Ա Եզրաս
5
Երուսաղեմ վերադարձի պատրաստությունը
1Այս ամենից հետո ընտրեցին տների, ազգատոհմերի և ցեղերի նահապետներ և առաջնորդներ, որպեսզի իրենց կանանց, որդիների, դուստրերի ու ծառաների հետ և իրենց ողջ ունեցվածքով մեկնեն Երուսաղեմ։ 2Դարեհը նրանց հետ ուղարկեց հազար ձիավորներ՝ նրանց ապահով Երուսաղեմ հասցնելու համար, և նվագարաններով՝ թմբուկով ու փողով, 3պարով ու ամենայն ուրախությամբ արձակեց Երուսաղեմ։
4Սրանք են այն մարդկանց անունները, որ Երուսաղեմ ելան, ըստ իրենց հայրերի անունների, ըստ իրենց տոհմերի և ընտանիքների։ 5Քահանաներից էր Ահարոնի որդի Փենեեսի սերնդից՝ Հովսեդեկի որդի Հեսուն։ Հովակիմը, նույն ինքը Զորաբաբելը՝ Սաղաթիելի որդին, Դավթի ազգից, Փարեսի տոհմից, Հուդայի ցեղից էր, 6որ Դարեհ արքայի առաջ խոսեց իմաստության խոսքերը, նրա թագավորության երկրորդ տարում, առաջին՝ Նիսան ամսին։
Գերությունից վերադարձողների անվանացանկը
(Բ Եզր. 2.1-70, Նեմ. 7.4-73)
7Սրանք են այն բոլոր հրեաները, որոնք Բաբելոնի Նաբուքոդոնոսոր արքայի գերությունից ազատվելով՝ ելան Երուսաղեմ։ 8Մեկնելով Երուսաղեմ՝ նրանցից ամեն մեկը բնակվեց Հուդայի իր հայրենի քաղաքում։ Զորաբաբելի և Հովսեդեկի որդի Հեսուի հետ նրանց առաջնորդներն էին նաև Նեեմիան, Զարեհը, Հռեսեն, Անանիան, Մուրդքեն, Բեեղսարը, Ասփարասը, Բորոելը, Հռուիբը և Բաանան։ 9Իսկ ըստ տոհմերի՝ մարդկանց և նրանց իշխանների թիվն այս է. Փորոսի որդիները երկու հազար հարյուր յոթանասուներկու հոգի էին, Սափատի որդիները՝ չորս հարյուր յոթանասուներկու, 10Արեսի որդիները՝ յոթ հարյուր յոթանասունվեց, 11Փաաթմովաբի որդիները, այսինքն՝ Հեսուի և Հռովաբի ժառանգները, երկու հազար ութ հարյուր տասներկու, 12Հելամի որդիները՝ երկու հազար երկու հարյուր հիսունչորս, Զատոնի որդիները՝ ինը հարյուր քառասունհինգ, Քորբեի որդիները՝ յոթ հարյուր հիսուն, Բանեի որդիները՝ վեց հարյուր քառասունութ, 13Բիբեի որդիները՝ վեց հարյուր քսաներեք, Արգեի որդիները՝ երեք հազար երեք հարյուր քսաներկու, 14Ադոնիկամի որդիները՝ վեց հարյուր յոթանասունյոթ, Բոսորի որդիները՝ երկու հազար վեց հարյուր վեց, Ադինեի որդիները՝ չորս հարյուր հիսունչորս, 15Ատեր Եզեկիայի որդիները՝ իննսուներկու, Իլանի և Զետի որդիները՝ վաթսունյոթ, Ազարի որդիները՝ չորս հարյուր երեսուներկու, 16Գերդալի որդիները՝ վեց հարյուր երեսուներկու, Անանիայի որդիները՝ հարյուր քսան, Արոմի որդիները՝ երեք հարյուր քսաներեք, Արսիփուրի որդիները՝ հարյուր տասներկու, 17Բետերի որդիները՝ երեք հազար իննսունհինգ, Բեթլովմի որդիները՝ հարյուր քսաներեք։ 18Նատոբից հիսունհինգ հոգի էին, Նատտայից՝ հարյուր հիսունութ, Բեթսամովթից՝ քառասուներկու, 19Կարիաթ-Յարիմից՝ քսանհինգ, Քափիրից և Բերովթից՝ յոթ հարյուր քառասունութ, 20Քադիասից և Ամիդից՝ չորս հարյուր քսաներկու, Կիմարից և Կաբեսից՝ վեց հարյուր քսանմեկ, 21Մակալովնից՝ հարյուր քսաներկու, Բետոլիամից՝ հիսուներկու։ Նեփիսի որդիները հարյուր հիսունվեց հոգի էին, 22Կալամոլի և Ոնիայի որդիները՝ յոթ հարյուր քսանհինգ, Հերեքոյի որդիները՝ երեք հարյուր քառասունհինգ 23Սանաասի որդիները՝ երեք հազար երեք հարյուր երեսունմեկ։ 24Իսկ քահանայի որդիները՝ Հեսուի որդի Հեդդուտի որդիները, և Անասիբի որդիները ինը հարյուր երեսուներկու հոգի էին, Եմմերի որդիները՝ հազար հիսուներկու, 25Փասորի որդիները՝ հազար երկու հարյուր քառասունհինգ, Քարմեի որդիները՝ հազար տասնյոթ։ 26Իսկ ղևտացիների որդիները՝ Հեսուինը՝ մեկ, Կոդոլիի, Բանեի և Սուդիի որդիները. յոթանասունչորս հոգի էին։ 27Քահանաների ազգից սաղմոսասացները՝ Ասափի որդիները՝ հարյուր քառասունութ։ 28Դռնապանները՝ Սալոմի որդիները, Ատերի որդիները, Տոլմանի որդիները, Գակուբի որդիները, Ատետի որդիները, Սաբեի որդիները, բոլորը միասին հարյուր երեսունինը հոգի էին։ 29Քահանաների ծառաներն էին՝ Եսավի որդիները, Ասիփայի որդիները, Տաբալի որդիները, Կերայի որդիները, Սուայի որդիները, Փաղեի որդիները, Լաբանի որդիները, Ագաբի որդիները, 30Ակուդի որդիները, Ուտի որդիները, Կետաբի որդիները, Ագաբի որդիները, Սուբայիմի որդիները, Աստանիղշ որդիները, Կաթուի որդիները, Գեդդուրի որդիները, 31Հարուի որդիները, Դեսանի որդիները, Նոբի որդիները, Ասեբի որդիները, Գազերի որդիները, Ոքոզիայի որդիները, Փանեի որդիները, Ասարայի որդիները, Բասեի որդիները, Ասանի որդիները, Մաանի որդիները, Նափիսի որդիները, Ակումի որդիները, Աքիփի որդիները, Ասուրի որդիները, Փարակի որդիները, Բասալովթի որդիները, 32Դեդանի որդիները, Կութի որդիները, Քարեսի որդիները, Բարքուսի որդիները, Սեսարի որդիները, Թոմայի որդիները, Նասի որդիները, Ատեփի որդիները։ 33Սողոմոնի ծառաների որդիներն էին՝ Սափփիովթի որդիները, Փարիդի որդիները, Հեելի որդիները, Լոզոնի որդիները, Սաելի որդիները, Սափիի որդիները, 34Ատիլի որդիները, Փաքարեի որդիները, Սաբիի որդիները, Սարովթի որդիները, Մասսեի որդիները, Գասի որդիները, Ադուսի որդիները, Սուբասի որդիները, Ափփերի որդիները, Բարովդի որդիները, Սափատի որդիները, Ալլոնեի որդիները։ 35Քահանաների ծառաները և Սողոմոնի ծառաների որդիները միասին երեք հարյուր յոթանասուներկու հոգի էին։ 36Բաբելոնից, Թերմալեթից և Թելեսիայից վերադարձողների իշխաններն էին Քարաթը, Ադանը և Ալլաարը։ 37Իսկ նրանք, որ չկարողացան պարզել իրենց նախահայրերին ու տոհմերը, և ապացուցել, որ Իսրայելից էին, Տուբանի որդի Դալանի որդիներն ու Նեկոդանի որդիները՝ վեց հարյուր հիսուներկու որդի։ 38Եվ քահանաներից նրանք, որ քահանայագործում էին, բայց չէին կարողացել ցույց տալ իրենց ծագումը, Որդիայի որդիներն էին և Ակբոսի ու Հոդուսի որդիները, որոնք իրենց կանանց առել էին Բերզելեի դուստրերից և կոչվել նրանց անուններով։ 39Եվ փնտրելով նրանց անունները