Ա Եզրաս

3

Թագավորի թիկնապահների մրցումը

1Դարեհ թագավորը մեծ խնջույք արեց և հրավիրեց իր բոլոր պալատականներին ու ազգակիցներին, ինչպես նաև Մարաստանի, Պարսից աշխարհի և քաղդեացիների բոլոր մեծամեծներին, 2Հնդկաստանի կողմերից մինչև Եթովպիայի կողմերի հարյուր քսանյոթ սատրապությունների նախարարներին, զորագլուխներին ու կուսակալներին։ 3Նրանք կերան, խմեցին, հագեցան և ուրախացան։ Երբ խնջույքն ավարտվեց, Դարեհ թագավորը մտավ իր սենյակը և ելնելով իր գահույքի վրա՝ քնեց։ 4Այնժամ երեք պատանիներ, որ նրա սենեկապաններն էին, մինչ թագավորը քնած էր, և իրենք սենյակի ներսում պահպանում էին նրան, խոսեցին միմյանց հետ և ասացին. 5«Եկեք յուրաքանչյուրս մի բան ասենք, և ում խոսքը գերազանցի իմաստությամբ, քան իր ընկերներինը, Դարեհ թագավորը թող նրան մեծամեծ պարգևներ տա, և նա բոլորից ավելի մեծ ու անվանի դառնա, 6թող նա ծիրանի հագնի, ոսկե սպասքով խմի և ուտի, ոսկեղենի վրա նստի և ննջի, ոսկեսանձ երիվար վարի, բեհեզյա խույր դնի իր գլխին և ոսկե մանյակ՝ իր պարանոցին 7և իր իմաստության համար Դարեհի երկրորդ աթոռին նստի ու Դարեհի ազգական անվանվի»։ 8Այնժամ ամեն մեկը գրելով իր խոսքը, կնքեցին և դրեցին Դարեհ արքայի սնարի տակ՝ ասելով. 9«Երբ արթնանա, այդ գրությունները կտանք նրան. թագավորն ու պարսից երեք մեծամեծ իշխանները կընտրեն, և ում խոսքն ավելի իմաստուն լինի, նրան կտրվի հաղթողի պարգևը»։

10Առաջինը գրեց. «Ամեն ինչից ավելի հաղթող և հզոր է գինին»։ 11Երկրորդը գրեց. «Ամեն ինչից ավելի հաղթող և հզոր է թագավորը»։ 12Երրորդը գրեց. «Ամեն ինչից հաղթող և հզոր են կանայք, սակայն ամեն ինչից ավելի հաղթում է ճշմարտությունը»։ 13Եվ երբ թագավորն արթնացավ, վերցնելով գրվածքները, որ տվեցին իրեն, կարդաց, 14ապա կանչել տվեց Պարսից աշխարհի և Մարաստանի բոլոր մեծամեծներին, նախարարներին, սպարապետներին, կուսակալներին ու իշխաններին։ Եվ նստելով դահլիճում, գրվածքները կարդացվեցին բոլորի առաջ։ 15Թագավորն ասաց. «Կանչե՛ք այստեղ պատանիներին, և թող նրանք մեկնեն իրենց գրած խոսքերը»։ Երբ նրանք ներս կանչվեցին, 16նրանց ասացին. «Բացատրե՛ք մեզ ձեր գրածները»։

Գինու գովքի ճառը

17Սկսեց խոսել առաջինը, որ գրել էր գինու զորության մասին, ասելով այսպես. 18«Ո՜վ այրեր, ինչպե՞ս գինին հզոր չէ, քանի որ հիմարացնում է այն բոլոր մարդկանց մտքերը, ովքեր խմում են այն, 19թե թագավորների և թե տառապողների մտքերը մեկ է դարձնում, ինչպես նաև տիրոջ և ծառայի, հարուստի և աղքատի։ 20Բոլորի մտքերը դարձնում-շրջում է դեպի ուրախություն, և նրանք երբեք չեն հիշում ո՛չ տրտմություն և ո՛չ էլ ցավ։ 21Որովհետև բոլորի սրտերը լցնում է զվարթությամբ ու հարստության զգացումով, և չեն հիշում ո՛չ թագավոր, ո՛չ նախարար, մեծ-մեծ խոսել է տալիս։ 22Երբ խմում են, չեն հիշում սիրելիներին, եղբայրներին ու թշնամիներին, հաճախ էլ սուր են ճոճում։ 23Եվ երբ սթափվում են գինուց, չեն հիշում թե ի՛նչ են արել։ 24Ո՜վ մարդիկ, ինչպե՞ս գինին հզոր չէ, որ ստիպում է գործել այս ամենը»։ Եվ այս ասելով՝ լռեց։

Նոր Էջմիածին · HYEJB2017