Զաքարիա մարգարեյի գիրք

8

ՏԷՐԸ ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ ԵՒ

ԲԱՐՕՐՈՒԹԻՒՆ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ՍԻՈՆԻՆ

1Ամենակալ Տէրը խօսքն ուղղեց ինձ եւ ասաց.

2այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Ես նախանձով լցուեցի Երուսաղէմի համար, մեծ խանդով նախանձեցի Սիոնի համար, մեծ բարկութեամբ նախանձեցի նրա համար»։

3Այսպէս է ասում Տէրը. «Ես պիտի վերադառնամ եւ բնակուեմ Երուսաղէմում, Երուսաղէմը պիտի կոչեմ Ճշմարիտ , եւ Ամենակալ Տիրոջ լեռը՝ Սուրբ լեռ»։

4Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Դարձեալ ծերունիներ եւ պառաւներ պիտի նստեն Երուսաղէմի հրապարակներում, ապրած օրերի շատութիւնից՝ ամէն մէկը ցուպն իր ձեռքին։

6Քաղաքի հրապարակները պիտի լցուեն տղաներով ու աղջիկներով, որոնք պիտի խաղան նրա հրապարակներում»։ Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Եթէ այդ ժողովրդի մնացորդների համար այն օրերին դժուար որեւէ բան լինի, ապա մի՞թէ ինձ համար էլ պիտի դժուար լինի դա», - ասում է Ամենակալ Տէրը։

7Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Ահա ես պիտի փրկեմ իմ ժողովրդին արեւելեան երկրից եւ արեւմտեան երկրից,

8Պիտի բերեմ նրանց եւ բնակեցնեմ Երուսաղէմում, նրանք ինձ համար պիտի լինեն, իսկ ես նրանց համար՝ ճշմարտութեամբ եւ արդարութեամբ»։

9Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Ձեր ձեռքերը պիտի զօրանան, դուք, որ այժմ լսում էք մարգարէների այս խօսքերը այն օրից ի վեր, երբ նրանք եղել են Ամենակալ Տիրոջ տանը՝ նրա տաճարի հիմնարկէքը կատարելու եւ ապա այն կառուցելու ժամանակ։

10Այդ օրերից առաջ վարձ չէին տալիս մարդու՝ իր աշխատանքի համար, եւ ոչ էլ յարգի էր վարձը անասունների համար, խաղաղութիւն էլ չկար եկողի ու գնացողի համար՝ թշնամու տուած նեղութիւնից, քանի որ ես թշնամացրել էի բոլոր մարդկանց՝ իւրաքանչիւրին հանելով իր ընկերոջ դէմ։

11Բայց ես հիմա այդ ժողովրդի մնացորդների համար չեմ լինելու այնպէս, ինչպէս առաջին օրերին էի, - ասում է Ամենակալ Տէրը, - այլ խաղաղութիւն եմ տալու նրան։

12Այգին իր պտուղն է տալու, հողը տալու է իր բերքը, երկինքն իր ցօղն է տալու, եւ ես իմ ժողովրդի մնացորդներին եմ տալու այս բոլորը իբրեւ ժառանգութիւն։

13Ո՛վ Յուդայի տունդ եւ Իսրայէլի տունդ, դուք, որ էիք ազգերի մէջ, պիտի այնպէս լինի, որ ես նոյնպէս ձեզ պիտի փրկեմ, եւ դուք օրհնութիւն պիտի դառնաք. քաջալերուեցէ՛ք, եւ թող զօրանան ձեր ձեռքերը»։

14Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Ինչպէս խորհեցի ձեզ չարչարել - ասում է Ամենակալ Տէրը, եւ ես չզղջացի),

(քանի որ ձեր հայրերը բարկացրին ինձ,

15այնպէս էլ ես վերստին մտածել ու վճռել եմ այս օրերին բարիք անել Երուսաղէմին եւ Յուդայի տանը։ Քաջալերուեցէ՛ք։

16Սրանք են այն բաները, որ պիտի անէք. թող ամէն մէկը ճշմարտութիւնն ասի իր ընկերոջը. խաղաղութեա՛ն եւ արդա՛ր դատ արէք ձեր դռներին.

17թող ամէն մէկը իր սրտում չարիք չխորհի ընկերոջ դէմ. մի՛ սիրէք սուտ երդումը, որովհետեւ ես ատեցի այս բոլորը», - ասում է Ամենակալ Տէրը։

ՊԱՀԵՑՈՂՈՒԹԵԱՆ ՕՐԵՐԸ ՊԻՏԻ ԴԱՌՆԱՆ ՏՕՆԻ ՕՐԵՐ

18Ամենակալ Տէրը խօսքն ուղղեց ինձ եւ ասաց.

19այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Չորրորդ ամսի պահեցողութիւնը, հինգերորդի պահեցողութիւնը, եօթներորդի պահեցողութիւնը, տասներորդի պահեցողութիւնը խնդութեան, ուրախութեան եւ բարութեան պիտի դառնան Յուդայի տան համար, բայց դուք ուրա՛խ եղէք եւ սիրեցէ՛ք ճշմարտութիւնն ու խաղաղութիւնը»։

20Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Դարձեալ շատ ժողովուրդներ եւ շատ քաղաքների բնակիչներ պիտի գան .

21մի քաղաքի բնակիչները պիտի հաւաքուեն այլ քաղաքի բնակիչների մօտ եւ ասեն. “Գնանք աղօթենք Տիրոջ առաջ եւ խնդրենք Ամենակալ Աստծուն”։ Եւ այն ժամանակ ամէն մէկը պիտի ասի. “Ես էլ եմ գալիս”։

22Շատ ժողովուրդներ պիտի գան Երուսաղէմ՝ Ամենակալ Տիրոջը խնդրելու, որ իրենց հաշտեցնի Տիրոջ հետ»։

23Այսպէս է ասում Ամենակալ Տէրը. «Այն օրերին եթէ տասը մարդ բռնեն տարբեր լեզուներով խօսող ազգերից, ապա նրանք էլ պիտի բռնեն մի հրեա տղամարդու փեշից եւ ասեն. “ Մենք գալիս ենք քեզ հետ, որովհետեւ լսել ենք, որ Աստուած քեզ հետ է”»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն