Ա Եզրաս
4
Թագավորի գովքի ճառը
1Ապա սկսեց խոսել երկրորդը, որ գրել էր թագավորի հզորության մասին։ 2«Ո՜վ այրեր, արդյո՞ք հզոր չեն մարդիկ և չեն տիրում ծովի ու ցամաքի և նրանց մեջ եղած ամեն ինչի վրա։ 3Իսկ թագավորն ավելի հզոր է, քանի որ տիրում է ողջ երկրին ու մարդկանց և ինչ որ ասում կամ հրամայում է, անմիջապես կատարում են. 4եթե հրամայի կռվել միմյանց դեմ, չեն համարձակվի անտեսել նրա խոսքը։ Եվ եթե նրանց ուղարկի թշնամիների դեմ պատերազմի, անմիջապես գնալով՝ կանեն ամեն ինչ՝ տիրելու լեռներ, պարիսպներ և աշտարակներ։ 5Կսպանեն ու կմեռնեն, սակայն թագավորի հրամանը չեն կարող անտեսել, իսկ երբ հաղթեն, ողջ բարիքը կբերեն թագավորին։ 6Իսկ նրանք, ովքեր զորական չեն և չեն պատերազմում, այլ մշակում են երկիրը, երբ սերմանում ու հնձում են, իրենց արդյունքը բերում են թագավորին, մեկը մյուսին ստիպում է հարկեր հավաքել թագավորի համար։ 7Եվ թագավորը միակ հզոր իշխողն է բոլորի վրա, եթե հրամայի սպանել, կսպանեն, ապրեցնել՝ կապրեցնեն, 8շինել՝ կշինեն, քանդել՝ կքանդեն, 9տնկել՝ կտնկեն։ 10Ողջ աշխարհը հնազանդվում է թագավորի զորությանն ու հրամանին։ 11Արքան անում է այն, ինչ ուզում է. նա հանգիստ է վայելում, բազմում, ուտում, խմում և քուն մտնում, իսկ մյուս բոլորը շրջապատած պահպանում են նրան, լսում նրա հրամանը և չեն համարձակվում որևէ տեղ գնալ և կամ գործել ըստ իրենց կամքի՝ չհանդգնելով անտեսել թագավորի հրամանը։ 12Արդ, ո՜վ մարդիկ, ինչպե՞ս թագավորը հզոր չէ, որի հրամանի խոսքը այսչափ հզոր կերպով իշխում է բոլորի վրա»։ Եվ այս ասելով՝ լռեց։
Կնոջ գովքի ճառը
13Իսկ երրորդը, այսինքն՝ Զորաբաբելը, որ գրել էր կանանց և ճշմարտության հզորության մասին, սկսեց խոսել և ասաց. 14«Ո՜վ այրեր, եթե մեծ է թագավորը կամ շատ այլ մարդիկ, և եթե հզոր է գինին, այդ դեպքում ո՞վ է, որ հաղթում և տիրում է բոլորի վրա, ո՞չ արդյոք կանայք։ 15Որովհետև կանայք են, որ ծնում են թագավորներին, և բոլոր մարդիկ, որ տիրում են ծովին ու ցամաքին, 16նրանցից են ծնվում. կանայք են ծնել ու սնուցել մշակներին, որ այգիներ են տնկում, որտեղից և լինում է գինին։ 17Նրանք են, որ պատրաստում են տղամարդկանց հագուստները, որոնցով զարդարվում ու փառավորվում են մարդիկ, և մարդիկ չեն կարող ապրել առանց նրանց։ 18Եվ եթե հավաքեն ոսկի և արծաթ և այլ բարիքներ, մի գեղեցիկ կին տեսնելով՝ 19կդառնան դեպի նա և բերանբաց կնայեն նրան ու իրենց ողջ կամքով նրան ավելի կսիրեն քան ոսկին և արծաթը և մյուս բարիքները։ 20Թողնելով իր հորն ու մորը, որ ծնել ու սնել են իրեն, նաև իր երկիրը՝ մարդ գնում է իր կնոջ հետևից։ 21Եվ այդպես միանալով՝ ոգեխառնվում է նրա հետ՝ մինչև իսկ չհիշելով իր հորն ու մորը և իր հայրենիքը։ 22Սրանից դուք պետք է իմանաք, որ ձեզ վրա տիրում են ձեր կանայք, որովհետև ձեր աշխատանքի բոլոր արդյունքները բերում տալիս եք նրանց։ 23Երբ մարդ, վերցրած իր սուրը, գնում է հեռու ճանապարհ, որևէ բան շահում կամ հափշտակում և գողանում, կամ ծովի ու գետի վրա նավարկելով, 24գազանների հանդիպում և