
4
ՏՈԲԻԹԻ ԿՏԱԿԸ
1Նոյն օրը Տոբիթը յիշեց արծաթը, որ Մարաց երկրի Ռագիւս քաղաքում պահ էր տուել Գաբայէլին։ Նա իր մտքում ասաց. «Ես ինձ համար մահ խնդրեցի. քանի դեռ չեմ մեռել, ինչո՞ւ չկանչեմ իմ որդի Տուբիին եւ ամէն ինչ չյայտնեմ նրան»։ 2Եւ նա կանչեց ու ասաց նրան. 3«Որդեա՛կ իմ, երբ մեռնեմ, կը թաղես ինձ. չանարգե՛ս կամ չանտեսե՛ս քո մօրը, այլ նրան կը պատուես կեանքիդ բոլոր օրերին, նրա համար կ’անես այն ամէնը, ինչ հաճելի է իրեն, չտխրեցնես նրան։ 4Կը յիշես, որ, երբ դու նրա որովայնում էիր, նա քեզ համար շատ նեղութիւններ է կրել. 5երբ նա մեռնի, կը թաղես ինձ մօտ, նոյն գերեզմանում։ 6Յիշի՛ր քո Տէր Աստծուն կեանքիդ բոլոր օրերին, մեղք չգործե՛ս կամ նրա պատուիրանները զանց չառնես, քո ամբողջ կեանքում արդարութիւն կը գործես, անիրաւութեան ճանապարհներով չգնաս, քանի որ, երբ արդար գործ անես, քո բոլոր գործերը կը յաջողուեն, ինչպէս յաջողւում է բոլորին, ովքեր արդարութիւն են գործում։ 7Քո ունեցուածքից ողորմութիւններ կ’անես. ողորմութիւն անելիս թող քո աչքը ագահ չլինի. երեսդ չդարձնես բոլոր աղքատներից, եւ Տէր Աստուածն էլ ի՛ր երեսը չի դարձնի քեզանից։ 8Ինչքան շատ ունենաս, ըստ այդ շատութեան կ’անես քո ողորմութիւնները, եթէ քիչ ունենաս՝ ըստ քչի։ 9Չյապաղես ողորմութիւններ անել, 10քանի որ դրանով բարիքներ կը գանձես քո կեանքի օրերին։ 11Արդարեւ, ողորմութիւնները փրկում են մահուանից եւ թոյլ չեն տալիս մտնել խաւարի մէջ. 12ողորմութիւնները բարի պարգեւ են բոլորին, ովքեր այն անում են Աստծու առջեւ։ 13Անձիդ համար զգոյշ կը լինես պոռնկութիւնից, կին կ’առնես քո հայրերի սերնդից. օտար ազգից կին չառնես, որովհետեւ մարգարէների՝ մենք մեր առաջին հայրերի՝ Նոյի, Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի որդիներն ենք։ Դու, որդեա՛կ, յիշի՛ր՝ սրանք բոլորն էլ իրենց եղբայրներից կին առան եւ օրհնուեցին իրենց որդիներով. եւ նրանց սերունդը պիտի ժառանգի երկիրը։ Դու, որդեա՛կ, պիտի սիրես քո եղբայրներին, երեսդ չշրջես, սիրտդ չշրջես քո եղբայրներից, քո ժողովրդի որդիներից ու դուստրերից. նրանցի՛ց կին կ’առնես քեզ համար։ 14Ամբարտաւանութիւնից առաջ են գալիս կորուստ եւ մեծ խռովութիւն, պղծութիւնից՝ պակասութիւն եւ մեծ աղքատութիւն, քանի որ պղծութիւնը սովի մայրն է։ 15Վարձկանիդ վարձը թող մի օր էլ չմնայ քեզ մօտ, այլ կը վճարես անմիջապէս. եւ եթէ դու ծառայես Աստծուն, նա քեզ բարիքներով կը հատուցի։ Որդեա՛կ, քո բոլոր գործերում զգոյշ կը լինես, խելամի՛տ եղիր քո ողջ կեանքում. 16ինչը դու ատում ես, ուրիշին չանես։ Հարբելու աստիճան գինի չխմե՛ս, հարբած ճանապարհ չգնա՛ս. 17քո հացից կը տաս քաղցածներին, քո հագուստներից՝ մերկերին. եւ ինչ կ’աւելանայ քեզ պէտք եղածից, ողորմութիւն կ’անես։ 18Քո հացը չխնայես տալ արդարների գերեզմանների վրայ, բայց մեղաւորների համար չտա՛ս։ 19Ամէն մարդուց խորհուրդ կը խնդրես, չարհամարհես ոչ մի պիտանի խորհուրդ։ 20Ամէն ժամ կ’օրհնես քո Տէր Աստծուն եւ կը խնդրես նրանից, որ քո բոլոր ճանապարհներն ուղիղ լինեն, քո բոլոր մտադրութիւններն ու գործերը յաջողուեն, որովհետեւ մարդու բոլոր մտադրութիւնները ոչինչ են։ Տէրն ինքն է տալիս բարի խորհուրդներ, եւ ում կամենում է՝ խոնարհեցնում է, ինչպէս հաճելի է իրեն։ Ահա, որդեա՛կ իմ, դու կը յիշես իմ բոլոր պատուիրանները, որ տալիս եմ քեզ, եւ թող նրանք չջնջուեն քո սրտից։ 21Հիմա ես յայտնում եմ քեզ տասը քանքար արծաթի մասին, որ Մարաց երկրի Ռագիւս քաղաքում պահելու տուեցի Գաբրիի որդի Գաբայէլին։ 23Չվախենաս, որդեա՛կ, որ շատ աղքատացանք, որովհետեւ եթէ Աստծուց վախենաս, բոլոր մեղքերից հեռու լինես եւ անես նրան հաճելին, քեզ շատ ունեցուածք եւ հարստութիւն կը գայ»։