ազգահամարի ցանկերում ու չգտնելով՝ նրանց հեռացրին և արգելեցին քահանայագործելու։ 40Եվ Նեեմիան ու Ատթարիան նրանց պատվիրեցին չմերձենալ սրբություններին, մինչև որ ընտրվի մի քահանայապետ, որը կկրի Հայտնությունն ու Ճշմարտությունը [Ուրիմ և Թումիմ]։ 41Եվ տասներկու տարեկանից վեր բոլոր իսրայելացիները, ստրուկներին ու աղախիններին չհաշված, քառասուներեք հազար երեք հարյուր վաթսուն հոգի էին։ Իսկ նրանց ստրուկներն ու աղախինները՝ յոթ հազար երեք հարյուր երեսունյոթ, սաղմոսասացներն ու երգիչները՝ երկու հարյուր քառասունհինգ։ 42Ուղտերը՝ չորս հարյուր երեսունհինգ, ձիերը՝ յոթ հազար քառասունվեց, ջորիները՝ երկու հարյուր քառասունհինգ, ավանակները՝ հինգ հազար հինգ հարյուր քսանհինգ։ 43Տոհմապետ իշխանները, գալով Երուսաղեմ, մտան Տիրոջ տաճարի վայրը և ուխտեցին վերականգնել տաճարը նույն տեղում, և ըստ իրենց կարողության, 44գործին նպաստելու համար գանձանակին մուծել հազար մնաս ոսկի, հինգ հազար մնաս արծաթ և հարյուր քահանայական զգեստ։ 45Եվ քահանաները, ղևտացիներն ու ժողովուրդը բնակվեցին Երուսաղեմում ու նրա շրջակայքում, իսկ սաղմոսասաց պաշտոնյաները, դռնապաններն ու ողջ Իսրայելը՝ իրենց գյուղերում և ագարակներում։
Տիրոջ պաշտամունքը վերսկսվում է
(Բ Եզր. 3.1-6)
46Յոթերորդ ամսին Իսրայելի բոլոր որդիները, ելնելով տարբեր տեղերից, հավաքվեցին ընդարձակ վայրում՝ արևելյան կողմի առաջին դարպասի մոտ։ 47Եվ Հեսուն՝ Հովսեդեկի որդին ու նրա եղբայրները, ինչպես նաև քահանաների ողջ բազմությունը, Զորաբաբելը՝ Սաղաթիելի որդին ու նրա եղբայրները պատրաստեցին Տիրոջ՝ Իսրայելի Աստծու զոհասեղանը, 48որպեսզի նրա վրա ողջակեզներ մատուցեն, ինչպես որ գրված է Աստծու այր Մովսեսի գրքերում։ 49Եվ նրանք հավաքվեցին՝ բաժանվելով երկրի հեթանոսներից, ու իր տեղում կանգնեցրին զոհասեղանը. և թեպետ հեթանոսները նրանց թշնամի էին, սակայն երկրի բոլոր ազգերը նրանց օգնում էին, նրանք ժամանակին ընծաներ ու պատարագ էին բերում և առավոտյան ու երեկոյան Տիրոջը զոհ մատուցում։ 50Եվ կատարեցին Տաղավարահարաց տոնը, ինչպես որ գրված է Մովսեսի օրենքում, ամեն օր զոհ մատուցելով, ինչպես որ հրամայված էր։ 51Եվ սրանից հետո իրենց ժամանակին մատուցում էին շաբաթվա ու ամսամուտի ողջակեզները, կատարում բոլոր սուրբ տոները։ 52Եվ նրանք, որ ուխտ էին արել Աստծուն՝ յոթերորդ ամսի ամսամուտից սկսեցին մատուցել իրենց ողջակեզները Տիրոջը՝ Աստծուն, թեև Տիրոջ՝ Աստծու տաճարը դեռ չէր կառուցվել։
Տաճարի վերականգնումը սկսվում է
(Բ Եզր. 3.7-13)
53Եվ դրամ ու կերակուր տվեցին քարագործներին ու հյուսներին, ինչպես նաև սիդովնացիներին ու տյուրոսցիներին, որպեսզի Լիբանանից նավերով մայրի ծառի փայտ բերեն դեպի Հոպպե նավահանգիստը, ինչպես որ նախապես նրանց հրամայել և գրել էր պարսից Կյուրոս թագավորը։
