Զաքարիա մարգարեյի գիրք

7

1Դարեհ թագաւորի չորրորդ տարում, իններորդ ամսի՝ Քասղեւ ամսի չորրորդ օրը Տիրոջ խօսքը հասաւ Զաքարիային։ 2Բեթէլից Սարասար ու Աբուսադ թագաւորները եւ իրենց մարդիկ ուղարկուեցին աղաչելու Տիրոջը 3եւ ասելու քահանաներին, որոնք Ամենակալ Տիրոջ տաճարում էին, նաեւ մարգարէներին, թէ մտա՞ւ այնտեղ հինգերորդ ամսում սրբութիւն անելու կարգը, որ անում էին շատ տարիներ։ 4Զօրութիւնների Տիրոջ խօսքը հասաւ ինձ եւ ասաց. 5«Խօսի՛ր այդ երկրի ժողովրդի եւ քահանաների հետ եւ կ’ասես. “Երբ դուք ծոմ էիք պահում եւ ողբում ահա եօթանասուն տարի շարունակ, հինգերորդ կամ եօթներորդ ամիսներին, մի՞թէ ինձ համար էիք ծոմ պահում. 6երբ ուտում էիք եւ խմում, մի՞թէ դուք ձեզ համար չէիք ուտում եւ խմում”»։

7Սրանք չե՞ն այն խօսքերը, որ խօսեց Տէրը իր նախկին մարգարէների միջոցով, երբ դեռ շէն էր Երուսաղէմը, բարիքներով լի, եւ բնակեցուած էին նրա շուրջը գտնուող թէ՛ լեռնային եւ թէ՛ դաշտային քաղաքները։

ԳԹՈՒԹԵԱՆ ԱՂԵՐՍ

8Տիրոջ խօսքը հասաւ Զաքարիային եւ ասաց.

9այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Արդար դատո՛վ դատեցէք, ողորմութի՛ւն եւ գթութի՛ւն արէք իւրաքանչիւրն իր եղբօրը։

10Մի՛ կեղեքէք այրուն, որբին, պանդխտին եւ տնանկին։ Թող ոչ ոք իր սրտում ոխ չպահի իր ընկերոջ դէմ՝ նրա գործած չարիքների համար»։

11Բայց նրանք լսել չուզեցին, այլ յիմարաբար իրենց թիկունքը շրջեցին եւ ծանրացրին իրենց ականջները՝ չլսելու համար։ 12Նրանք իրենց սրտերը անհնազանդ դարձրին՝ չլսելու համար իմ օրէնքներն ու խօսքերը, որ ուղարկեց Ամենակալ Տէրն իր Հոգով՝ նախորդ մարգարէների միջոցով, ուստի մեծ բարկութիւն եղաւ Ամենակալ Տիրոջ կողմից։

13«Եւ այնպէս պիտի լինի, որ, օրինակ, ինչպէս մէկը խօսում, եւ նրան չեն լսում, այնպէս էլ նրանք պիտի կանչեն, եւ ես չեմ լսելու նրանց», -ասում է Ամենակալ Տէրը։

14«Նրանց պիտի ցրեմ բոլոր ազգերի մէջ, որոնց չեն ճանաչում, եւ երկիրը պիտի աւերուի նրանցից յետոյ, որովհետեւ ոչ ոք չի լինելու, որ դուրս ելնի եւ վերադառնայ։ Նրանք ընտրեալ երկիրը ապականութիւն դարձրին»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն