Իմաստութիւն Սողոմոնի
13
ԱՍՏՂԵՐԻ ԵՒ ԲՆԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ
1Իսկապէս բնութեամբ յիմար էին բոլոր այն մարդիկ, որ աստուածգիտութիւն չունէին եւ անկարող էին տեսանելի բարի բաներից գիտենալ, թէ որն է Գոյը, եւ ոչ էլ նայելով գործերին՝ ճանաչեցին նրանց Ճարտարապետին։
2Այլ նրա փոխարէն աստուածներ համարեցին կա՛մ կրակը, կա՛մ հողմը, կա՛մ արագահոս օդը, կա՛մ աստղերի շրջանները, կա՛մ յորդ ջրերը եւ կա՛մ երկնային լուսատուները՝ աշխարհիս արբանեակները։
3Եւ եթէ դրանց գեղեցկութեամբ հրճուելով՝ նրանց աստուածներ կարծեցին, ապա պիտի գիտենային, թէ որքա՜ն առաւել եւս լաւ է դրանց Տէրը, որովհետեւ նա, որ գեղեցկութեան արարչապետն է, նա էլ ստեղծել է դրանք։
4Իսկ եթէ զարմանում են դրանց ուժի եւ ազդեցութեան վրայ, ապա թող իմանան, թէ որքա՜ն առաւել եւս զօրաւոր է նա, որ ստեղծել է դրանք.
5քանզի արարուածների մեծութիւնից եւ գեղեցկութիւնից՝ նոյն համեմատութեամբ էլ երեւում է դրանք արարչագործողը։
6Սակայն այդ մարդկանց մեղադրելու տակաւին քիչ բան կայ, քանի որ, թէեւ մոլորուած, բայց նրանք Աստուած են որոնել եւ ուզել են գտնել նրան։
7Անդրադառնալով նրա գործերին՝ քննում եւ տեսողութեամբ հաւանելով տեսանելիները՝ համոզւում են, թէ դրանք գեղեցիկ են։
8Բայց նրանք եւս արժանի չեն ներման,
9որովհետեւ եթէ կարողացան այդքան խելամուտ լինել, որ ընդունակ եղան զննելու աշխարհը, ապա ինչո՞ւ անմիջապէս չկարողացան յայտնաբերել նրա Տիրոջը։
ԿՈՒՌՔԵՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ
10Թշուառական են նաեւ այն մարդիկ, եւ մեռեալ իրերի վրայ է նրանց յոյսը, ովքեր աստուածներ համարեցին մարդկային ձեռքի գործերը, ոսկին եւ արծաթը, արուեստի ճարտար կերտուածքները, կենդանիների նմանութիւնները կամ նախնիների ձեռակերտ չնչին ինչ-որ քար։
11Եւ եթէ որեւէ ատաղձագործ, սղոցելով ինչ-որ գեղեցիկ մի ծառ, վարպետօրէն քերել է նրա ողջ կեղեւը եւ կեանքում օգտագործելու համար պատրաստել վայելուչ եւ պիտանի մի անօթ,
12իսկ տաշեղը վառել կերակուր պատրաստելու համար եւ յագեցել,
13կամ անպէտք, խոտելի եւ ծռտիկ-մռտիկ փայտը վերցրել ու տաշել է գործի խոր իմացութեամբ եւ իմաստուն խելամտութեամբ ձեւաւորել՝ նմանեցրել մարդու կերպարանքին
14կամ դարձրել անարգ կենդանու ճշգրիտ նմանութիւն, կրով ծեփել եւ կարմիր սնգոյրով ներկել այն, կաւով սուաղել նրա բոլոր խորդուբորդ մասերը,
15եւ նրա համար ըստ արժանւոյն տուն շինելով՝ դրել պատի մօտ եւ ամրացրել երկաթով,
16զգուշանալով, որ չկործանուի, որովհետեւ գիտէր, թէ նա ինքն իր անձին օգնել չի կարող, քանզի արձան է եւ կարօտ օգնութեան։
17Այնուամենայնիւ ամուսնութեան, որդիների եւ ունեցուածքի համար մօտենում ու շշնջում է այդ անշունչ կերտուածքին, աղաչում է եւ չի ամաչում,
18իր առողջութեան համար դիմում է այդ ապիկարին, իր կեանքի համար աղերսում է այդ մեռեալին, աղօթում է այդ անկարին, որ թեւ ու թիկունք լինի իրեն.
19եւ նրանից, որ ոտքն առաջ տանել չի կարող, ճանապարհորդութեան, հարստութեան եւ գործերի յաջողութեան համար է խնդրում, եւ նրանից, որ ձեռքը շարժել չի կարող, խնդրում է ձեռքերի կորով եւ արգասաւորութիւն։