Տոբիթ
5
ՏՈԲԻԹԸ ԳՆՈՒՄ Է ՄԱՐԱՍՏԱՆ
1Տուբին պատասխանեց եւ ասաց նրան. «Հա՛յր, կ’անեմ ամէն ինչ, որ պատուիրեցիր ինձ, 2բայց ես ինչպէ՞ս կարող եմ գտնել արծաթը, քանի որ չեմ ճանաչում այդ մարդուն։ 3Հայրը նրան տուեց ստացագիրն այն մարդու, որի մօտ գանձն աւանդ էր դրուած, 4եւ ասաց նրան. «Դու քեզ համար փնտռի՛ր մի մարդ, որ հետդ գայ. ես կը տամ նրա վարձը, քանի դեռ կենդանի եմ, եւ դու կը գնաս կը վերցնես արծաթը»։ 5Տուբին գնաց վարձով մի մարդ փնտռելու, որ գնար իր հետ։ Եւ նա գտաւ Ռափայէլ Հրեշտակին, 6բայց չգիտէր, թէ ով է նա։ Տուբին ասաց նրան. 7«Դու կարո՞ղ ես ինձ հետ գալ Ռագիւս՝ Մարաց երկիր, կամ լաւ ծանօ՞թ ես այդ տեղերին»։
8Հրեշտակն ասաց նրան. «Ես կը գամ քեզ հետ. ե՛ւ ճանապարհին եմ տեղեակ, ե՛ւ մեր եղբայր Գաբայէլին եմ ճանաչում»։ 9Տուբին ասաց նրան. «Դու մի վայրկեան սպասի՛ր այստեղ, մինչեւ ես մտնեմ ու հարցնեմ իմ հօրը»։ Եւ ասաց նրան. «Գնա՛ եւ չուշանա՛ս»։ 10Տուբին ներս մտաւ ու ասաց հօրը. «Ահա գտայ ընկեր, որ գալիս է հետս»։ Հայրն ասաց նրան. «Դու նրան կանչի՛ր ինձ մօտ, որպէսզի իմանամ, թէ որ ազգից է նա եւ կամ հետդ գալու համար վստահելի՞ է»։ 11Տուբին ներս կանչեց նրան, եւ նրանք ողջոյն տուեցին միմեանց։ 16Տոբիթն ասաց նրան. «Եղբա՛յր, դու մեր ո՞ր ցեղից ես, ասա՛ ինձ»։ 17Եւ նա ասաց նրան. «Իմ ազգատո՞հմն ես փնտռում, թէ՞ ինձ վարձել ես, որ քո որդու հետ գնամ»։ Տոբիթն ասաց նրան. «Ուզում եմ, եղբա՛յր, իմանալ քո ազգն ու անունը»։ 18Նա ասաց. «Իմ անունն Ազարիա է, քո եղբայրներից մէկի՝ մեծն Անանիայի որդին եմ»։ 19Տոբիթն ասաց նրան. «Բարի եկար, եղբա՛յր, մի՛ զայրացիր ինձ վրայ, որ ցանկացայ իմանալ քո ազգատոհմը, որովհետեւ դու հէնց իմ եղբայրն ես՝ բարի ու ազնուական ցեղից, քանի որ ես ճանաչում եմ Անանիային եւ Յաթանին՝ մեծն Սեմի որդիներին, երբ մենք միասին գնում էինք Երուսաղէմում երկրպագելու եւ անասունների առաջին ծնունդներն ու բերքի տասանորդները մատուցելու։ Նրանք չմոլորուեցին մեր եղբայրների մոլորութիւնով. Դու մեծերի ազգից ու արմատից ես, եղբա՛յր։ 20Այժմ դու ասա՛ ինձ. ի՞նչ վարձ տամ քեզ. կը տամ օրական մի դրամ եւ ուտելիքը, ինչպէս իմ որդուն։ 21Երբ ողջ վերադառնաք այս ուղեւորութիւնից, վարձդ կ’աւելացնեմ»։ Եւ նրանք համաձայնեցին այդպէս անել։ 22Տոբիթն ասաց նրան. «Տուբի՛, որդեա՛կ, պատրաստուի՛ր ճանապարհ ընկնելու, եւ թո՛ղ Աստուած յաջողութիւն տայ ձեզ»։ Պատանին պատրաստեց ճանապարհի ուտելիքը, իսկ հայրն ասաց նրան. «Որդեա՛կ, դու գնա՛ այդ մարդու հետ, իսկ Աստուած, որ բնակւում է երկնքում, թող յաջողութիւն տայ ձեր ճանապարհին, եւ նրա հրեշտակն ուղեկից լինի ձեզ»։ 23Եւ նրանք երկուսով միասին ելան գնացին, նրանց հետ՝ նաեւ պատանու շունը։ Պատանու մայրը լալով ասաց. «Տոբի՛թ, մեր որդուն ինչո՞ւ հեռացրիր մեզանից, չէ՞ որ նա է մեր ծերութեան ցուպը, նա է մեր առջեւ ելումուտ անում. 24թող արծաթի վրայ արծաթ չգայ, միայն թէ մեր որդու կեանքին բան չլինի, 25քանզի ինչ Աստուած տուել է մեզ, բաւական է մեզ համար»։ 26Տոբիթն ասաց նրան. «Քո՛յր, մի՛ տրտմիր, նա ողջ կը վերադառնայ, եւ քո աչքերը կը տեսնեն նրան, 27քանի որ իր բարի Հրեշտակը կ’առաջնորդի նրան, յաջողութիւն կը տայ նրա ճանապարհին, եւ նա ողջ ու առողջ կը վերադառնայ այնտեղից»։ 28Եւ մայրը դադարեց լալուց։