խավարում խարխափում, գողանալով, հափշտակելով և բոլոր նեղությունների միջով անցնելով՝ իր ողջ վաստակը բերում տալիս է իր կնոջը։ 25Որովհետև տղամարդն իր կնոջը ավելի է սիրում, քան իր հորը և մորը։ 26Շատերը խելագարվեցին և իրենց կանանց պատճառով ստրկության մեջ ընկան։ 27Շատերը կորստյան մատնվեցին, մեռան ու սպանվեցին, կանանց պատճառով սխալվելով՝ մեծամեծ մեղքերի մեջ ընկան։ 28Եվ այժմ ինձ չե՞ք հավատում. մի՞թե մեծ թագավորը անձնիշխան չէ, և մարդկանցից ոչ ոք չի համարձակվում նրան մոտենալ։ 29Բայց ահա ես տեսել եմ, թե ինչպես թագավորի հարճի դուստրը նստել էր թագավորի աջ կողմում 30և վերցնելով նրա գլխից թագը՝ դնում էր իր գլխին ու ապտակում թագավորին, 31իսկ թագավորը այդ բանի համար բնավ չէր բարկանում, այլ բերանը բացած նայում էր նրան. երբ նա ծիծաղում էր, ինքն էլ էր ծիծաղում, իսկ երբ տրտմում էր, թագավորը ողոքիչ խոսքեր էր ասում, մինչև որ նրա սիրտը շահեր։ 32Արդ, ո՜վ այրեր, ինչպե՞ս հզոր չեն կանայք, որ կարողանում են այս ամենն անել»։
Ճշմարտության գովքի ճառը
33Այնժամ թագավորն ու նրա մեծամեծները սկսեցին նայել միմյանց։ 34Իսկ Զորաբաբելն սկսեց խոսել ճշմարտության մասին և ասաց. «Ո՜վ այրեր, արդյո՞ք հզոր չեն կանայք։ Մեծ է երկիրը և բարձր է երկինքը, արագընթաց է արեգակը, որովհետև արշավելով երկնի կամարաձև խորանի տակով՝ մի օրում դարձյալ արագորեն սլանում հասնում է իր տեղը։ 35Իսկ նա, որ ստեղծել է այս ամենը, մի՞թե ավելի մեծ չէ։ Արդարև, ճշմարտությունը մեծ և հզոր է ամեն ինչից։ 36Ողջ երկիրն ապավինում է ճշմարտությանը, և երկինքը օրհնում է ճշմարտությունը, նրա առջև հալվում և դողում է ամեն ինչ, և ճշմարտության մեջ ոչ մի անիրավություն չկա։ 37Անիրավ է գինին, անիրավ է թագավորը, անիրավ են նաև կանայք, անիրավ են նաև մարդկանց բոլոր որդիները, անիրավ են նաև նրանց բոլոր գործերը, նրանց մեջ ճշմարտություն չկա, և կորչելու են իրենց անիրավության մեջ։ 38Իսկ ճշմարտությունը կա և կմնա հավիտյան հզոր. կենդանի է նա և իշխանություն ունի հավիտյանս հավիտենից։ 39Նրա մեջ կողմնակալություն գոյություն չունի, նա երբեք չի փոխվում, այլ գործում է արդարությամբ. նրանից մերժված են անիրավությունն ու չարությունը, ճշմարտության բոլոր գործերը հաճելի են ամենքին։ Նրա դատաստանում անիրավություն չկա, 40որովհետև ճշմարտությունն է թագավորների հզորությունը, իշխանությունն ու մեծությունը, օրհնյա՜լ է ճշմարտության Աստվածը»։ 41Եվ այս ասելով՝ դադարեց խոսելուց։ Եվ ողջ ժողովուրդն այնժամ բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Մեծ է ճշմարտությունը, հաղթող և հզոր»։
Թագավորի պատասխանը
