Տոբիթ
6
ՁԿԱՆ ՈՐՍԸ
1Նրանք ճանապարհ ընկան, եկան Դկլաթ գետի մօտ եւ իջեւանեցին այնտեղ, գետափին։ Պատանին իջաւ գետեզր՝ լուացուելու։ 2Գետից դուրս ելաւ մի ձուկ եւ ուզում էր կուլ տալ պատանուն։ 4Հրեշտակն ասաց պատանուն. «Ձեռքդ մեկնի՛ր, բռնի՛ր այդ ձուկը»։ Պատանին բռնեց ձուկը եւ հանեց ցամաք։ Հրեշտակն ասաց նրան. 5«Բա՛ց արա այդ ձկան փորը, հանի՛ր դրա սիրտը, լեարդն ու լեղին եւ պահի՛ր զգուշութեամբ»։ 6Եւ պատանին արեց այնպէս, ինչպէս հրեշտակն ասաց իրեն։ Ձուկը խորովեցին ու կերան եւ ապա երկուսով միասին գնացին։ Եւ երբ մօտեցել էին Եկբատանին, 7պատանին ասաց հրեշտակին. «Ազարիա՛ եղբայր, ինչի՞ համար վերցրինք ձկան սիրտը, լեարդն ու լեղին»։ 8Հրեշտակն ասաց նրան. «Եթէ դեւը կամ պիղծ սատանան բռնել է մէկին, այդ սիրտը եւ լեարդը պէտք է ծխել տղամարդու կամ կնոջ առջեւ, եւ նա այլեւս չի դիւահարուի։ 9Իսկ եթէ մէկն աչքերին հատ ունի, լեղին քսում են աչքին, եւ նա բուժւում է»։
ԱՄՈՒՍՆՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԱՐԿ
10Երբ նրանք մօտեցան Ռագիւսին, 11Հրեշտակն ասաց պատանուն. «Եղբա՛յր, այսօր մենք պէտք է գիշերենք Ռագուէլի մօտ, նա քո ազգականն է եւ ունի մի դուստր, որի անունը Սառա է. ես նրա համար կը խօսեմ, որպէսզի նրան կնութեան տան քեզ։ 12Աղջկայ ժառանգութիւնը քեզ է վիճակուած, եւ միայն դու ես նրա ազգից, իսկ աղջիկն իսկապէս գեղեցիկ է, պարկեշտ եւ խելացի։ 13Այժմ լսի՛ր ինձ, ես կը խօսեմ աղջկայ հօր հետ, իսկ երբ մենք վերադառնանք ռագիւսացիների քաղաքից, կ’անենք քո հարսանիքը։ Ես ճանաչում եմ Ռագուէլին. Մովսէսի օրէնքների համաձայն նա աղջկան չի տայ օտար մարդու, որը արենակից մերձաւոր չէ, քանի որ բոլոր մարդկանցից աւելի դու ես ժառանգութիւնն ստանալու արժանի»։
14Այն ժամանակ պատանին ասաց Հրեշտակին. «Եղբա՛յր Ազարիա, ես աղջկայ մասին այսպիսի բան եմ լսել. նրան տուել են եօթը մարդու, եւ նրանք բոլորը մեռել են առագաստի սենեակում։ 15Իսկ ես իմ հօր միամօր զաւակն եմ, վախենում եմ՝ միգուցէ մտնեմ եւ նախորդների նման ես էլ մեռնեմ, որովհետեւ աղջիկը դեւ ունի, եւ դեւը նրան սիրում է ու որեւէ մէկին չի դիպչում վնասելու համար, այլ՝ միայն նրանց, ովքեր մերձենում են նրան, որպէսզի կնութեան առնեն։ Արդ, եթէ անեմ այս բանը, վախենում եմ, որ իմ հօրն ու իմ մօրը իմ պատճառած վշտերով կ’իջեցնեմ իրենց գերեզմանը։ Նրանք ուրիշ որդի էլ չունեն, որ թաղի նրանց»։
16Հրեշտակն ասաց նրան. «Դու չե՞ս յիշում քո ազգից քեզ կին առնելու մասին հօրդ ասած պատուիրանը։ Այժմ դու լսի՛ր ինձ, որովհետեւ նա պէտք է քո կինը լինի. 17դեւի մասին էլ մի՛ մտահոգուիր, քանի որ այս գիշեր իսկ դու աղջկան կնութեան կ’առնես։ 18Երբ մտնես առագաստի սենեակ, կը վերցնես մոխրախառն կրակ, որի մէջ խունկ ծխուած լինի, եւ ձկան սիրտն ու լեարդը կը դնես դրա վրայ ու կը ծխես. 19դեւը կը հոտոտի ու կը փախչի եւ այլեւս յաւիտեան չի վերադառնայ։ 20Եւ երբ դու եւ աղջիկը մտնէք առագաստի սենեակ, երկուսով կը կանգնէք եւ բարձրաձայն լալով կը կանչէք ողորմած Աստծուն, եւ նա ձեզ կը փրկի ու կ’ողորմի, 21որովհետեւ իր ծննդից ի վեր այդ աղջիկը վիճակուած է քեզ. դու կը փրկես նրան, եւ նա քեզ հետ կը գայ քո տուն. եւ ես գիտեմ, որ դու նրանից որդիներ կ’ունենաս»։
22Տուբին երբ լսեց այս բանը, աղջկայ նկատմամբ գութ ընկաւ նրա սիրտը, եւ հոգին սիրով կապուեց նրան։