Իմաստութիւն Սողոմոնի
14
ԿՈՒՌՔԵՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ՄԻ ՈՒՐԻՇ ՕՐԻՆԱԿ
1Դարձեալ. եթէ մէկը, նաւ բարձրանալով, կամենում է ճանապարհորդել ամեհի ալիքների վրայով, օգնութեան է կանչում այդ փայտին, որն աւելի տկար է, քան նաւի տախտակը,
2քանի որ թէեւ նաւը ստեղծուել է շահի ցանկութիւնից, եւ ճարտարապետն էլ իմաստութեամբ է կառուցել,
3սակայն քո նախախնամութիւնն է, Հա՛յր, որ վարում է այն, որովհետեւ դու ես, որ ծովի մէջ ճանապարհ եւ ալիքների մէջ ապահով շաւիղ ես տուել՝
4ցոյց տալով, թէ ամէն ինչից կարող ես փրկել մինչեւ իսկ նրան, ով ծով է մտել նոյնիսկ առանց փորձ ունենալու։
5Բայց դու կամենում ես, որ քո իմաստութեան գործը զուր չանցնի, դրա համար էլ մարդիկ իրենց անձերը վստահում են չնչին փայտին եւ, շրջելով ալիքների վրայով, փրկւում աննշան լաստի շնորհիւ։
6Արդարեւ, հէնց սկզբից, երբ կործանւում էին ամբարտաւան հսկաները, աշխարհի յոյսը, ապաւինելով լաստանաւին եւ ղեկավարուելով քո ձեռքով, փրկուեց, որ աշխարհի վրայ սերունդ լինի.
7քանզի օրհնեալ է այն փայտը, որով արդարութիւն է լինում,
8եւ անիծեալ է ձեռակերտ կուռքը, ինչպէս նաեւ այն շինողը, որովհետեւ նա կերտեց, իսկ այս եղծանելին աստուած անուանուեց։
9Առհասարակ Աստծուն ատելի են թէ՛ ամբարիշտը եւ թէ՛ նրա ամբարշտութիւնը,
10որովհետեւ գործն էլ, գործողն էլ հաւասարապէս պիտի պատժուեն։
11Դրա համար էլ հեթանոսների կուռքերի համար եւս դատաստան է լինելու, քանզի Աստծու արարածների մէջ նրանք գարշութիւն են, մարդկանց որդիների համար՝ գայթակղութիւններ, անզգամների համար՝ ոտքերի որոգայթներ։
ԿՈՒՌՔԵՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ԾԱԳՈՒՄԸ
12Պոռնկութիւնը սկիզբ առաւ կուռքերի հնարագործութիւնից, իսկ կեանքի ապականութիւնը՝ նրանց գիւտից։
13Ի սկզբանէ դրանք չեն եղել եւ յաւիտեան էլ չեն մնալու,
14դրանք աշխարհ եկան մարդկանց ունայնամտութեան հետեւանքով, ուստի նրանց վախճանն էլ շուտ է սահմանուած։
15Իր վաղամեռիկ որդու տարաժամ մահուան սգով թախծող մի հայր շինել տուեց նրա արձանը եւ արդէն մահացած այդ մարդուն մեծարեց որպէս աստուած եւ իր հպատակներին աւանդ թողեց գաղտնի ծէսեր եւ ընծաներ մատուցել։
16Յետոյ ամբարիշտ այդ սովորութիւնը մնաց երկար ժամանակ եւ պահպանուեց որպէս օրէնք, եւ բռնակալների հրամանով կուռքերը պաշտելու կարգ սահմանուեց։
17Իսկ նրանց, որ հեռու բնակուելու պատճառով մարդիկ չէին կարող դէմառդէմ պատուել, նոյն օրինակով քանդակեցին նրա հեռաւոր կերպարը եւ կերտեցին թագաւորի յայտնի պատկերը պատուելու համար, որպէսզի հեռաւորին, իբրեւ մօտիկի, ողոքեն փութաջանութեամբ։
18Անգէտների մէջ պաշտամունքի տարածմանը նպաստեց արուեստագէտ վարպետի փառասիրութիւնը, եւ նա շատ արձաններ կերտեց.
19քանզի նա, թերեւս ցանկանալով հաճելի լինել իշխանին, ջանք չխնայեց իր արուեստով նրա պատկերը քանդակելու իբրեւ գեղեցկութիւն։
20Իսկ բազմութիւնը, արուեստագէտի գործի հմայքից հրապուրուած, նրան, որ քիչ ժամանակ առաջ մեծարում էր որպէս մարդու, այժմ արդէն պաշտամունքի առարկայ դարձրեց.
21եւ դա էլ դարձաւ կեանքի որոգայթ եւ գայթակղութիւն, որովհետեւ ում ժամանակին մարդիկ ծառայում էին կարիքից ու բռնութիւնից դրդուած, այժմ արդէն նրա անհաղորդակցելի անունը դրին քարի ու փայտի վրայ։
ԿՈՒՌՔԵՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԻ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ
22Բաւական չէ, որ նրանք մոլորուել էին Աստծու գիտութիւնից, այլեւ, լինելով անգիտութեան պայքարի մէջ, դեռ այդ չարիքն էլ խաղաղութիւն էին կոչում՝
23մանկասպան զոհաբերութիւններ կամ գաղտնի ծէսեր կատարելով եւ կամ ուրիշ կրօններից մոլեգին անառակութիւններ վերցնելով։
24Նրանք սուրբ չեն պահում ո՛չ իրենց կեանքը եւ ո՛չ էլ ամուսնութիւնը. ընկերը կասկածամտութեամբ կա՛մ սպանում է ընկերոջը, կա՛մ թաքուն խաբէութեամբ խղճալի վիճակի է հասցնում նրան։
25Եւ խառնիխուռն է ամէն ինչ՝ արիւնը եւ սպանութիւնը, գողութիւնը եւ նենգութիւնը, ապականութիւնը, ուխտադրժութիւնը, խռովութիւնը, երդմնազանցութիւնը, գրգռութիւնը,
26բարի երախտիքների մոռացութիւնը, հոգեպղծութիւնը, այլասերուածութիւնը, ամուսնական անառակութիւնը, շնութիւնն ու գիջութիւնը։
27Արդարեւ, կուռքերի անունն ու նրանց պաշտամունքը հէնց բոլոր չարիքների սկիզբն են, պատճառն են ու վախճանը։
28Դրանք պաշտողները եթէ ուրախ են լինում, ապա մոլեգնում են, եթէ մարգարէանում են, ապա սուտ են, եթէ ապրում են, ապա՝ անիրաւութեամբ, եթէ երդւում են, ապա դրժում են իսկոյն։
29Եւ սուտ են երդւում, քանի որ յոյսը դրել են անշունչ կուռքերի վրայ, որոնցից պատժի ակնկալութիւն չունեն։
30Արդ, նրանց համար կրկնակի պատիժ պիտի լինի յիրաւի, քանի որ սխալ գաղափար ունեցան Աստծու մասին՝ ունկնդիր լինելով կուռքերին, եւ սուտ երդուեցին կուռքերին՝ արհամարհելով սրբութիւնը։
31Արդարեւ, ոչ թէ նրանց զօրութիւնն է, ում երդուեցին, այլ մեղաւորներին սահմանուած արդար դատաստանն է, որ պատժելու է ամբարիշտներին յանցանքների համար։