Իմաստութիւն Սողոմոնի
19
ԱՆՑՈՒՄ ԿԱՐՄԻՐ ԾՈՎԻՑ
1Բայց անողորմ այդ բարկութիւնը ամբարիշտների վրայ տարածուեց մինչեւ վերջ, քանզի Տէրը գիտէր նրանց եւ նրանց կատարելիք գործերը.
2թէեւ նրանք արձակեցին քո ժողովրդին եւ շտապ ճանապարհեցին, սակայն փոքր-ինչ յետոյ զղջալով՝ սկսեցին հալածել,
3որովհետեւ քանի դեռ նրանք իրենց սգի մէջ էին եւ կոծում էին մահացածների գերեզմանների վրայ, ուրիշ մի անմիտ խորհուրդ էլ յղացան. նրանց, ում աղաչանքով ճանապարհել էին, սկսեցին հետապնդել որպէս փախստականների։
4Այդ տագնապը նրանց մղում էր դէպի այն վախճանը, որին արժանի էին իրենք, եւ այլեւս չէին մտաբերում անցեալի դէպքերը, որպէսզի մնացած տանջանքների պատիժները եւս իրենց լրումին հասնէին,
5քո ժողովուրդը գնար նոր ու սքանչելի ճանապարհով, եւ իր որդիները փառաւոր մահ գտնէին,
6որովհետեւ արարածներից իւրաքանչիւրը վերստին պիտի նորոգուէր ըստ իր բնութեան՝ հնազանդուելով քո հրամաններին։
7Եւ որպէսզի քո որդիներն անվնաս մնային, ամպը պիտի ծածկէր բանակը, ջուրը պիտի ցամաքէր, նրա տակից հողի յատակը երեւար, Կարմիր ծովի մէջ պիտի բացուէր անխափան մի ճանապարհ, իսկ յորդ ջրերի յորձապտոյտներից՝ ծաղկաւէտ մի դաշտ։
8Քո ձեռքի հովանու ներքոյ նրանք միահամուռ անցան այդտեղից՝ տեսնելով քո սքանչելի գործերը։
9Նրանք կերակրուեցին ձիերի նման եւ խայտացին գառների պէս՝ օրհնելով քեզ, Տէ՛ր, որ փրկեցիր իրենց։
10Նրանք տակաւին յիշում էին այն դէպքերը, որ տեղի ունեցան իրենց պանդխտութեան ժամանակ. թէ ինչպէս անասունների ծնունդների փոխարէն հողը խայթող մոծակներ դուրս բերեց, իսկ գետը ջրային էակների փոխարէն՝ գորտերի բազմութիւն։
11Յետոյ նաեւ թռչունի նոր տեսակի ծնունդ տեսան, երբ կերակրուելու ցանկութեամբ տենչալի խորտիկներ խնդրեցին։
12Նրանց համար, որպէս մխիթարութիւն, ծովից լորամարգիներ ելան, իսկ մեղաւորներին, ոչ առանց կանխերեւ հրաշքների, պատիժներ հասան բուռն բարկութեան կայծակների տեսքով. եւ նրանք արդարացի չարչարանք կրեցին իրենց չարութեան համապատասխան, որովհետեւ խիստ օտարատեաց էին։
ԵԳԻՊՏԱՑԻՆԵՐԸ. ԱՏԵԼՈՒԹԻՒՆ ՕՏԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԷՊ
13Ոմանք եկուոր անծանօթներին չէին ընդունում, իսկ ոմանք էլ բարեգործ հիւրերին ստիպում էին ծառայել իրենց։
14Եւ ոչ միայն այսքանը, այլեւ դատաստան է լինելու նրանց համար, ովքեր ատելութեամբ էին ընդունում օտարներին։
15Չէ՞ որ նրանք տօնական խնդութեամբ օտարականներին ընդունելուց յետոյ անտանելի վիշտ ու չարչարանքներ պատճառեցին նրանց, մինչդեռ սկզբի օրերին հաւասարներ էին միմեանց։
16Դրա համար էլ կուրութիւնը հարուածեց նրանց, ինչպէս մի ժամանակ այն մարդկանց, որ կանգնել էին արդարի դռանը. նրանց պատեց անշող ու անփարատ խաւարը, եւ նրանցից ամէն մէկն իր դռան ելքն էր փնտռում։
ԱՍՏՈՒԱԾ ՄԻ ՆՈՐ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹԵԱՆ ԱՐԱՐԻՉ
17Այսպէս ամէն ինչ ըստ պատշաճի փոխեց իր բնութիւնը, ինչպէս նուագարանի իւրաքանչիւր եղանակն է փոխում իր բնոյթը, սակայն միշտ նուագի նոյն հնչիւններն են մնում՝ ստեղծուած նոյն ձայնեղանակի համար։ Այս բանը ճշմարտօրէն կարելի է նկատել գոյերի փոփոխութիւնից։
18Չէ՞ որ ցամաքային կենդանիները տեղափոխւում էին ջրերի մէջ, իսկ ջրային կենդանիները վերադառնում էին ցամաք։
19Կրակն իր զօրութեամբ յաղթում էր ջրին, իսկ ջուրը մոռանում էր իր մարիչ բնութիւնը։
20Բոցերը չէին այրում-սպառում թափառող անասունների դիւրավառ մարմինները եւ ոչ էլ հալում էին սառցանման եւ դիւրահալ անուշ կերակրի տեսակը։
ՆԵՐԲՈՂ-ՎԵՐՋԱԲԱՆ
21Արդարեւ, ամէն ինչում դու բարձրացրիր եւ փառաւորեցիր քո ժողովրդին, Տէ՛ր, եւ ամէն ժամ ու ամենուրեք անտես չարեցիր նրան քո պաշտպանութեամբ։