Իմաստութիւն Սողոմոնի

18

ԿՐԱԿԷ ՍԻՒՆԸ

1Բայց մեծ էր լոյսը քո սրբերի համար. իսկ նրանք, որ ձայներ էին լսում, սակայն կերպարանքները չէին տեսնում, հէնց նրանք էլ երանի էին տալիս սրբերին, որոնք այդպիսի չարչարանքներ չկրեցին։

2Սրբերը իրենց կրած նախկին զրկանքների համար ոչ թէ անարգում, այլ գոհութիւն էին մատուցում Աստծուն եւ թողութիւն հայցում անցեալում տեղի ունեցածի համար։

3Խաւարի փոխարէն քո ժողովրդին առաջնորդում էր բոցի սիւնը անծանօթ ճանապարհին, որն անվնաս արեգակ էր նրանց համար՝ իրենց բազմախուռն գաղթի ժամանակ։

4Իսկ անօրէններն արժանի էին լոյսից զրկուելու եւ խաւարի մէջ արգելափակուելու, որովհետեւ արգելքի տակ էին պահում քո որդիներին, որոնց միջոցով անեղծ օրէնքի կենաց լոյսը պիտի պարգեւուէր աշխարհին։

ՈՂԲԵՐԳՈՒԹԵԱՆ ԳԻՇԵՐ ԵՒ ԱԶԱՏԱԳՐՈՒԹԵԱՆ ԳԻՇԵՐ

5Երբ նրանք խորհեցին կոտորել սրբերի երեխաներին, ու թէեւ նրանցից մի ընկեցիկ մանուկ փրկեցին, բայց դու, որպէս պատիժ, ոչնչացրիր նրանց բազմաթիւ որդիներին եւ բոլորին էլ կործանեցիր յորդահոս ջրերում։

6Այդ գիշերը նախագուշակ եղաւ մեր հայրերի համար, որպէսզի նրանք հաստատ տեսնելով այն երդումը, որին հաւատում էին, սրտանց հրճուէին։

7Եւ քո ժողովուրդն ակնկալեց ինչպէս արդարների փրկութիւնը, այնպէս էլ թշնամիների կորուստը։

8Արդարեւ, ինչով որ պատժեցիր հակառակորդներին, նոյն միջոցով էլ քեզ մօտ կանչելով՝ փառաւորեցիր մեզ։

9Ազնիւների որդիները գաղտնօրէն զոհաբերութիւններ էին կատարում եւ միաբան ուխտում սրբութեան օրէնքը, որը պահանջում էր, որ սրբերը հաւասարապէս հաղորդակից լինէին թէ՛ բարիքներին եւ թէ՛ զրկանքներին։

10Ուստի այնտեղ, ո՛վ , քաղցր օրհնութիւններ էին երգում, մինչդեռ հակառակ կողմից հնչում էր թշնամիների խառնաշփոթ բարբառը, եւ բարձրանում էր սգացող մանուկների խղճալի ձայնը։

11Նոյն ձեւով ծառաները տէրերի հետ տանջուեցին, եւ ռամիկը թագաւորի հետ նոյն չարչարանքը կրեց։

12Առհասարակ բոլորն էլ նոյն մահով մահացած անթիւ-անհամար մեռեալներ ունէին, այնպէս որ կենդանի մնացածները նոյնիսկ բաւական չէին թաղելու մեռածներին, որովհետեւ մի վայրկեանի մէջ կործանուել էր նրանց պատուական սերունդը։

13Ու թէեւ կախարդութիւնների պատճառով ոչ մի բանի չէին հաւատում, բայց տեսնելով իրենց անդրանիկ ծնունդների վախճանը, խոստովանեցին, որ դա քո ժողովուրդն է։

14Եւ մինչդեռ խաղաղ անդորրը պատել էր ամէն ինչ, եւ գիշերն արագօրէն իր ընթացքը կիսել,

15երկնային արքայական գահերից ամենազօր քո խօսքը ահեղ ռազմիկի նման հասաւ՝ կործանելու այս երկիրը։

16Քո անաչառ հրամանը պողպատէ սուսեր բերելով եւ միջամուխ լինելով՝ բոլորին մահ էր պատճառում. այնտեղ երկինքն էր քերում, այստեղ՝ հասնում երկրին։

17Այն ժամանակ յանկարծակի նրանց խռովեցին ծանր երազների ցնորքները, անսպասելի զարհուրանքները պաշարեցին նրանց,

18եւ մէկն այստեղ, միւսն էլ այլ տեղ կիսամահ ընկած՝ յայտնի էին դարձնում այն պատճառը, որից մեռնում էին։

19Նրանց խռովեցնող այդ երազները նոյնն էին նախագուշակում, որպէսզի նրանք չկործանուէին առանց իմանալու, թէ ինչու էին չարաչար տանջւում։

ԱՀԱՐՈՆԻ ՄԻՋԱՄՏՈՒԹԻՒՆԸ ԱՆԱՊԱՏՈՒՄ

20Թէեւ երբեմն-երբեմն արդարներն էլ մատնուեցին մահուան փորձութեան, եւ շատերը մահ գտան անապատում, բայց քո բարկութիւնը երկար չտեւեց,

21որովհետեւ անարատ մի այր շտապեց իր պաշտամունքի զէնքով՝ աղօթքով եւ խնկով յղելով իր ուղերձը քաւութեան համար՝ կանգնելու քո բարկութեան դիմաց եւ վերջ դնելու հարուածներին, դրանով իսկ ցոյց տալով, որ ինքը քո ծառան է։

22Եւ նա յաղթեց խուռներամ բազմութեանը ոչ թէ մարմնի ուժով կամ զէնքի զօրութեամբ, այլ սոսկ խօսքով հնազանդեցրեց պատժողին՝ յիշեցնելով հայրերի երդումն ու դաշինքը։

23Միմեանց վրայ շեղջ-շեղջ կուտակուած դիակների մէջ կանգնած՝ նա դադարեցրեց բարկութիւնը եւ ողջերի ու մեռածների միջով ճանապարհ բացեց։

24Նրա ծոպաւոր պարեգօտի վրայ ողջ աշխարհն էր դրուագուած, քառաշար թանկագին քարերի վրայ քանդակուած էր հայրերի փառքը, իսկ նրա գլխի թագի վրայ՝ քո մեծութիւնը։

25Դրանցից էլ խորշեց կործանիչը եւ հէնց դրանցից էլ զարհուրեց, քանզի բաւական էր միայն քո բարկութեան այդ փորձը։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն