Իմաստութիւն Սողոմոնի
16
ԻՍՐԱՅԷԼԸ ՍՆՒՈՒՄ Է,
ՆՐԱ ԹՇՆԱՄԻՆԵՐԸ ՍՈՎԻ ՄԷՋ ԵՆ
1Բայց քանի որ նրանք վրիպեցին Աստծու ճանաչողութիւնից եւ նրա օրհնութիւնից, այդ պատճառով էլ, ըստ նրանց նմանութեան, արժանի պատիժ կրեցին՝ խոշտանգուելով ճիճուների բազմութիւնից։
2Այդ տանջանքների փոխարէն, սակայն, դու դիւրացրիր քո ժողովրդի դրութիւնը, նրա սաստիկ ցանկութեան համաձայն՝ նրա համար լորամարգուց նուրբ կերակուր պատրաստեցիր։
3Իսկ եգիպտացիները, որ կերակուր էին ցանկանում, իրենց վրայ ուղարկուած զզուելի անասունների պատճառով հրաժարուեցին անգամ անհրաժեշտ կերակուրն ուտելու ցանկութիւնից, մինչդեռ քո ժողովուրդը, սակաւ ինչ կարիքի մէջ մնալով, վայելում էր նոր տեսակի կերակուրներ,
4քանի որ թշնամիներդ իրենց գործած բռնութեան համար պէտք է անհրաժեշտ կարիքի մէջ ընկնէին, մինչդեռ քո ժողովրդին հարկաւոր էր ցոյց տալ միայն, թէ ինչպէս տանջուեցին իր թշնամիները։
ԵԳԻՊՏՈՍԸ ԵՒ ԻՍՐԱՅԷԼԸ. ՄՈՐԵԽՆԵՐ ԵՒ ՕՁԵՐ
5Բայց այն ժամանակ, երբ գազանների սոսկալի բարկութիւնը հասաւ նաեւ քո ժողովրդի վրայ, եւ մարդիկ մեռնում էին գալարապտոյտ օձերի հարուածներից,
6քո բարկութիւնը չտեւեց այնքան, որ նրանք իսպառ ոչնչանան, այլ որ մի կարճ ժամանակ խռովուեն, որպէսզի խրատուեն եւ փրկութեան նշան ունենան՝ յիշելու համար քո Օրէնքի պատուիրանները։
7Եւ ով շրջւում էր նայելու՝ փրկւում էր ոչ թէ իր տեսածի, այլ քո՛ շնորհիւ, որ փրկիչդ ես բոլորի։
8Դրանով իսկ համոզում էիր մեր թշնամիներին, թէ դու ես, որ փրկում ես ամէն չարիքից,
9որովհետեւ ոմանց մորեխի եւ մկների պատուհասները կոտորեցին, եւ նրանց համար բուժում չգտնուեց, քանի որ արժանի էին այդ պատուհասներից տանջուելու.
10իսկ քո որդիներին թունաւոր օձերի ժանիքներն իսկ չյաղթեցին, որովհետեւ քո ողորմածութիւնը անջրպետեց որդիներիդ եւ բուժեց նրանց։
11Քո խօսքերը յիշելով՝ նրանք վերստին պատուաստւում եւ փրկւում էին շուտափոյթ, որպէսզի խոր մոռացման մէջ չընկնեն եւ անպաշտպան չմնան քո բարերարութիւնից։
12Արդարեւ, նրանց ո՛չ դեղերը բժշկեցին եւ ո՛չ էլ սպեղանիները, այլ քո խօսքն է, Տէ՛ր, որ բուժում է ամէն ինչ.
13քանզի դու ունես կեանքի եւ մահուան իշխանութիւն, եւ դու ես դժոխք իջեցնում եւ հանում։
14Մարդը, սակայն, իր չարութիւնից է սպանութիւն գործում, եւ մարմնից դուրս ելած հոգին կրկին ետ չի գալիս,
15քանզի անհնարին է փախչել քո ձեռքից։
ԿԱՐԿՈՒՏ ԵՒ ՄԱՆԱՆԱՅ
16Ամբարիշտներն ուրացան քեզ ճանաչել, ուստի տանջուեցին քո բազկի զօրութեամբ։ Կարկտի նոր անձրեւներով եւ անդիմադրելի փոթորիկներով հալածուեցին ու ոչնչացան հրով։
17Բայց նորայայտ հրաշքն այն էր, որ ամէն ինչ հանգցնող ջրի մէջ կրակն աւելի ուժեղ էր գործում, քանի որ աշխարհը մարտնչում է արդարների համար։
18Երբեմն բոցը մեղմանում էր, որպէսզի ամբարիշտների վրայ արձակուած գազանները չայրուէին, այլ նրանք տեսնէին, որ խուճապի են մատնուել Աստծու դատաստանից։
19Երբեմն էլ ջրի մէջ աւելի ուժեղ էր բորբոքւում կրակի զօրութիւնը, որպէսզի ոչնչացնէր մեղանչական երկրի արդիւնքները։
20Դրա փոխարէն դու քո ժողովրդին սնեցիր հրեշտակների կերակրով եւ նրանց համար, առանց իրենց ջանքերի, երկնքից պատրաստի հաց տուեցիր, որ բաւարարէր բոլորի պահանջն ու հաճելի լինէր իւրաքանչիւրի ճաշակին։
21Քո գոյացրած սնունդը ցոյց տուեց քո որդիներին քո տածած քաղցրութիւնը նրանց նկատմամբ, եւ նրա համը մատակարարուելով ճաշակողներից իւրաքանչիւրին, փոխւում էր ամէն մէկի ցանկութեան համապատասխան։
22Ձիւնը եւ սառոյցը կրակի դէմ մնում եւ չէին հալւում, որպէսզի իմանայինք, թէ այն կրակը, որ այրւում էր կարկտի մէջ եւ փայլատակում անձրեւի ջրերում, ոչնչացնում էր թշնամիների պտուղը.
23եւ, ընդհակառակը, որպէսզի արդարները կերակրուէին, կրակը կորցնում էր իր զօրութիւնը։
24Քո արարածները, քեզ ծառայելով իբրեւ Արարչի, հզօրանում են անիրաւներին պատժելու ժամանակ եւ բարերարութեան դիմաց օրհնւում քեզ վրայ յոյս դնողներից։
25Դրա համար էլ կրակն այն ժամանակ, ամէն ինչով փոխուած, դառնում էր քո ամենափրկիչ պարգեւի սպասաւորը՝ քո կարօտեալների ցանկութեան համաձայն,
26որպէսզի քո որդիները, որոնց դու սիրեցիր, Տէ՛ր, սովորեն, թէ ոչ թէ արմտիքների արդիւնքներն են մարդուն կերակրում, այլ քո խօսքն է հաւատացեալներին պահում քեզ համար։
27Այն, ինչը չէր քայքայւում կրակից, յանկարծակի հալւում էր արեւի դոյզն ճառագայթներից ջերմանալով,
28որպէսզի յայտնի դառնայ, թէ պէտք է արեգակի ծագելուց առաջ ելնել՝ քեզ գոհութիւն տալու, եւ աղօթքի կանգնել լոյսը բացուելուց առաջ.
29քանզի անշնորհապարտ մարդու յոյսը պիտի հալուի ինչպէս ձմռան սառոյց եւ հոսի՝ իբրեւ անօգուտ ջուր։