Դանիէլ
10
Դանիելը խոստովանում է Իսրայելի մեղքը
1«Մարերի սերնդից Արշավիրի որդու՝ Դարեհի առաջին տարում, որ թագավորեց քաղդեացիների թագավորության վրա, 2ես՝ Դանիելս, գրքերից խելամուտ եղա այն տարիների թվին, որ Տիրոջ խոսքը եղավ Երեմիա մարգարեին՝ յոթանասուն տարիներ Երուսաղեմի ավերածության կատարման համար։ 3Եվ երեսս դարձրի դեպի Տերը՝ իմ Աստվածը, խնդրելով աղոթքներով և աղաչանքներով, պահքով ու խորգով. 4աղոթքի կանգնեցի առ Տերը՝ Աստված, գոհաբանություն հայտնեցի և ասացի. «Տե՛ր, մեծ և սքանչելագո՛րծ Աստված, որ պահում ես ուխտն ու ողորմությունը քո սիրելիների համար, որոնք պահում են քո պատվիրանները։ 5Մեղանչեցինք, անօրենություն և անիրավություն գործեցինք, ապստամբեցինք և խոտորվեցինք քո պատվիրաններից և քո արդարադատությունից 6և չլսեցինք քո ծառա մարգարեներին, որոնք մեր թագավորների, մեր իշխանների, մեր հայրերի և երկրի ողջ ժողովրդի հետ քո անունով խոսեցին։ 7Քոնն է, Տե՛ր, արդարությունը, և այս օրվա պես երեսի ամոթը՝ մերը, Հուդայի մարդունը, Երուսաղեմի բնակիչներինը և ողջ Իսրայելինը՝ մոտիկ ու հեռու գտնվողներինը ողջ երկրի վրա, այնտեղ, ուր ցրեցիր նրանց իրենց անհնազանդության պատճառով, որ չհնազանդվեցին քեզ։ 8Տե՛ր, մեր երեսի ամոթը մերն է, մեր թագավորներինը, մեր իշխաններինն ու մեր հայրերինը, որ մեղանչեցինք, 9իսկ գթությունն ու քավությունը՝ Տիրոջը՝ մեր Աստծունը. քանի որ ապստամբեցինք Տիրոջ դեմ 10և չլսեցինք Տիրոջ՝ մեր Աստծու ձայնը՝ գնալու նրա օրենքներով, որ դրեց մեր առաջ իր ծառա մարգարեների ձեռքով։ 11Ամբողջ Իսրայելը զանց առավ քո օրենքները և խոտորվեց, որ չլսի քո ձայնը, և քո ծառա Մովսեսի օրենքում գրված անեծքն ու երդումը եկան մեզ վրա, Տե՛ր, քանի որ մեղանչեցինք նրա դեմ։ 12Եվ հաստատեց իր խոսքերը, որ խոսել էր մեր դեմ և մեր դատավորների դեմ, որ դատում էին մեզ՝ մեծամեծ չարիքներ մեզ վրա բերելով, որ չեն եղել ողջ երկնքի տակ, ինչպես որ եղան Երուսաղեմում։
13Ինչպես որ գրված է Մովսեսի օրենքում, այն բոլոր չարիքները եկան մեզ վրա, բայց չաղաչեցինք Տիրոջ՝ մեր Աստծու առաջ՝ հետ դառնալու մեր հայրերի անիրավություններից և խելամուտ լինելու քո ողջ ճշմարտությանը։ 14Եվ Տերը՝ մեր Աստվածը, ելավ մեր չարիքների դեմ և դրանք մեզ վրա բերեց, որովհետև Տերը՝ մեր Աստվածը, արդար է իր բոլոր գործերի հանդեպ, որ արեց մեր դեմ, բայց չլսեցինք նրա ձայնը։ 15Եվ արդ, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, որ հզոր ձեռքով հանեցիր քո ժողովրդին եգիպտացիների երկրից և քեզ համար անուն ստեղծեցիր, ինչպես և այսօր. մեղանչեցինք և անօրենություն գործեցինք։ 16Տե՛ր, քո ողջ ողորմության շնորհիվ թող անցնի քո զայրույթը և վերանա քո բարկությունը քո քաղաք Երուսաղեմի և քո սուրբ լեռան վրայից, որովհետև մեղանչեցինք, և մեր ու մեր հայրերի անօրենության պատճառով Երուսաղեմը և քո ամբողջ ժողովուրդը որպես նախատինք եղան բոլորի համար, որ մեր շուրջն էին։ 17Արդ, Տե՛ր, Աստվա՛ծ մեր, լսի՛ր քո ծառայի աղոթքներն ու խնդրանքները և հանուն քեզ ցո՛ւյց տուր քո երեսը սրբարանին, որ ավերվեց։ 18Խոնարհեցրո՛ւ, Աստվա՛ծ իմ, քո ականջը և լսի՛ր ինձ, բա՛ց քո աչքերը և տե՛ս մեր ապականությունը և քո քաղաքինը, որի վրա դրված է քո անունը, որովհետև մեր արդարության պատճառով չենք մեր պաղատանքները քո առջև դնում, այլ հանուն քո բազում գթության, Տե՛ր։ 19Լսի՛ր, Տե՛ր, քավի՛ր, Տե՛ր, անսա՛, Տե՛ր, և հանուն քեզ մի՛ հապաղիր, Աստվա՛ծ իմ, որովհետև քո անունն է դրված քո քաղաքի վրա»։
Գաբրիելը բացատրում է մարգարեությունը
20«Եվ մինչ ես խոսում և աղոթքի մեջ էի, խոստովանում էի իմ մեղքերը և Իսրայելի ժողովրդի մեղքերը և պաղատանքներ էի դնում Տիրոջ՝ իմ Աստծու առաջ սուրբ լեռան համար, 21մինչ խոսում էի աղոթքի մեջ, ահա այն մարդը՝ Գաբրիելը, որին տեսնում էի նախկին տեսիլքի մեջ, թռավ և մոտեցավ ինձ մոտավորապես երեկոյան զոհաբերության ժամին 22և խելամուտ դարձրեց ինձ, խոսեց ինձ հետ և ասաց. “Դանիե՛լ, այժմ եկա խելամուտ դարձնելու քեզ։ 23Քո աղոթքի սկզբում պատգամ ելավ, և ես եկա պատմելու քեզ, քանի որ դու հաճելի մարդ ես։ Արդ, մի՛տքդ բեր այդ խոսքը և այդ տեսիլքը մի՛տքդ պահիր։ 24Յոթանասուն շաբաթ սահմանվեց քո ժողովրդի վրա և սուրբ քաղաքի վրա՝ մեղքերը վերջացնելու, անօրենությունները կնքելու, անիրավությունները ջնջելու, ամբարշտությունները քավելու, հավիտենական արդարություն բերելու, տեսիլքն ու մարգարեն կնքելու և Սրբություն սրբոցն օծելու համար։ 25Պիտի իմանաս ու խելամուտ լինես՝ այն ելած խոսքին պատասխան տալու։ Երուսաղեմի շինվելուց մինչև Օծյալ Առաջնորդը կա յոթ շաբաթ և վաթսուներկու շաբաթ։ Եվ կդառնան ու կշինվեն հրապարակներն ու պարիսպները, և կնորոգվեն ժամանակները։ 26Վաթսուներկու շաբաթ հետո Օծյալը կվերանա, և արդարադատություն չի լինի նրա մեջ. քաղաքն ու սրբարանը կկործանվեն առաջնորդի հետ, որ պիտի գա, և կջնջվեն հեղեղով, և մինչև սահմանված պատերազմի վախճանն ավերածություն կհաստատի և կզորացնի շատերի ուխտը։ Մեկուկես շաբաթ կդադարեցնի սեղաններն ու զոհաբերությունները և մինչև անկյան ծայրը՝ ավերածություն, մինչև որ վախճան ու տագնապ բերի ավերածության վրա։
27Եվ կզորացնի շատերի ուխտը։ Մեկուկես շաբաթ կվերանան զոհերն ու ընծաները, և տաճարի վրա կլինի “ավերածության պղծությունը”, և մինչև ժամանակի վախճանը ավերածությանը վերջ կտրվի”»։
Նոր Էջմիածին · HYEJB2017