Զաքարիա մարգարեյի գիրք
12
ԵՐՈՒՍԱՂԷՄԸ ԵՆԹԱՐԿՒՈՒՄ Է ԱՂԷՏՆԵՐԻ
1Տիրոջ խօսքի պատգամը Իսրայէլի մասին։ Տէրը, որ տարածեց երկինքը եւ գցեց երկրի հիմքերը, որ մարդու մէջ հաստատեց նրա հոգին, այսպէս է ասում.
2«Ահա ես Երուսաղէմը պիտի դարձնեմ երերուն մի շեմք այն բոլոր ժողովուրդների համար, որոնք գտնւում են նրա շուրջը. Հրէաստանում էլ այդպէս է լինելու Երուսաղէմի պաշարման ժամանակ։ 3Այն օրը ես Երուսաղէմը որպէս մի քար պիտի դնեմ բոլոր հեթանոսների ոտքերի տակ, նրանք բոլորն էլ պիտի կոխոտեն այն, խիստ պիտի ծաղրեն, եւ նրա վրայ պիտի հաւաքուեն բոլոր ազգերը։ 4Այն օրը ես, - ասում է Տէրը, - կատաղութեան ախտով պիտի հարուածեմ նրանց երիվարներին, նրանց հեծեալներին էլ՝ խելագարութեամբ։ Բայց ես իմ աչքերը պիտի բացեմ Յուդայի տան վրայ, իսկ բոլոր ազգերի երիվարներին պիտի հարուածեմ կուրութեամբ։ 5Յուդայի երկրի հազարապետները պիտի ասեն իրենց սրտում. “Մենք Երուսաղէմի բնակիչներին կը գտնենք իրենց Ամենակալ Տէր Աստծու ձեռքում”։ 6Այն օրը Յուդայի երկրի հազարապետներին իբրեւ կիսախանձ ձողեր ես պիտի դնեմ կրակի փայտերի մէջ, իբրեւ հրավառ ջահեր պիտի դնեմ եղէգնի մէջ, նրանք աջից ու ձախից պիտի ուտեն շրջակայ բոլոր ժողովուրդներին, եւ Երուսաղէմը դարձեալ բնակելի պիտի լինի իր տեղում՝ Երուսաղէմում։
7Տէրը պիտի փրկի Յուդայի երկրի տոհմերը, ինչպէս առաջ, որպէսզի Դաւթի տան պարծանքը եւ Երուսաղէմի բնակիչների հպարտութիւնը բարձր չլինի Յուդայի երկրի համեմատ։ 8Այն օրը Ամենակալ Տէրը պիտի պաշտպանի Երուսաղէմի բնակիչներին, եւ ամենատկարը նրանց մէջ պիտի լինի Դաւթի պէս, իսկ Դաւթի տունը՝ Աստծու տան նման, Տիրոջ հրեշտակի պէս՝ նրանց առաջ»։ 9«Այն օրը ես պիտի բնաջնջեմ այն բոլոր ազգերին, որոնք կը յարձակուեն Երուսաղէմի վրայ։
ՀԱՄԱՏԱՐԱԾ ՍՈՒԳ ԵՐՈՒՍԱՂԷՄՈՒՄ
10Շնորհի ու գթութեան հոգի պիտի հեղեմ Դաւթի տան եւ Երուսաղէմի բնակիչների վրայ. նրանք իրենց հայեացքը պիտի դարձնեն դէպի ինձ, պարելու փոխարէն լաց ու կոծ պիտի անեն, ինչպէս ողբում են սիրելի էակի վրայ, սուգ պիտի անեն, ինչպէս սգում են անդրանիկ զաւակի վրայ։ 11Այն օրը չափազանց մեծ սուգ պիտի լինի Երուսաղէմում, ինչպէս դաշտում կտրտուած նռնենիների վրայ եղած սուգը։ 12Պիտի հեկեկայ երկիրը՝ ամէն մի ազգատոհմ՝ առանձին, եւ նրանց կանայք՝ առանձին, Դաւթի ազգատոհմը՝ առանձին, եւ նրանց կանայք՝ առանձին, Նաթանի ազգատոհմը՝ առանձին, եւ նրանց կանայք՝ առանձին, 13Ղեւիի ազգատոհմը՝ առանձին, եւ նրանց կանայք՝ առանձին, Սեմէիի ազգատոհմը՝ առանձին, եւ նրանց կանայք՝ առանձին։ 14Այդպէս էլ մնացած բոլոր ազգատոհմերը, ամէն մէկն՝ առանձին, եւ նրանց կանայք՝ առանձին»։