Զաքարիա մարգարեյի գիրք

11

ՄԵԾ ԱՒԵՐԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ. ԱՆԱՐԺԱՆ ՀՈՎԻՒՆԵՐ

1Բա՛ց արա քո դռները, ո՛վ Լիբանան, թող կրակը լափի քո մայրիները։

2Թող ողբան նոճիները, քանզի մայրիները տապալուեցին, եւ մեծապէս թշուառացան մեծամեծ ծառերը։ Ողբացէ՛ք, ո՛վ Բասանի կաղնիներ, քանզի քանդուեց ծառախիտ անտառը։

3Ահա հովիւների ողբալու ձայնը. նսեմացել է նրանց մեծութիւնը։ Ահա առիւծների մռնչալու ձայնը. ամայացել է Յորդանան գետի վեհութիւնը։

4Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Արածացրո՛ւ քո հօտերը, որ մորթոտուելու համար են. նրանց գնողները կոտորում էին նրանց, վաճառում էին նրանց եւ ասում. “Թող օրհնեալ լինի Տէրը. մենք հարստացանք”։ Իսկ նրանց հովիւները բնաւ չէին ցաւում ոչխարների համար։

6Դրա համար էլ ես այլեւս չեմ խնայելու այդ երկրի բնակիչներին, - ասում է Տէրը. - ահա ես մատնելու եմ մարդկանց իւրաքանչիւրին իր ընկերոջ ձեռքը, նաեւ իր թագաւորի ձեռքը, նրանք պիտի զարկեն իրար, իսկ ես ոչ մէկին չեմ փրկելու նրանց ձեռքից»։

7Քանանացիների երկրում ես հովուութիւն պիտի անեմ այն հօտին, որ մորթոտուելու համար է, ինձ համար երկու գաւազան պիտի վերցնեմ, մէկը պիտի կոչեմ՝ Գեղեցկութիւն, իսկ երկրորդը՝ Վիճակ, եւ պիտի արածացնեմ հօտերը։ 8Մէկ ամսում ես վերացրի երեք հովիւներին, որովհետեւ իմ հոգին զզուել էր նրանցից, նրանց հոգիներն էլ զզուել էին ինձանից։

9Ես, ահա, ասում եմ. “Ձեզ չեմ հովուելու. ով մեռնելու է՝ թող մեռնի, ով սատկելու է՝ թող սատկի։ Մնացածներից ամէն մէկն էլ թող ուտի իր ընկերոջ մարմինը”։

10Ես պիտի վերցնեմ իմ գաւազանը՝ Գեղեցկութիւնը, պիտի նետեմ ցած՝ խզելու համար այն ուխտը, որ դրել եմ բոլոր ժողովուրդների հետ։ 11Այդ ուխտը պիտի խզուի այն օրը, եւ քանանացիները պիտի ճանաչեն իմ պահպանած հօտերը, քանզի սա Տիրոջ խօսքն է։

12Ես նրանց ասացի. “Եթէ ձեր աչքին հաճելի է թւում, ապա տուէ՛ք իմ վարձը, իսկ եթէ՝ ոչ, ասացէ՛ք”։ Եւ նրանք կշռեցին իմ վարձը՝ երեսուն արծաթ»։

13Տէրն ինձ ասաց. «Դու բովի մէջ գցիր դա, քննի՛ր, թէ այն փորձուա՞ծ է արդեօք այնպէս, ինչպէս ես, որ փորձուեցի նրանց կողմից իրենց համար»։ Ես վերցրի երեսուն արծաթը եւ Տիրոջ Տանը գցեցի բովի մէջ։ 14Ես դէն գցեցի իմ երկրորդ գաւազանը՝ Վիճակը, քանդելու համար այն ուխտը, որ դրել էի Յուդայի երկրի եւ Իսրայէլի միջեւ։

15Տէրը դարձեալ ինձ ասաց. «Դու հովուութիւն անելու համար վերցրո՛ւ մի տգէտ հովուի գործիքներ, 16որովհետեւ ահա ես մի տգէտ եմ դնելու այս երկրի վրայ։ Նա չի հոգալու նիհար ոչխարների համար, ցրուածին չի փնտռելու, վիրաւորուածին չի բուժելու, առողջին չի խնամելու, այլ ուտելու է ընտիր ոչխարների միսը եւ փշրելու նրանց ոտքերի ոսկորները»։

17Վա՛յ քեզ, ո՛վ անարժան հովիւ, որ աչքաթող ես անում քո հօտը։ Թող սուրը կտրի նրա բազուկը, թող հանի նրա աջ աչքը։

Էջմիածին · HYEJB1994