42Ապա թագավորն ասաց նրան. «Խնդրի՛ր, ինչ որ ցանկանում ես, և ես ավելին կտամ, քան այն, ինչ գրված է, որովհետև բոլորից ավելի իմաստուն գտնվեցիր։ Նստի՛ր իմ երկրորդ աթոռին և իմ ազգակա՛նը անվանվիր»։ 43Այնժամ Զորաբաբելը թագավորին ասաց. «Հիշի՛ր այն ուխտը, որ ուխտեցիր Երուսաղեմի շինության համար, այն օրը, երբ ստացար քո թագավորությունը. 44դու ասացիր, որ պիտի վերադարձնես Երուսաղեմի ողջ սպասքը, որն արդեն առանձնացրել էր Կյուրոսը, երբ գրավել էր Բաբելոնը, և ուխտել էր վերադարձնել Տիրոջ սպասքը։ 45Դու ևս, արքա՛, ուխտեցիր կառուցել Տիրոջ տաճարը, որ այրեցին եդովմացիները, երբ քաղդեացիները Հուդայի երկիրը անապատ դարձրին։ 46Այժմ աղաչում եմ, իմ տե՛ր և թագավո՛ր, և խնդրում եմ քեզանից, այս մեծ պարգևը շնորհի՛ր ինձ. դրա համար աղաչում եմ քեզ, կատարի՛ր այն ուխտը, որ ուխտեցիր երկնավոր թագավորին, արա՛ այնպես, ինչպես որ ելավ քո բերանից»։ 47Այն ժամանակ Դարեհ թագավորը ոտքի կանգնելով համբուրեց Զորաբաբելին և նրան նամակներ տվեց՝ ուղղված բոլոր գավառապետներին, տեղապահներին, զորագլուխներին և նախարարներին, որ նրան ու նրա հետ եղողներին ճանապարհեն Երուսաղեմը կառուցելու։ 48Եվ Ստորին Ասորիքի, Փյունիկեի ու Լիբանանի բոլոր կուսակալներին նամակ գրեց, որ Լիբանանից մայրի փայտեր իջեցնեն Երուսաղեմ և Զորաբաբելի հետ քաղաքը կառուցեն։ 49Գրեց նաև իր թագավորության մեջ գտնվող բոլոր հրեաներին և նրանց ազատեց հարկերից։ Բոլոր զորականներին, նախարարներին, կուսակալներին ու գավառապետներին ասաց. «Թող ոչ ոք հարկի համար նրանց դռանը չմոտենա, 50նրանց բոլոր կալվածքները անհարկատու և ազատ պետք է լինեն և եդովմացիները գլխովին պետք է հեռանան այն գյուղերից ու վայրերից, որ հրեաներից են վերցրել։ 51Եվ տաճարի շինության համար թող արքունիքից տարեկան քսան տաղանդ տրվի, մինչև տաճարը կառուցվի։ 52Օրենքում գրվածի համաձայն՝ ամեն օր ողջակեզի սեղանին տասնյոթ զոհ մատուցելու համար թող տարեկան տասը տաղանդ ևս տրվի։ 53Եվ բոլորը, որ ելնելու են Երուսաղեմ քաղաքը շինելու, թող ազատներ դառնան և անհարկատու, ինչպես իրենք, այնպես էլ իրենց ազգակիցներն ու բոլոր քահանաները»։ 54Եվ հրամայեց գրել նաև, որ քահանաներին ռոճիկ ու պատմուճան տրվի՝ Տիրոջ պաշտամունքը կատարելու համար։ 55Գրեց նաև, որ ղևտացիներին ևս ռոճիկ տրվի մինչև այն օրը, երբ Տիրոջ տաճարը կառուցվի և Երուսաղեմը շինվի։ 56Եվ բոլոր նրանց, որ պահպանում էին քաղաքը, հրամայեց ժառանգական կալվածք ու ռոճիկ տալ։ 57Եվ ուղարկեց տաճարի ողջ սպասքը, որ Կյուրոսն առանձնացրել էր Բաբելոնից, և այն ամենը, որ ասել էր Կյուրոսը, Դարեհը նույնությամբ կատարեց ու Տիրոջ ողջ սպասքը տվեց տանելու։ 58Երբ Զորաբաբելը դուրս եկավ թագավորի մոտից, ձեռքերը պարզեց դեպի երկինք՝ Երուսաղեմի կողմը, և օրհնեց Տիրոջը՝ երկնքի թագավորին՝ ասելով. 59«Քեզանից է հաղթությունը, քեզանից է իմաստությունը, քեզ է վայել փառքը. ես քո ծառան եմ 60և օրհնում եմ քեզ, որ ինձ իմաստություն տվեցիր։ Գոհություն եմ մատուցում քեզ, մեր հայրերի՛ Աստված»։ 61Ապա առնելով նամակները և ճանապարհ ընկնելով՝ եկավ մտավ Բաբելոն ու ամեն ինչ պատմեց իր եղբայրներին։ 62Իսկ նրանք օրհնեցին իրենց հայրերի Աստծուն, որովհետև նրանց ազատություն և թողություն շնորհեց՝ 63ելնելու և կառուցելու Երուսաղեմն ու Տիրոջ տաճարը, որ կրում է նրա անունը։ Յոթ օր մեծ ուրախություն արեցին զանազան նվագարաններով հանդերձ։
Նոր Էջմիածին · HYEJB2017