Զաքարիա մարգարեյի գիրք
9
ՀԱՐԵՒԱՆ ԱԶԳԵՐԻ ԴԱՏԱՍՏԱՆԸ
1Տիրոջ խօսքի պատգամը Սեդրաքի երկրի մասին, նրա զոհի՝ Դամասկոսի մասին։ Արդարեւ, Տէրը տեսնում է բոլոր մարդկանց եւ Իսրայէլի բոլոր ցեղերին,
2նաեւ Եմաթի երկիրը, որ սահմանակից է նրան, Տիւրոսը եւ Սիդոնը, որոնք խիստ արհամարհեցին իրեն։
3Տիւրոսն իր համար ամրոց շինեց, հողի պէս արծաթ գանձեց, ճանապարհի կաւի պէս՝ ոսկի։
4Ահա դրա համար էլ Տէրը պիտի գրաւի այն, պիտի խորտակի նրա զօրութիւնը ծովի մէջ, եւ քաղաքը պիտի կործանուի հրով։
5Ասկաղոնը պիտի տեսնի դա եւ սարսափի, Գազան սաստիկ պիտի մորմոքուի, Իսկ Ակկարոնը, իր գործած յանցանքների պատճառով, պիտի տագնապի ամօթահար։ Գազայից վերանալու է թագաւորը, Ակկարոնը պիտի լինի անբնակ։
6«Ազոտոսում պիտի բնակուեն այլազգիներ, եւ ես պիտի ոչնչացնեմ նրանց գոռոզութիւնը։
7Նրանց արիւնը պիտի դուրս հանեմ իրենց բերանից, նրանց գարշութիւնները՝ իրենց ատամների միջից, իսկ մնացածները պիտի լինեն իմ՝ Աստծուս բաժինը. նրանք հազարապետներ պիտի դառնան Յուդայի երկրում, եւ Ակկարոնը պիտի լինի յեբուսացիների պէս։
8Ես պարիսպ եմ դնելու իմ տան համար, որպէսզի անցնող ու դարձող չանցնի այն, ոչ մի բռնակալ չհալածի նրանց, քանի որ իմ աչքերն արդէն պիտի լինեն նրանց վրայ»։
ՊԱՏԳԱՄ ՓՐԿՉԻ ԳԱԼՍՏԵԱՆ ՄԱՍԻՆ
9Ուրախացի՛ր խնդութեամբ, դո՛ւստրդ Սիոնի, կանչի՛ր ցնծութեամբ, դո՛ւստրդ Երուսաղէմի, ահա գալիս է քո թագաւորը քեզ մօտ, քո արդար, փրկագործ ու խոնարհ թագաւորը՝ հեծած էշի, էշի քուռակի վրայ։
10Կառքերը պիտի ոչնչանան Եփրեմի երկրից, երիվարները՝ Երուսաղէմից, պատերազմողի աղեղը պիտի խորտակուի, եւ նա խաղաղութիւն պիտի բերի մարդկանց ու ազգերին, պիտի տիրի ջրերի վրայ՝ ծովից մինչեւ ծով եւ գետերից մինչեւ երկրի ծագերը։
ԳԵՐԻՆԵՐԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ
11«Իսկ դու արեամբ կնքուած ուխտի համար պիտի արձակես քո գերիներին իրենց անջուր գբից,
12դուք պիտի ապրէք այդ ժողովրդի ապահով վայրերում, եւ ես քո պանդխտութեան մէկ օրուայ փոխարէն պիտի հատուցեմ քեզ կրկնակին։
13Ես քեզ, ո՛վ Յուդայի երկիր, ինձ համար պիտի լարեմ ինչպէս աղեղ, պիտի լցնեմ նաեւ Եփրեմի երկիրը, իսկ քո որդիներին, ո՛վ Սիոն, ոտքի պիտի հանեմ Յունաստանի դէմ, պիտի յեսանեմ քեզ ինչպէս ռազմիկի պողպատէ սուսեր»։
14Տէրը վերակացու պիտի լինի նրանց վրայ, նրա նետը պիտի թռչի ինչպէս փայլակ։ Տէրը, Ամենակալ Տէրը փող պիտի փչի եւ բարկութեամբ ու սպառնալիքներով պիտի գնայ նրանց դէմ։
15Ամենակալ Տէրը պիտի պաշտպանի նրանց, պիտի ոչնչացնեն նրանց, պիտի թաղեն նրանց պարսատիկի քարերի տակ, պիտի խմեն նրանց արիւնը ինչպէս գինի, եւ դաշտերը, զոհասեղանների նման, պիտի լցուեն նրանցով։
16Եւ այն օրը նրանց Տէր Աստուածը պիտի փրկի նրանց՝ իր ժողովրդին, ինչպէս ոչխարների, որովհետեւ նրանք սուրբ քարեր են՝ ընկած այդ երկրում,
17որովհետեւ ինչ բարիք որ կայ այնտեղ այդ ժողովրդինն է, ինչ լաւ բան՝ նոյնպէս նրանն է. երիտասարդների համար՝ ցորենի հաց, կոյսերի համար՝ անուշարար գինի։