Իմաստութիւն Սողոմոնի

12

ԱՍՏՈՒԱԾԱՅԻՆ ՊԱՏԺԻ ՉԱՓԱՒՈՐՈՒԹԻՒՆԸ ՔԱՆԱՆԱՑԻՆԵՐԻ ՀԱՆԴԷՊ

1Ամէն բանի մէջ է քո անեղծ հոգին։

2Դրա համար էլ մեղապարտներին յանդիմանում ես սակաւ առ սակաւ եւ յիշեցնելով, թէ ինչ մեղքեր են գործում, սովորեցնում ես, որ չարիքներից խուսափելով՝ հաւատան քեզ, Տէ՛ր։

3Դու ատեցիր նաեւ քո սուրբ երկրի հին բնակիչներին

4իրենց կատարած գարշելի գործերի՝ կախարդութիւնների, անսուրբ զոհաբերութիւնների, մանուկների անողորմ կոտորածների

5եւ աստուածութեանդ նուիրուած խորհրդաւոր ծէսերի ժամանակ՝ մարդկային մարմնի փորոտիք եւ արիւն ուտելու համար։

6Եւ այն ծերերին ու ծնողներին, որոնք սպանեցին անօգնական հոգիներին, դու կամեցար կորստի մատնել մեր հայրերի ձեռքով,

7որպէսզի այն երկիրը, որ ամենից թանկ էր քեզ համար, իր մէջ ընդունէր Աստծուն արժանաւոր ծառաներ։

8Բայց նրանց եւս, որպէս մարդկանց, խնայեցիր, արձակելով քո զօրքի առաջամարտիկներին՝ պիծակներին, որ սակաւ առ սակաւ սպանեն նրանց,

9թէեւ դու անզօր չէիր ամբարիշտների դէմ պատերազմելու արդարների ձեռքով կամ ամեհի գազաններով, կամ հէնց մի խօսքով միանգամից կործանելու նրանց.

10բայց դու կամաց-կամաց տեսնելով՝ ապաշխարութեան տեղ էիր թողնում՝ չմոռանալով սակայն, որ չար է նրանց արարքը, բնածին է նրանց չարութիւնը, եւ յաւիտեան չեն փոխուելու նրանց մտածումները,

11քանզի սկզբից եւեթ անիծուած էր նրանց ծնունդը։ Դու երկիւղ չէիր կրում որեւէ մէկից, երբ էիր շնորհում մեղաւորներին։

12Արդարեւ, ո՞վ կարող է ասել քեզ, թէ ինչ ես անում, եւ ո՞վ կարող է դէմ կանգնել քո դատաստանին, կամ ո՞վ կարող է քեզ կշտամբել ազգեր կործանելու համար, որ դու արել ես, եւ կամ ո՞վ կարող է քեզ հակառակուել՝ անիրաւ մարդկանցից վրէժխնդիր լինելու համար։

13Ո՛չ, քեզնից բացի չկայ այլ , որ հոգար բոլորի համար, որին յայտնի դարձնէիր, թէ անարդար չես դատել։

14Եւ ոչ մի թագաւոր ու ոչ մի բռնակալ չի կարող հայեացքը վեր բարձրացնել քո դէմ նրանց համար, ում պատժել ես դու.

15որովհետեւ արդար ես եւ արդարութեամբ ես կառավարում բոլորին։ Ով արժանի է պատիժ կրելու, պատժում ես, եւ քո ուժին օտար է անարդար պատիժը։

16Քո զօրութիւնը արդարութեան է, եւ բոլորի վրայ քո տիրելը մղում է քեզ բոլորին խնայելու։

17Դու թերահաւատին ցոյց ես տալիս քո ուժը կատարեալ զօրութեամբ եւ յանդիմանում ես նրանց, ովքեր չեն ճանաչում քո զօրութիւնը։

18Դու զօրութեամբ ես տիրում, բայց դատում ես հեզութեամբ եւ մեծ խնամքով խնամում ես մեզ, քանի որ քո զօրութիւնը քեզ հետ է միշտ, եւ դու երբ կամենաս, կարող է քո կամքը լինել։

ԱՍՏՈՒԱԾ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒՄ Է ԻՐ ԺՈՂՈՎՐԴԻՆ

19Այսպիսի գործերով էլ դու սովորեցրիր քո ժողովրդին, թէ արդարը պարտաւոր է մարդասէր լինել, եւ յոյս ներշնչեցիր քո որդիներին, թէ նրանց մեղքերին ապաշխարութիւն կը տաս։

20Եթէ քո ծառաների թշնամիներին եւ մահապարտներին այդչափ ներելով դու պատժեցիր եւ փրկեցիր՝ նրանց տեղ ու ժամանակ տալով, որ կարողանան ազատուել չարիքներից,

21ապա որքա՜ն ճշմարիտ դատեցիր քո որդիներին, որոնց հայրերի հետ եւ դաշինք ես կնքել՝ բարի աւետիք տալու համար։

22Արդ, մեզ խրատելու համար դու բիւրապատիկ պատժում ես թշնամիներին, որպէսզի մենք, քո բարերարութեան չափն առնելով, հոգատար լինենք եւ երբ դատուած լինենք, յուսանք ողորմութեան։

ԱՆԱՍՈՒՆՆԵՐ ՊԱՇՏՈՂՆԵՐԻ ՊԱՏԻԺԸ

23Ուստի եւ նրանց, որ անմիտ եւ տարապարտ կեանքով էին ապրել, դու տանջեցիր իրենց իսկ գարշելի կուռքերով,

24քանի որ նրանք շատ հեռու գնացին իրենց մոլորութեան ճանապարհներով եւ անմիտ երեխաների նման խաբուելով՝ աստուածներ համարեցին անգամ այն կենդանիներին, որ անարգ էին իրենց իսկ թշնամիների համար։

25Դրա համար էլ նրանց, ինչպէս անխօս մանուկների, դատաստանի փոխարէն ծաղր ու ծանակ արիր։

26Եւ որովհետեւ նրանք ծաղր ու ծանակի սաստից չխրատուեցին, Աստծու արժանի դատաստանին պիտի ենթարկուեն։

27Նրանք պատիժ են կրելու հէնց այն անասուններից, որոնց չարչարելիս զայրանում էին եւ որոնց աստուածներ էին համարում։ Եւ տեսնելով Նրան, ում առաջ ուրանում էին, ճանաչեցին, որ նա ճշմարիտ Աստուած է, եւ այդ պատճառով էլ դատապարտութեան նշանը եկաւ իրենց վրայ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն