Իմաստութիւն Սողոմոնի
5
1Այն ժամանակ արդարը շատ համարձակ պիտի կանգնի իրեն նեղողների հանդէպ, եւ նրանք, ովքեր արհամարում էին նրա վաստակը,
2տեսնելով նրան, պիտի խռովուեն սաստիկ երկիւղից եւ պիտի զարհուրեն նրա սքանչելի փրկութեան համար։
3Նրանք պիտի զղջան իրենց մտքում եւ հոգու նեղութիւնից ճնշուած՝ պիտի հառաչեն ու ասեն. «Սա այն մարդն է, որին մենք ծաղրում էինք մի ժամանակ եւ նախատինք էինք տալիս։
4Մենք՝ անմիտներս, նրա վարքը մոլորութիւն էինք համարում, իսկ նրա վախճանը՝ անարգանք։
5Բայց նա ինչպէ՞ս դասուեց Աստծու որդիների շարքը՝ դառնալով սրբերին վիճակակից։
6Ուրեմն մենք մոլորուեցինք ճշմարտութեան ճանապարհից, արդարութեան լոյսը չլուսաւորեց մեզ, եւ մեր սրտերում չծագեց արդարութեան արեգակը։
7Մենք խրուեցինք անօրէնութեան եւ կորստեան շաւիղների մէջ, գնացինք անկոխ անապատներով եւ չճանաչեցինք Տիրոջ ճանապարհները։
8Ի՞նչ շահ բերեց մեզ հպարտութիւնը, եւ ի՞նչ նպաստ բերեց մեզ հարստութեամբ պարծենալը։ 9Այդ ամէնն անցաւ ինչպէս ստուեր եւ թռաւ ինչպէս մարդու վաղանցուկ համբաւ,
10ինչպէս ուռած ջրերը ճեղքող նաւ, որի անցնելուց յետոյ անհնարին է գտնել նրա հետքերը եւ թողած շաւիղները ալիքների մէջ. 11կամ՝ ինչպէս օդում ճախրող թռչունը, որի ընթացքից չի մնում նշմարելի մի բան. մագիլներով բախուելով եւ ճեղքելով թեթեւ հողմը, նա բուռն ուժով մտնում է ոլորտից ոլորտ եւ, թեւերը թափահարելով, սլանում դէպի առաջ. դրանից յետոյ նրա սլացքից չի մնում եւ ոչ մի նշան.
12կամ՝ ինչպէս դէպի նպատակակէտն արձակուած նետ, որ թռչում է օդը ճեղքելով, բայց օդը կրկին արագ իրար է գալիս, եւ չգիտես, թէ նետը որտեղից անցաւ, - 13այդպէս էլ մենք. ծնուեցինք ու դադարեցինք գոյութիւն ունենալուց
14եւ չկարողացանք առաքինութեան ոչ մի նշան ցոյց տալ, այլ մաշուեցինք մեր իսկ չարիքների մէջ։
15Արդարեւ, ամբարշտի յոյսը կորչում է ինչպէս քամուց բարձրացուած փոշի, իբրեւ մրրիկից հալածուած մանրիկ եղեամ, իբրեւ հողմից ցրուած ծուխ կամ ինչպէս մէկ օրուայ հիւրի յիշատակ։
16Բայց արդարները պիտի ապրեն յաւիտեան. նրանց վարձը Տիրոջից է, եւ նրանց խնամքը Բարձրեալից։
17Դրա համար էլ նրանք Տիրոջ ձեռքից պիտի ընդունեն արքայութեան վայելչութիւնն ու գեղեցիկ թագը, քանի որ Տէրն իր աջով նրանց հովանի եւ իր բազկով նրանց պաշտպան է լինելու։
18Տէրը պիտի սպառազինուի իր նախանձախնդրութեամբ եւ պիտի զինավառի իր արարածներին՝ թշնամիներից վրէժ լուծելու համար.
19իբրեւ զրահ նա պիտի հագնի արդարութիւնը եւ անաչառ դատաստանը իբրեւ սաղաւարտ պիտի դնի գլխին,
20որպէս վահան պիտի վերցնի իր անպարտելի սրբութիւնը
21եւ որպէս հատու սուսեր պիտի սրի բարկութիւնը։ Եւ Տիրոջ հետ միասին ու խառն, աշխարհը պիտի պատերազմի անզգամների դէմ։
22Ամպերից, ինչպէս լայնալիճ աղեղներից, փայլակների կորովի նետեր պիտի տեղան եւ թռչեն դէպի նպատակակէտը,
23եւ բարկութիւնից, ինչպէս քարանետից, առատ կարկուտ պիտի թափուի, ծովի ջրերը պիտի զայրագին յորդեն նրանց վրայ, գետերը պիտի անխնայ ողողեն,
24բուռն հողմը պիտի հարուածի նրանց դէմքին եւ, ինչպէս մրրիկը, պիտի քշի նրանց։ Անօրէնութիւնը պիտի աւերի ողջ երկիրը, եւ խարդախութիւնը պիտի կործանի բռնակալների գահերը։