Բ Մակաբայեցիներ

5

Անտիոքոսի երկրորդ արշավանքը դեպի Եգիպտոս

1Այդ ժամանակ Անտիոքոսն անտիոքացիների կողմերից երկրորդ անգամ հարձակվեց Եգիպտոսի վրա։ 2Այնպես պատահեց, որ քառասուն օր ամբողջ քաղաքի վրա՝ երկնքում և երկրի վրա, երևացին ոսկեզարդ հագուստներով նիզակակիր հեծյալներ։ 3Նրանք արշավում էին, հարձակվում ու բախվում միմյանց։ Պետք էր լսել ու տեսնել վահանների բախումը, աղեղների շաչյունը, սուսերների շողքը, դրոշների փողփողումը, նետերի շառաչյունն ու ոսկե զարդարանքի փայլը։ 4Բոլորը ծնկաչոք աղաչում էին, որ այդ տեսիլքը նախանշան լինի։

Յասոնը հարձակվում է Երուսաղեմի վրա

5Երբ հանկարծակի շշուկ տարածվեց, թե իբր Անտիոքոսը վախճանվել է, Յասոնը քսան հազարից ոչ պակաս սպառազեն զինվորներ վերցնելով, հարձակվեց քաղաքի վրա։ Պահապանները, դավից անակնկալի եկած, հետ քաշվեցին պարսպից, իսկ Մենելաոսն ապաստան գտավ միջնաբերդում։ 6Մոլեգնած Յասոնն առանց խնայելու իր համաքաղաքացիներին էր կոտորում իբրև թշնամիների, և չէր մտածում, որ տոհմակիցների ու համաքաղաքացիների հաշվին ձեռք բերված բարեկեցությունը մեծ թշվառություն է, այլ կարծում էր, թե թշնամիների և ոչ թե ազգակիցների վրա է հաղթության դրոշ բարձրացնում։ 7Սակայն նա իշխանության հասնել չկարողացավ, այլ ի վերջո կրեց դավաճանի նախատինքն ու փախավ ամովնացիների կողմերը։ 8Նա չար վախճանի արժանացավ. արաբների արքա Արետասը բանտարկեց նրան։ Հետո Յասոնը քաղաքից փախավ՝ բոլորի կողմից ատելի ու հալածական, իբրև օրենքի դեմ ընդվզող և պիղծ ու գարշելի համարվելով, իբրև հայրենիքի ու համաքաղաքացիների մատնիչ և դահիճ, վտարվեց ։ 9Շատերին իրենց երկրից տարագրած լինելով՝ ինքն էլ տարագիր կորավ օտարության մեջ 10անխնամ և առանց հագուստի. ոչ ոք չսգաց նրան, և արժանի չեղավ նախահայրերի գերեզմանին։

11Երբ արքան տեղեկացավ այդ դեպքերի մասին, կարծեց, թե Հուդայի երկիրն ապստամբել է իր դեմ։ Այդ պատճառով նա գազազած սրտով շտապ դուրս եկավ Եգիպտոսից և քաղաքը գրավելով՝ սրի քաշեց։ 12Նա զինվորներին հրաման տվեց, որ ով իրենց ձեռքն ընկնի, անխնա կոտորեն, իսկ ովքեր ապարանքներում ապաստանեն, նույն տեղում էլ սպանեն նրանց։ 13Տղամարդիկ ու ծերերն անխտիր կոտորվեցին, կանայք ու մանուկներն անխտիր սպանվեցին, կույսերն ու երեխաներն անխտիր սրի քաշվեցին։ 14Այդ երեք օրվա ընթացքում ընդհանուր առմամբ ութսուն հազար մարդ կործանվեց. քառասուն հազարը սրի քաշվեցին, մնացածն էլ ստրկության վաճառվեցին։

Երուսաղեմի տաճարի կողոպուտը

15Երբ նա չհագեցավ այս չարագործություններով, որոշեց ձեռք բարձրացնել ամբողջ աշխարհի ամենասուրբ սրբարանի վրա, հանդգնեց մտնել ՝ իբրև առաջնորդ ունենալով Մենելաոսին, որը օրենքի, երկրի ու ժողովրդի մատնիչն ու դահիճն էր դարձել։ 16Իրենց պիղծ ու անօրեն ձեռքերով վերցրին ու պիղծ մարդկանց բաշխեցին զոհասեղանի այն սուրբ սպասքը, որ ուրիշ թագավորներ ու այլ քաղաքներ նվիրել էին սրբարանին՝ ի բարգավաճումն ու ի փառս այդ վայրի։ 17Անտիոքոսը հպարտացել էր մտքում՝ առանց հասկանալու, որ այդ քաղաքի բնակիչների մեղքերի համար է բարկացել Տերը նրանց վրա, դրա համար էլ անարգվեց սուրբ վայրը։ 18Որովհետև եթե մեծ մեղքեր գործած չլինեին, ապա Անտիոքոսը ևս ներս մտնելուն պես կկործանվեր իր հանդգնության պատճառով, ինչպես որ եղավ Հելիոդորոսը, որին Սելևկիոս արքան ուղարկել էր՝ հաշվելու գանձերը։ 19Ոչ թե տեղի համար էր Տերն ընտրել ազգին, այլ ազգի համար էր ընտրել տեղը։ 20Դրա համար էլ տեղն ինքը բաժնեկից եղավ ազգի դժբախտություններին և այնուհետև մասնակից դարձավ նրա բարիքներին, և ինչ որ լքվել էր Ամենակալի բարկության ժամանակ, դարձյալ վերահաստատվեց ամբողջ փառքով, երբ Մեծն հաշտվեց։

Նոր կոտորած Երուսաղեմում

21Անտիոքոսը, հազար յոթ հարյուր քանքար հափշտակելով տաճարից, շտապ հասավ ՝ գոռոզամտությամբ կարծելով, թե կարող է ծովը ցամաքի վերածել և ցամաքը՝ ծովի։ 22Նա այնտեղ թողեց խիստ վերակացուներ, որպեսզի չարչարեն ժողովրդին։ Երուսաղեմում թողեց ազգով փռյուգիացի Փիլիպպոսին, որն իր բարքով ավելի ժանտ էր, քան նա, ով իրեն նշանակել էր այնտեղ, 23իսկ Գարիզինում՝ Անդրոնիկոսին։ Սրանց վրա էլ նշանակեց Մենելաոսին, որը նրանցից ավելի չար լինելով՝ դատ ու էր տեսնում քաղաքացիների հետ։ Հրեաների դեմ ատելությամբ լցված՝ 24Անտիոքոսը Մյուսիայի զորապետ Ապոլոնիոսին ուղարկեց քսան հազար զինվորներով, չհաշված նախկին հազար զինվորները, որպեսզի բոլոր չափահաս տղամարդկանց կոտորի, իսկ կանանց ու մանուկներին վաճառի։ 25Սա, երբ եկավ , նախ ձևացրեց, թե խաղաղությամբ է եկել, և այնտեղ սպասեց մինչև սուրբ օրը, ապա երբ տեսավ, որ հրեաները շաբաթ օրը գործ չեն անում, իր զինվորներին հրաման տվեց զորահանդեսի ելնել։ 26Ովքեր նայելու էին եկել այդ տեսարանը, սրակոտոր արեց։ Ապա սպառազինված զինվորները քաղաքում այստեղ-այնտեղ շարժվելով՝ դիաթավալ գետնին էին փռում բոլորին։

27Հուդա Մակաբեն, տասը հոգով փախուստի դիմելով, գնաց և լեռներում գազանների նման էր վարում իր խմբի հետ. ապրում էին խոտաբույսեր ուտելով, որպեսզի հեռու մնան պղծությունից։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն