Զաքարիա մարգարեյի գիրք

13

ԿՈՒՌՔԵՐԻ ԵՒ ՍՈՒՏ ՄԱՐԳԱՐԷՆԵՐԻ ԿՈՐԾԱՆՈՒՄԸ

1Այն օրը Դաւթի տան համար պիտի բացուի ամէն մի վայր՝ նրա փոփոխման ու մաքրման համար։ 2Այն օրը Տէրը պիտի վերացնի կուռքերի անունները երկրից, նրանք այլեւս չպիտի յիշուեն. պիտի վերացնի երկրից սուտ մարգարէներին եւ պիղծ ոգիներին, եւ եթէ որեւէ մէկը դեռեւս մարգարէութիւն անի, նրա հայրն ու մայրը, որ ծնել են նրան, թող ասեն՝ «Դու չպիտի ապրես, որովհետեւ Տիրոջ անունից սուտ խօսեցիր»։ Նրա հայրն ու մայրը, որ ծնել են նրան, թող արգելեն մարգարէութիւն անել։ 4Այն օրը այդ մարգարէները պիտի ամաչեն իրենց մարգարէութիւն անելու ժամանակ՝ ամէն մէկն իր տեսիլքի համար, որովհետեւ նրանք սուտ խօսեցին եւ սուտ խօսելու պատճառով պիտի հագնեն մազեղէն քրձեր։ 5Նրանցից ամէն մէկը պիտի ասի. «Ես չեմ, այլ հողագործ մարդ եմ, ինձ մարդ է ծնել, եւ ես մարդ եմ իմ մանկութիւնից ի վեր»։ 6Եւ երբ ես նրան ասեմ՝ «Այդ ի՞նչ վէրքեր են քո ձեռքերի մէջ», նա կ’ասի՝ «Դրանք այն վէրքերն են, որ ես ստացել եմ իմ սիրելի ազգի տանը»։

7«Արթնացի՛ր, ո՛վ սուր, իմ հովուի վրայ եւ նրա ընկեր տղամարդու վրայ, - ասում է Ամենակալ Տէրը. - ես պիտի հարուածեմ իմ հովուին, եւ իմ հօտերը պիտի ցրուեն, ես իմ ձեռքը պիտի դնեմ իմ հովիւների վրայ։

8Եւ այն օրը, - ասում է Տէրը, - երկրում պիտի պակասի ժողովրդի երկու երրորդը, իսկ մէկ երրորդը պիտի մնայ նրա մէջ։ 9Այդ մէկ երրորդն էլ ես պիտի անցկացնեմ հրի միջով, պիտի հալեմ նրանց, ինչպէս արծաթն են հալում, պիտի փորձեմ նրանց, ինչպէս փորձում են ոսկին. այն ժամանակ նրանք պիտի կանչեն իմ անունը, եւ ես պիտի լսեմ նրանց ու ասեմ՝ “Սա է իմ ժողովուրդը”, իսկ նրանք պիտի ասեն՝ “Դու ես մեր Տէր Աստուածը”»։

Էջմիածին · HYEJB1994