54Եվ իրենց՝ Երուսաղեմ մեկնելու երկրորդ տարվա երկրորդ ամսին Զորաբաբելը՝ Սաղաթիելի որդին, Հեսուն՝ Հովսեդեկի որդին ու նրանց եղբայրները, քահանաներն ու ղևտացիները և բոլոր նրանք, որ գերությունից վերադարձել էին Երուսաղեմ, սկսեցին կառուցել տաճարը։ 55Տիրոջ՝ Աստծու տան հիմնարկեքը կատարեցին Հուդայի երկիր և Երուսաղեմ իրենց գալու երկրորդ տարվա երկրորդ ամսվա ամսամուտին։ 56Եվ քսան տարեկանից բարձր ղևտացիներին կարգեցին Տիրոջ սպասարկության գործին. նշանակվեցին Հեսուն, նրա որդիներն ու եղբայրները, Կադմիել եղբայրը, Հեմադաբունի որդի Հեսուի որդիները և Եղիադունի որդի Հովդայի որդիները՝ իրենց եղբայրներով հանդերձ՝ բոլոր ղևտացիները միասին հսկում էին Տիրոջ տան շինարարությունը, 57իսկ քարագործ շինարարները կառուցեցին Տիրոջ տունը։ Եվ կանգնեցին քահանաները շքեղ զգեստավորված՝ նվագարաններով ու փողերով, մինչ ղևտացիները և Ասափի որդիները ծնծղաներ էին բռնել և սաղմոսերգում և օրհնում էին Աստծուն, ինչպես որ Իսրայելի Դավիթ թագավորն էր կարգել։ 58Մեծաձայն օրհնում և փառաբանում էին Տիրոջը՝ Աստծուն՝ Իսրայելի նկատմամբ ունեցած նրա բարերարության և փառքի հավերժության համար։ 59Ողջ ժողովուրդը մեծաձայն հնչեցնում էր իր փողերը և բարձրաձայն գոչում ու օրհնում Տիրոջը, որ կանգնեցրեց իր սուրբ տաճարը։ 60Ղևտացիներից, քահանաներից և իրենց հայրերի նահապետական կարգով տոհմերի գահերեցներից ու առաջնորդներից նրանք, որ տեսել էին առաջին շինված տաճարը, երբ եկան և տեսան վերաշինությունը, լաց եղան։ 61Եվ թեև մեծ էր բազում փողերի ու անչափ ուրախության ձայնը, 62ժողովրդի լացի ձայնից փողերի ձայնը չէր լսվում, թեպետև փողահարները բազմաթիվ էին, և ձայնը հեռավոր վայրերն էր հասնում։
Տաճարի վերականգման դեմ
(Բ Եզր. 4.1-5)
63Հուդայի ու Բենիամինի ցեղերի թշնամիները լսեցին այդ ձայնը և եկան տեսնելու, թե ի՛նչ է այս փողերի ձայնը։ 64Եվ իմացան, որ Բաբելոնի գերությունից եկողները կառուցում են Տիրոջ՝ Իսրայելի Աստծու տաճարը։ 65Մոտենալով Զորաբաբելին, Հեսուին՝ Հովսեդեկի որդուն ու այլ տոհմերի իշխաններին, ասացին. «Մենք ևս ձեզ հետ միասին կառուցենք Տիրոջ տաճարը, 66և ինչպես դուք, այնպես էլ մենք այն օրից, երբ Ասորեստանի Սալմանասար թագավորը մեզ գերեց ու բնակեցրեց այստեղ, լսում ենք և զոհ մատուցում Տիրոջը՝ Աստծուն»։ 67Իսկ Զորաբաբելը, Հեսուն՝ Հովսեդեկի որդին և Իսրայելի տոհմերի այլ իշխանները նրանց ասացին. «Պետք չէ, որ Տիրոջ՝ մեր Աստծու տունը մենք և դուք միասին շինենք։ 68Տիրոջ՝ Աստծու տաճարը միայն մենք պիտի շինենք, ինչպես որ հրամայեց մեզ պարսից Կյուրոս թագավորը։ 69Այս ազգերն, ի դեպ, Հուդայի թշնամիների դաշնակիցներն էին, 70որոնք Կյուրոս թագավորի ժամանակ խափանեցին շինարարությունը, որովհետև նա դեռևս իր կենդանության օրոք հրամայել էր շինել տաճարը, սակայն նրա մահից հետո, 71մինչև Դարեհի երկրորդ տարին, արգելք էին հանդիսացել։