Իմաստութիւն Սողոմոնի
6
ԹԱԳԱՒՈՐՆԵՐԸ ՊԷՏՔ Է ՀԵՏԱՄՈՒՏ ԼԻՆԵՆ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ
1Լսեցէ՛ք, ո՛վ թագաւորներ, եւ հասկացէ՛ք.
2սովորեցէ՛ք, երկրի բոլո՛ր ծագերի թագաւորներ։
3Ակա՛նջ դրէք դուք, որ բազմութիւններ ունէք ձեր ձեռքի տակ եւ հպարտանում էք, որ տիրում էք բազում ազգերի վրայ.
4ձեզ այդ իշխանութիւնը Տիրոջ կողմից է տրուած, տէրութիւնը՝ Բարձրեալից. նա էլ հաշիւ է պահանջելու ձեր գործերի համար եւ քննելու է ձեր մտածումներ։
5Դուք նրա թագաւորութեան սպասաւորներն էք, բայց ուղիղ դատ չէք վարում, չէք պահում նրա օրէնքները եւ չէք հետեւում Աստծու կամքին, իսկ նա ահ ու տագնապով պիտի հասնի ձեզ վրայ,
6քանի որ իշխանների համար անաչառ դատաստան է լինելու, մինչդեռ ռամիկի համար կայ ներման ողորմածութիւնը։
7Հզօրներն աւելի խիստ են դատուելու,
8որովհետեւ Տէրը ոչ ոքի յատկապէս իր աչքի տակ չի ունենում, չի խորշում ոչ մի մեծութիւնից, քանզի ինքն է ստեղծել թէ՛ մեծին եւ թէ՛ փոքրին եւ հաւասարապէս խնամք է տածում բոլորի նկատմամբ։
9Բայց զօրաւորների նկատմամբ աւելի խիստ քննութիւն պիտի լինի։
10Արդ, ձեզ են ուղղուած իմ խօսքերը, ո՛վ բռնակալներ, որպէսզի իմաստութիւն սովորէք եւ չսխալուէք։
11Այն ամէնը, ինչ սուրբ է, պահեցէ՛ք սրբութեամբ, եւ դուք պիտի սրբանաք. նրանք, ովքեր սովորեն այդ բաները, պաշտպանութիւն պիտի գտնեն։
12Արդ, ձգտեցէ՛ք հետեւել իմ խօսքերին, փափագեցէ՛ք եւ պիտի խրատուէ՛ք։
13Լուսաւոր եւ անթառամ է իմաստութիւնը, դիւրին է յայտնւում իրեն սիրողներին եւ հեշտ է գտնւում փնտռողներից։
14Նա ինքն է հասնում իրեն ցանկացողներին՝ աւելի շուտ ճանաչուելու համար։
15Ով վաղ է ելնում նրան փնտռելու, նա չի չարչարուի, որովհետեւ դեգերելիս կը գտնի այն իր դռան մօտ։
16Նրա մասին մտածելն արդէն կատարեալ իմաստութիւն է, եւ ով տքնում է նրա համար, շատ շուտ էլ կը թեթեւանայ հոգսից։
17Արդարեւ, իմաստութիւնն ինքն է շրջում՝ գտնելու իրեն արժանի եղողներին, եւ քաղցրութեամբ յայտնուելով նրանց շաւիղների վրայ, ինքն է նրանց տալիս ամէն մի հնարագիտութիւն։
18Իմաստութեան սկիզբը իմաստութիւն սովորելու ճշմարիտ ցանկութիւնն է.
19իսկ սովորելու ցանկութիւնը նրա նկատմամբ տածած սէրն է, նրա օրէնքների պահպանութիւնը գութն է, նրա օրէնքների իւրացումը՝ անեղծութեան հաստատունութիւնը։
20Իսկ անեղծութիւնը մարդուն մօտեցնում է Աստծուն,
21եւ իմաստութեան ցանկութիւնը տանում է դէպի արքայութիւն։
22Արդ, ո՛վ ժողովուրդների բռնակալներ, եթէ իշխանութեան գահեր եւ մականներ էք տենչում, ապա պատուեցէ՛ք իմաստութիւնը, որպէսզի յաւիտեան թագաւորէք։
23Իսկ թէ ի՞նչ է իմաստութիւնը եւ ինչպէ՞ս է ծագել այն, ես կը պատմեմ.
24ես չեմ թաքցնի ձեզնից նրա գաղտնիքները, այլ այն կը քննեմ արարածների ստեղծման սկզբից եւ կը բացայայտեմ նրա իմացութիւնը։
25Ես չեմ շեղուի ճշմարտութիւնից եւ ոչ էլ նրան կը հետեւեմ այն անձի նման, որ մաշուել է նախանձից, քանի որ այդպիսի մէկը հաղորդ չէ իմաստութեանը։
26Իմաստունների բազմութիւնն աշխարհի փրկութիւնն է, իմաստուն թագաւորը՝ ժողովուրդների ամրութիւնը։
27Այսուհետեւ որպէս խրա՛տ առէք իմ խօսքերը եւ օգտուեցէ՛ք դրանցից։
Էջմիածին · HYEJB1994