Դանիէլ

12

Պատերազմ Պարսկաստանի և Հունաստանի միջև

1«Ես Կյուրոսի առաջին տարում ամուր և զորեղ էի։ 2Արդ քեզ կպատմեմ ճշմարտությունը։ Ահա երեք թագավորներ կբարձրանան պարսից երկրի վրա, և չորրորդը մեծ հարստությամբ բոլորից ավելի հարուստ կլինի, և նա իր հարստությամբ հզորանալուց հետո կհարձակվի հույների թագավորությունների վրա։

3Հզոր թագավոր կբարձրանա, կտիրի մի մեծ տերության և կգործի ըստ իր կամքի։ 4Եվ երբ բարձրանա, նրա թագավորությունը կփշրվի ու կբաժանվի երկնքի չորս հողմերին, բայց ո՛չ ըստ նրա վախճանի, ո՛չ էլ ըստ նրա տերության, որին տիրեց, քանի որ նրա թագավորությունը կխլվի, և կլինի ուրիշներինը, բացի իրենցից։ 5Հարավի թագավորը կզորանա, իսկ իշխաններից մեկը կհզորանա նրա դեմ և կտիրի մի մեծ տերության։ 6Իրենց տարիներից հետո կխառնակվեն միմյանց հետ, և հարավի արքայի դուստրը կմտնի հյուսիսի արքայի մոտ՝ նրա հետ դաշինք կնքելու, բայց չի դիմանա բազկի զորությանը, և նրա սերունդը չի մնա, և կմատնվեն ինքն ու իրեն բերողները և օրիորդն ու նա, ով ժամանակին զորացնում էր իրեն։ 7Նրա արմատի ծաղկից մեկը նրա պատրաստության վրա կելնի. կգա զորքի դեմ, կմտնի հյուսիսի թագավորության ամրությունները, կգործի նրանց դեմ և կզորանա։ 8Եվ կկործանի նրանց աստվածներին՝ նրանց ձուլածուներով հանդերձ, և նրանց ոսկե և արծաթե ողջ ցանկալի սպասքն ավար առնելով կբերի , և ինքն առավել հզոր կլինի, քան հյուսիսի թագավորը։ 9Եվ կմտնի հարավի արքայի թագավորությունը և կվերադառնա իր երկիրը։ 10Նրա որդիները մեծաթիվ զորքերի բազմություն կհավաքեն. հարձակվելով կմտնի, հեղեղ կբերի, կանցնի ու դադար կառնի և կգրգռի մինչև իսկ իր զորքին։ 11Հարավի թագավորը կկատաղի և կելնի ու կտա հյուսիսի թագավորի դեմ. մեծաթիվ զորք կհավաքի, բայց զորքը կմատնվի նրա ձեռքը։ 12Կվերցնի բազմությունը, և նրա սիրտը կհպարտանա, բյուրավորների կկործանի, բայց չի զորանա։ 13Հյուսիսի արքան կդառնա և նախկինից ավելի շատ զորք կբերի և ժամանակների վախճանին մեծ զորքով ու շատ ունեցվածքով կգա կմտնի։ 14Այդ ժամանակներում շատերը կելնեն հարավի թագավորի դեմ։ Քո ժողովրդի մնացած որդիները կբարձրանան՝ հաստատելու տեսիլքը, և կտկարանան։ 15Հարավի թագավորը կմտնի, ցեխ կկուտակի և կվերցնի ամուր քաղաքները, բայց արքայի բազուկները չեն դիմանա։ Եվ կելնեն նրա ընտրյալները, բայց պահելու զորություն չի լինի։ 16Եվ ով մտնի նրա մոտ, նրա կամքը կկատարի, և չի լինի մեկը, որ նրա դեմ կկանգնի։ Փառքի երկրում կմնա ու նրա ձեռքով կվախճանվի։ 17Նա իր երեսը կուղղի՝ իր ուժով մտնելու նրա ողջ թագավորությունը և բոլոր ուղղությունները կվերցնի նրա դեմ։ Կանանց դստերը նրան կտա կորստյան համար, բայց թող չդանդաղի, և նա թող չլինի նրանը։ 18Իր երեսը դեպի կղզիները կդարձնի, կվերցնի շատերը և կայրի այն իշխաններին, որ նախատեցին նրանց, և նրանց նախատինքը իրենց երեսին կդարձնի։ 19Ապա նա զորությամբ կդառնա իր երկիրը, բայց կտկարանա, կընկնի և չի գտնվի։ 20Նրա արմատից թագավորության տունկ կելնի նրա պատրաստության վրա և կբռնադատի՝ թագավորության փառքը վերցնելու, և այդ օրերին կխորտակվի, և բացեիբաց ու պատերազմով 21չի մնա իր պատրաստության վրա, քանի որ արհամարհվեց, և նրան չտվեցին թագավորության փառքը, բայց հաջողությամբ կգա ու գայթակղություններով կբռնադատի թագավորություններին։ 22Այն բազուկները, որ հեղեղ կբերեն, նրա երեսից էլ կհեղեղվեն, ուխտի առաջնորդն էլ կխորտակվի։ 23Եվ նրանց, որ խառնվեն, նրանով նենգություն կանի և կելնի ու քիչ ազգով կզորանա նրանց դեմ։ 24Հաջողությամբ, բազում շրջաններով կգա և կանի այն, ինչ չարեցին ո՛չ նրա հայրերը, ո՛չ էլ նրա հայրերի հայրերը, և ավարը, կողոպուտը և ունեցվածքը նրանց կբաշխի և մինչև որոշ ժամանակ եգիպտացիների դեմ դավեր կխորհի. 25նրա զորությունն ու նրա սիրտը մեծ զորությամբ կարթնանան հարավի թագավորի դեմ։ Եվ հարավի թագավորը չափազանց հզոր ու մեծ զորքով պատերազմ կգումարի, բայց չի դիմանա, որովհետև նրա դեմ դավեր կխորհեն։ 26Եվ կուտեն, ինչ որ նրան կհասնի. նրան կխորտակեն ու զորքերը կայրեն, և բազում վիրավորներ կընկնեն։ 27Երկու թագավորների համար էլ նրանց սրտերը կմնան չարության մեջ. մի սեղանի վրա սուտ կխոսեն, բայց չի հաջողվի, որովհետև վախճանը ժամանակների համար է։ 28Բազում մեծությամբ կվերադառնա իր երկիրը, և նրա սիրտը սուրբ ուխտի դեմ կլինի, և գործի կանցնի ու կվերադառնա իր երկիրը։ 29Ժամանակին կդառնա ու կգա հարավի դեմ, բայց վերջինն առաջինի նման չի լինի։ 30Եվ կիտացիների բանակները նրա մոտ կմտնեն ու կխոնարհվեն. կդառնա ու կբարկանա սուրբ ուխտի վրա, գործի կանցնի, կդառնա ու կհավաքվի նրանց դեմ, որոնք թողեցին սուրբ ուխտը։ 31Նրանից սերունդներ կելնեն և բռնությամբ կպղծեն սրբարանը, կփոխեն պաշտամունքի շարունակությունը և “ավերածության պղծությունը” կդնեն։ 32Ուխտն ապականողներն իրենց վրա կբերեն։ Եվ ժողովուրդը, որ ճանաչում է իր Աստծուն, կզորանա և գործի կանցնի։ 33Ժողովրդի հանճարեղ մարդիկ շատ բաների խելամուտ կլինեն, բայց օրերով կտկարանան սրով ու հրով, գերությամբ ու հափշտակությամբ։ 34Իրենց տկարանալու ժամանակ փոքր-ինչ օգնականություն կգտնեն, և շատերը գայթակղություններով կավելանան նրանց վրա։ 35Եվ հանճարեղներից կտկարանան՝ նրանց փորձելու, ընտրելու և հայտնելու համար մինչև ժամանակի վախճանը, որովհետև դեռ ժամանակ կա։ 36Կգործի ըստ իր կամքի։ Եվ թագավորը կբարձրանա ու կհպարտանա բոլոր աստվածների դեմ, ամբարտավան բաներ կխոսի աստվածների Աստծու դեմ և կհաջողվի, մինչև բարկությունն անցնի, որովհետև վախճանվելու է։ 37Կմտածի իր հայրերի աստվածների և կանանց ցանկության մասին, միտքը որևէ աստծու չի բերի և ամեն ինչի հանդեպ կհպարտանա։ 38Իր տեղից կփառավորի հզոր աստծուն. և աստծուն, որին նրա հայրերը չճանաչեցին, կփառավորի ոսկով, արծաթով և թանկարժեք ու ցանկալի քարերով։ 39Ըստ օտար աստծու կանցնի փախստականների օրերով և կավելացնի, շատերին կհնազանդեցնի իրեն և երկիրը պարգևով կբաժանի։ 40Եվ վախճանի ժամանակ գազանաբար կկռվի հարավի արքայի դեմ։ Հյուսիսի արքան նրա դեմ կառքերով, հեծյալներով ու բազում նավերով զորաժողով կանի, կմտնի երկիրը և կխորտակի. 41կանցնի և կմտնի Սաբայիմ երկիրը, և շատերը կտկարանան։ Եվ սրանք են, որ նրա ձեռքից կփրկվեն՝ Եդովմը, Մովաբը և Ամովնի որդիների իշխանությունը։ 42Իր ձեռքը դեպի երկիրը կմեկնի, և եգիպտացիների երկրին չի լինի։ 43Կտիրի ոսկու և արծաթի գաղտնիքներին և եգիպտացիների, լիբիացիների և եթովպացիների ամրոցներում եղող բոլոր ցանկալի բաներին։ 44Ապա լուրերն ու տագնապներն արևելքից կստիպեն նրան, և հյուսիսից կգա՝ մեծ բարկությամբ կործանելու շատերին։ 45Եվ իր վրանը կխփի Եփագնոնում՝ ծովերի միջև, սուրբ Սաբային լեռան վրա, և կգա մինչև նրա մի կողմը, և ոչ ոք չի լինի, որ փրկի»։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն