Ամովս մարգարեյի գիրք

8

դ. Տեսիլք թռչնորսորդների գործիքի մասին

1Այսպես ցույց տվեց ինձ Տեր Տերը, և ահա թռչնորսորդների մի գործիք,

2և ասաց. «Ի՞նչ ես տեսնում, Ամո՛վս»։ Ասացի՝ թռչնորսորդների գործիք։ Եվ Տերն ինձ ասաց. «Վախճանը հասել է Իսրայելի իմ ժողովրդի վրա, և այլևս չեն շարունակի շրջանցել նրանց։

3Այն օրը տաճարի ձեղունները կողբան,- ասում է Տերը,- շատերը կկործանվեն, և բոլոր վայրերի վրա լռություն կբերեմ»։

Ագահությունն աղետ է բերում

4Լսե՛ք սա, որ նեղում էիք տնանկին առավոտյան ու հարստահարում աղքատին երեկոյան

5և ասում էիք. «Ե՞րբ պիտի անցնի այս ամիսը, որ շահ անենք, և այս շաբաթը, որ բացենք գանձարկղերը՝ չափը փոքրացնելու և կշիռը մեծացնելու, ստության կշռաքարեր սարքելու համար.

6որ արծաթով առնենք աղքատներին, տնանկներին՝ կոշիկների գնով, և մեր բոլոր վաճառքներից շահ ստանանք»։

7Երդվում է Տերը Հակոբի հպարտության համար, թե՝ «Իսպառ չեն մոռացվի ձեր բոլոր գործերը։

8Դրա համար երկիրը կխռովվի, նրա բոլոր բնակիչները սուգ կանեն, և կելնի նրա վախճանը գետի նման և կիջնի եգիպտացիների գետի պես»։

9«Եվ կլինի այն օրը,- ասում է Տեր Տերը,- որ արեգակը կմտնի միջօրեին, և երկրի վրա լույսը կխավարի ցերեկով։

10Ձեր տոները սգի կվերածեմ, և ձեր բոլոր երգերը՝ ողբի, քուրձ կգցեմ ամեն տարիքի մարդկանց վրա և բոլոր գլուխներին՝ ճաղատություն. նրա համար կդարձնեմ որպես սիրելիի սուգ, և նրանց համար, որ նրա հետ կլինեն՝ որպես ցավերի օր։

11Ահա գալիս են օրեր,- ասում է Տեր Տերը,- և սով կուղարկեմ , ոչ թե հացի սով և ոչ թե ջրի ծարավ, այլ Տիրոջ խոսքը լսելու սով։

12Ջրերը կհուզվեն ծովից մինչև ծով և հյուսիսից մինչև արևելք. կընթանան՝ Տիրոջ խոսքը փնտրելու, բայց չեն գտնի։

13Այն օրը ծարավից կնեղվեն գեղեցիկ կույսերն ու երիտասարդները,

14որոնք երդվում էին Սամարիայի քավության զոհերով և ասում. “Կենդանի է քո աստվածը, Դա՛ն, և կենդանի է քո աստվածը, Բերսաբեե՛”. կկործանվեն և այլևս ոտքի չեն կանգնի»։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն