Տոբիթ
7
ՏՈՒԲԻԻ ԱՄՈՒՍՆՈՒԹԻՒՆԸ
1Նրանք եկան Եկբատան եւ մտան Ռագուէլի տուն։ Սառան ընդառաջ ելաւ, եւ ողջունեցին նրանց, նրանք էլ՝ նրան, եւ Սառան նրանց տարաւ տուն։ 2Ռագուէլն իր կին Հեդնային ասաց. «Տեսնո՞ւմ ես, որ այս պատանեակը նման է իմ եղբօրորդի Տոբիթին»։ 3Ռագուէլը հարցրեց նրանց եւ ասաց. «Որտեղի՞ց էք, եղբայրնե՛ր»։ Նրան ասացին. «Նեփթաղիմի որդիներից ենք, որ գերի ենք տարուած Նինուէ»։ 4Ապա ասաց. «Դուք ճանաչո՞ւմ էք մեր եղբայր Տոբիթին»։ Ասացին. «Ճանաչում ենք»։ 5Ռագուէլը նրանց ասաց. «Ո՞ղջ է»։ Նրանք ասացին. «Ողջ եւ կենդանի է»։ 6Իսկ Տուբին ասաց. «Նա իմ հայրն է»։ Ռագուէլն անմիջապէս վեր կացաւ, համբուրեց նրան, շատ լաց եղաւ, 7օրհնեց նրան եւ ասաց. «Բարի ես դու եւ բարերար մարդու որդի»։ Իսկ երբ լսեց, որ Տոբիթի աչքերը կուրացել են, 8լաց եղաւ եւ տրտմեց. տրտմեցին նաեւ իր կին Հեդնան եւ նրանց դուստր Սառան։ Նրանք մեծ ուրախութեամբ ընդունեցին ու պահեցին նրանց։ 9Ապա նրանք հօտից մի խոյ մորթեցին, բազում խորտիկներ պատրաստեցին ու դրեցին նրանց առջեւ։ Տուբին ասաց Ռափայէլին. «Եղբա՛յր Ազարիա, այժմ ասա այն, ինչի մասին խօսում էիր ճանապարհին, որպէսզի քո ասածը լինի»։ Ռափայէլն այդ խօսքերը հաղորդեց Ռագուէլին. եւ Ռագուէլը Տուբիին ասաց. «Կե՛ր, խմի՛ր եւ ուրա՛խ եղիր, որովհետեւ քեզ է վիճակուած առնել իմ աղջկան։ Բայց քեզ ճշմարիտն ասեմ. ես իմ աղջկան տուել եմ եօթը մարդու, եւ երբ նրանք ցանկանում էին մերձենալ նրան, նոյն գիշերը մեռնում էին։ Իսկ այժմ, որդեա՛կ իմ, դու ուրախ եղիր»։ 10Տուբին ասաց. «Ես այստեղ ոչ մի բան չեմ ուտի, մինչեւ չվերջացնէք այս գործը»։ 13Ռագուէլն ասաց. «Ըստ օրէնքի, նրան վերցրո՛ւ քեզ, որովհետեւ դու աղջկան եղբայր ես գալիս, եւ թող նա քոնը լինի. 14թող ողորմածն Աստուած ձեզ բարին յաջողեցնի»։ 15Նա կանչեց իր դուստր Սառային, բռնեց նրա ձեռքից, տուեց Տուբիին կնութեան եւ ասաց. «Ահա՛, ըստ Մովսէսի օրէնքի, դու վերցրո՛ւ նրան եւ տա՛ր քո հօր մօտ»։ Եւ նա օրհնեց նրանց։ 16Ապա կանչեց իր կին Հեդնային եւ տան ամբողջ ունեցուածքը վերցրեց, տուեց աղջկան, մուրհակներով հաստատեց դրանք եւ կնքեց։ 17Նրանք սկսեցին ուտել, խմել եւ ուրախանալ։ 18Ռագուէլը կանչեց իր կին Հեդնային ու ասաց նրան. «Քո՛յր, դու պատրաստի՛ր միւս սենեակը եւ աղջկան տար այնտեղ»։ 19Կինը արեց այնպէս, ինչպէս հրամայել էր իրեն, եւ նրան տարաւ այնտեղ։ Աղջիկը լալիս էր, մայրը սրբում էր աղջկայ արտասուքները եւ ասում նրան. 20«Քաջալերուի՛ր, դո՛ւստրս, երկնքի եւ երկրի Տէրն այս տրտմութեան փոխարէն քեզ ուրախութիւն ու ցնծութիւն կը տայ, քաջալերուի՛ր, աղջի՛կս, քաջալերուի՛ր»։