Իմաստութիւն Սողոմոնի

17

ԽԱՒԱՐԸ ԵՒ ԿՐԱԿԷ ՍԻՒՆԸ

1Մեծ եւ անպատմելի են քո դատաստանները, դրա համար էլ անխոհեմ անձերը մոլորուեցին։

2Անօրէնները կարծում էին, թէ կարող են բռնադատել սուրբ ազգը, մինչդեռ նրանք կապուած էին խաւարին եւ երկարատեւ գիշերով կաշկանդուած, իրենց յարկի տակ արգելափակուած փախստականներ էին նրանք՝ լքուած յաւիտենական նախախնամութիւնից։

3Մտածելով, թէ իրենց մեղքերը գաղտնի են պահուած, նրանք յիմարութեան անճաճանչ առագաստի ներքոյ ցրուեցին ծայր աստիճան յիմարացած եւ խուճապի ու խռովքների մատնուած։

4Արդարեւ, այն մութ վայրը, որ թաքցնում էր նրանց, չփրկեց երկիւղից. նրանց սարսափեցնում էին իրենց շուրջը թնդացող բոմբիւնները, նրանց աչքին անժպիտ ու խոժոռադէմ ցնորքներ էին երեւում։

5Կրակի եւ ոչ մի ուժ չկարողացաւ լուսաւորել մութը, եւ խարոյկից ծնուած ոչ մի բորբոք բոց ի վիճակի չեղաւ փարատելու տխուր գիշերը։

6Նրանց միայն ինքնակէզ երկիւղալի խարոյկ էր երեւում, եւ դրա աներեւոյթ տեսիլքից զարհուրած՝ այն, ինչ տեսնում էին, համարում էին առաւել եւս մեծ չարիք։

7Նրանք ընկնում էին հմայական արուեստի խաբկանքների յաւակնոտ մտածումների մէջ եւ արժանանում թշնամանքով լի կշտամբանքի.

8որովհետեւ, ովքեր խոստանում էին հիւանդների հոգուց հալածել զարհուրանքն ու խռովքները, իրենք էին բռնւում ծաղրելի երկիւղի այդ ախտով։

9Թէպէտեւ նրանց ինչ-որ նորանշան բան չէր զարհուրեցնում, բայց ճիճուների անցնելուց եւ սողունների շչիւնից խուճապահար՝ դողալով մեռնում էին, վախենալով նայել անգամ այդ օդին, որից չէին կարող խուսափել ոչ մի կերպ։

10Արդարեւ, երկչոտն ինչ-որ առանձնայատուկ չարութիւն ունի, որն ինքն է վկայում՝ դատապարտելով իրեն եւ, խղճմտանքից նեղուելով, միշտ անհնարինն է կանխազգում,

11քանի որ երկիւղն այլ բան չէ, քան մտքի օգնականութիւնից զրկուած լինելը։

12Եւ քանի դեռ մէկի ներսը վախ կայ, փոքր է նրա ակնկալութիւնը, եւ շատ են չգիտակցուած այն պատճառները, որոնք տանջանքներ են յարուցում։

13Նրանք դժոխքի անմատչելի խաւարից վրայ հասած այդ սոսկալի գիշերը եւս քնեցին սովորական քնով,

14բայց մերթ սահմռկում էին ուրուատեսիլ ցնորքներից, մերթ լքուած հոգով վհատութեան էին մատնւում, քանի որ յանկարծահաս եւ անակնկալ ահը մերուել էր նրանց.

15եւ ով որտեղ էլ գտնւում էր, այնտեղ էլ ցած ընկաւ եւ վախից փակուեց չերկաթապատուած բանտի մէջ։

16Հողագործ լինէր թէ , կամ թէ դաշտային ծանր աշխատանքներով զբաղուող գործաւոր, ահով բռնուած՝ ընկնում էր անխուսափելի տագնապի մէջ,

17քանզի բոլորն էլ կապուել էին խաւարի անքակտելի մի շղթայով։ Եթէ հողմ էր փչում, կամ եթէ թանձրախիտ ոստերի միջից քաղցրաձայն թռչունների դայլայլ էր հնչում, կամ բուռն թափով հոսող յորդ ջրերն էին յորձանք տալիս,

18կամ գլորուող քարերի սպառնալից դղրդիւն էր լսւում, կամ կայտառ կենդանիների աներեւոյթ վազքի ոտնաձայն, կամ ահռելի գազանների գոչիւն, կամ լեռների քարանձաւներից անդրադարձող սրտաբեկ ձայն ու արձագանքներ, - այս ամէնը զարհուրեցրեց եւ յուսալքեց նրանց։

19Իսկ ողջ աշխարհը լուսաւորւում էր պայծառ լոյսով, եւ ամէն ոք աշխատում էր իր գործին ամուր կպած,

20մինչդեռ միայն նրանց վրայ էր տարածւում ծանր գիշերը, խաւարի այն պատկերը, որ ի վերջոյ պատելու էր նրանց. բայց իրենք իրենց վրայ աւելի ծանր էին, քան խաւարը։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն