Սոփոնիա մարգարեյի գիրք

3

ԸՆԴԴԷՄ ԵՐՈՒՍԱՂԷՄԻ

1Ո՛վ երեւելիդ՝ փրկեա՛լ , , որ ո՛չ ականջ դրեց Տիրոջ ձայնին եւ ո՛չ խրատն ընդունեց։

2Յոյսը չդրեց Տիրոջ վրայ եւ Աստծուն չմօտեցաւ։

3Նրա իշխանները առիւծի պէս պիտի մռնչեն, եւ նրա դատաւորները՝ արաբական գայլերի պէս, որոնք մինչեւ առաւօտ ոչինչ չեն թողնում։

4Նրա մարգարէները այսահար են, արհամարհող։ Նրա քահանաները պղծում են սրբութիւնները եւ ամբարշտանում օրէնքը խախտելով։

5Սակայն արդար Տէրը նրա մէջ է եւ անիրաւութիւն չի անի. ամէն առաւօտ կանուխ իմ դատաստանը ի յայտ կը բերի եւ չի թաքցնի,

6պահանջելիս չի ճանաչում անիրաւութիւն, երբեք անիրաւութիւն չի անի եւ ապականութեամբ կը կործանի ամբարտաւաններին։ Քանդուեցին նրանց աշտարակները։ «Կ’աւերեմ նրանց ճանապարհները, որպէսզի ոչ ոք այլեւս երբեք դրանցով չգնայ։ Կը պակասեն նրանց քաղաքները բնակիչներ չլինելու պատճառով։

7Ասացի, թէ՝ «Վախեցէ՛ք ինձնից, խրա՛տ լսեցէք եւ չէք մեռնի երկրի երեսից ամբողջովին, քանի դեռ կը պատժեմ նրանց։ Պատրաստուի՛ր, առաւօտեան վա՛ղ արթնացիր. ապականուեցին նրա բոլոր արդիւնքները։

8Դրա համար սպասի՛ր ինձ, - ասում է Տէրը, - այն օրը, երբ ոտքի կանգնեմ վկայելու։ Ազգերի դէմ իմ դատաստանը կը լինի՝ բռնել թագաւորներին, նրանց վրայ թափել իմ բարկութիւնը, իմ ամբողջ բարկութիւնն ու սրտմտութիւնը, քանի որ իմ վրէժխնդրութեան կրակով պիտի մաշուի ամբողջ երկիրը։

9Այն ժամանակ ժողովուրդներին կը վերադարձնեմ իրենց լեզուն ըստ ազգի, որպէսզի բոլորը Տիրոջ անունը կանչեն, որպէսզի նրանք ծառայեն նրան մէկ լծի տակ։

10Եթովպացիների գետերից այն կողմ իմ ցրուածներին կ’ընդունեմ, եւ նրանք կը մատուցեն ինձ։

11Այն օրը չես ամաչի քո բոլոր գործերից, որով ամբարշտացար իմ դէմ, որովհետեւ այն ժամանակ քո միջից պիտի հանեմ քո ամբարտաւան չարութիւնը, եւ այլեւս չես շարունակելու գոռոզանալ իմ սուրբ լերան վրայ։

12Քեզ կը թողնեմ հեզ եւ խոնարհ ։

13Իսրայէլի մնացորդները կը վախենան Տիրոջ անունից, անիրաւութիւն չեն անի, սնոտի բաներ չեն խօսի, եւ նրանց բերանում նենգ լեզու չի գտնուի, որովհետեւ նրանք կ’արածեն եւ կը մակաղեն, եւ ոչ մէկը չի լինի, որ վախեցնի նրանց»։

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

14Հրճուի՛ր, դո՛ւստր Սիոնի, բարձրաձայն աղաղակի՛ր, Երուսաղէ՛մ, ուրախացի՛ր եւ զուարճացի՛ր քո ամբողջ սրտով, դո՛ւստր Երուսաղէմի,

15որովհետեւ Տէրը վերացրեց քեզնից քո անիրաւութիւնները, Տէրը քեզ փրկեց քո թշնամիների ձեռքից. Իսրայէլի թագաւորը՝ Տէրը, քո մէջ է, եւ դու այլեւս չարիք չես տեսնի։

16Այն ժամանակ Տէրը կ’ասի Երուսաղէմին. «Քաջալերուի՛ր, Սիո՛ն, թող չթուլանան քո ձեռքերը։

17Հզօրը՝ Տէր , քո մէջ է եւ կը փրկի քեզ, ուրախութիւն կը բերի քեզ, կը նորոգի քեզ իր սիրով եւ ուրախ կը լինի քո մէջ զուարճութեամբ, ինչպէս տօնի օրը։ Ես կը հաւաքեմ քո ցրուածներին։

18Վա՜յ ով կը նախատի նրան։

19Ահա թէ ինչ կ’անեմ քեզ համար այն ժամանակ. կը փրկեմ ճնշուածին, մերժուածին կ’ընդունեմ եւ նրանց պանծալի ու հռչակաւոր կը դարձնեմ ամբողջ աշխարհում։

20Նրանք կ’ամաչեն ե՛ւ այն ժամանակ, երբ բարիք կ’անեմ ձեզ, ե՛ւ այն ժամանակ, երբ կ’ընդունեմ ձեզ, որովհետեւ անուանի եւ պանծալի կը դարձնեմ ձեզ երկրի բոլոր ազգերի մէջ՝ ձեր աչքերի առաջ փոխելով ձեր գերութեան վիճակը», - ասում է Տէրը։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն