Դանիէլ

11

Դանիելի վերջին մեծ տեսիլքը

1Պարսից Կյուրոս արքայի երրորդ տարում մի բան հայտնվեց Դանիելին, որի անունը կոչվեց Բաղդասար։ Ճշմարիտ է այն բանը, և մեծ զորություն ու հանճար տրվեց նրան տեսիլքի մեջ։ 2«Այդ օրերին ես՝ Դանիելս, ամբողջ երեք սգի մեջ էի։ 3Ախորժակով չկերա, միս ու չմտան իմ բերանը, և յուղով չօծվեցի մինչև ամբողջ երեք շաբաթվա վերջը։ 4Առաջին ամսվա քսանչորսերորդ օրը ես կանգնած էի մեծ գետի ափին, որ Տիգրիս-Դկլաթն է։ 5Բարձրացրի աչքերս, և ահա փառահեղ հագնված մի մարդ՝ իր մեջքին Ոփազի ոսկուց կապած։ 6Նրա մարմինը ծովագույն էր, նրա երեսը նման էր փայլակի տեսքի, նրա աչքերը՝ կրակի ճառագայթների, նրա բազուկներն ու ազդրերը՝ փայլուն պղնձի տեսքի, և նրա խոսքերի ձայնը՝ զորքի ձայնի։ 7Եվ միայն ես՝ Դանիելս, տեսա տեսիլքը, և այն մարդիկ, որ ինձ հետ էին, չտեսան տեսիլքը, այլ մեծ ահ ընկավ նրանց վրա, և զարհուրած փախան։ 8Ես մենակ մնացի և տեսա այն մեծ տեսիլքը, և իմ մեջ ուժ չմնաց. փառքս ոչնչության վերածվեց, և չդիմացա զորությանը։ 9Եվ նրա խոսքերի ձայնը լսեցի. նրա խոսքերի ձայնը լսելիս քարացել էի, և դեմքս գետին էր խոնարհվել։ 10Եվ ահա ձեռքն ինձ մեկնելով՝ ինձ ծնկներիս և ձեռքերիս թաթերի վրա կանգնեցրեց 11և ինձ ասաց. «Դանիե՛լ, հաճելի՛ մարդ, խելամո՛ւտ եղիր խոսքերիս, որ պիտի խոսեմ քեզ հետ, և մնա՛ քո տեղում, որովհետև այժմ ուղարկվեցի քեզ մոտ»։ Եվ երբ նա ինձ հետ այս բաներն էր խոսում, դողալով ոտքի ելա։ 12Եվ ինձ ասաց. «Մի՛ վախեցիր, Դանիե՛լ, որովհետև այն օրվանից, երբ սիրտդ տվեցիր խելամուտ լինելու և վշտանալու քո Աստծու առաջ, քո խոսքերը լսելի եղան, և ես եկա քո խոսքերի պատճառով։ 13Պարսից թագավորության իշխանը քսանմեկ օր ինձ հակառակվում էր, և ահա Միքայելը՝ առաջին իշխաններից մեկը, եկավ ինձ օգնելու, և թողեցի նրան այնտեղ՝ պարսից թագավորության իշխանի հետ, 14և եկա քեզ խելամուտ դարձնելու, թե վերջին օրերին ինչքա՛ն և ի՛նչ դեպքեր են անցնելու քո ժողովրդի վրայով, որովհետև այդ տեսիլքն օրերի համար է»։ 15Եվ երբ նա ինձ հետ այս խոսքերով խոսում էր, երեսիս վրա գետին ընկա և քարացել էի։ 16Եվ ահա մեկը՝ մարդու որդու նմանությամբ, մոտենում էր իմ շրթունքներին. բերանս բացեցի, խոսեցի և ասացի այն մարդուն, որ իմ դիմացն էր. «Տե՛ր, երբ դու ինձ երևացիր, փորս խռովվեց իմ մեջ, և զորություն չկար իմ մեջ։ 17Ինչպե՞ս պիտի կարողանա քո ծառան, տե՛ր, խոսել իմ տիրոջ հետ։ Իմ մեջ պահելու զորություն այլևս չկա, և շունչ չմնաց իմ մեջ»։ 18Եվ մարդու տեսքով մեկն է՛լ ավելի ինձ մոտեցավ և ինձ զորացրեց։ 19Եվ ասաց. «Մի՛ վախեցիր, հաճելի՛ մարդ, խաղաղությո՛ւն քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր»։ Երբ նա ինձ հետ խոսում էր, զորացա և ասացի. «Թող խոսի տերը, որովհետև ինձ զորացրիր»։ 20Եվ ասաց. «Գիտե՞ս, թե ինչո՛ւ եկա քեզ մոտ. արդ վերադառնում եմ տալու պարսից իշխանի դեմ. ես գնում էի, և գալիս էր հունաց իշխանը։ 21Բայց կպատմեմ քեզ, ինչ սահմանված է ճշմարտության գրքում, և ոչ ոք ինձ օգնական չէ այս բաներում, բացի ձեր Միքայել իշխանից»։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն