Դանիէլ
14
Դանիելը և Բելի քրմերը
1Աստիագես թագավորն ամփոփվեց իր հայրերի մոտ, իսկ պարսիկ Կյուրոսն առավ նրա թագավորությունը։ Դանիելը թագավորի կյանքի ընկերակիցն էր և ավելի փառավոր վիճակում էր, քան նրա բոլոր բարեկամները։ 2Բաբելացիները մի կուռք ունեին՝ Բել անունով, և նրան մեկ օրվա բաժին էր ընկնում տասներկու արդու ընտիր ալյուր, քառասուն ոչխար և վեց մար գինի։ 3Թագավորը պաշտում էր նրան և միշտ գնում երկրպագում էր նրան։ Բայց Դանիելն իր Աստծուն էր երկրպագում։ Եվ թագավորը նրան ասաց. «Դու ինչո՞ւ չես երկրպագում Բելին»։ 4Եվ նա ասաց. «Քանի որ չեմ պաշտում ձեռակերտ կուռքերին, այլ կենդանի Աստծուն՝ երկնքի և երկրի Արարչին, որ իշխանություն ունի ամեն մարմնի վրա»։ 5Եվ թագավորը նրան ասաց. «Իսկ քեզ չի՞ թվում, որ Բելը կենդանի Աստված է. մի՞թե չես տեսնում, թե որքա՛ն է միշտ ուտում ու խմում»։ 6Դանիելը ծիծաղելով ասաց. «Մի՛ խաբվիր, արքա՛, որովհետև դա ներսից կավ է, իսկ դրսից՝ պղինձ. դա երբեք ո՛չ կերել, ո՛չ էլ խմել է»։ 7Թագավորը բարկանալով կանչեց իր քրմերին, և թագավորը նրանց ասաց. «Եթե ինձ չասեք՝ ո՛վ է ուտում այն սեղանից, մահով կմեռնեք։ 8Իսկ եթե ցույց տաք, որ Բելն է ուտում այդ բոլորը, կմեռնի Դանիելը, որովհետև Բելին հայհոյեց»։ Եվ Դանիելն ասաց թագավորին. «Թող քո խոսքի համաձայն լինի»։ 9Բելի քրմերը յոթանասուն հոգի էին՝ չհաշված կանանց ու մանուկներին։ Թագավորը Դանիելի հետ եկավ Բելի տաճարը։ 10Բելի քրմերն ասացին. «Ահա մենք դուրս կելնենք, իսկ դու, արքա՛, դի՛ր նրա առաջ. կերակուրներն ու գինին խառնված կդնես, ապա դռները փակի՛ր ու կնքի՛ր քո մատանիով։ 11Եվ առավոտյան գալով, եթե այդ ամենը կերված չլինի Բելից, թող մե՛նք մեռնենք, իսկ եթե ոչ՝ Դանիելը, որ մեր մասին սուտ խոսեց»։ 12Նրանք վստահ էին, քանի որ սեղանի տակ գաղտնի մուտք էին շինել և միշտ նրանով էին մտնում և այն ուտում։
13Եվ այնպես եղավ, երբ դուրս ելան, թագավորը կերակուրները դրեց Բելի առաջ։ Ապա Դանիելը հրաման տվեց իր ծառաներին, և մոխիր բերեցին ու միայն թագավորի առաջ ողջ մեհյանով մեկ ցանեցին։ Եվ դուրս ելնելով՝ դուռը փակեցին, թագավորի մատանիով կնքեցին ու գնացին։ 14Եվ քրմերը, իրենց սովորության համաձայն, գիշերն իրենց կանանց ու որդիների հետ մտան, ամբողջը կերան, խմեցին և ոչինչ չթողեցին։ 15Թագավորը վաղ առավոտյան Դանիելի հետ եկավ 16և ասաց. «Այդ կնիքներն անխա՞խտ են, Դանիե՛լ»։ Նա ասաց. «Անխախտ են, արքա՛»։ 17Եվ այնպես եղավ, երբ դռները բացեցին, թագավորը նայեց սեղանին, բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Մեծ ես, Բե՛լ, և քո մեջ ոչ մի նենգություն չկա»։ 18Դանիելը ծիծաղեց, բռնեց թագավորին, որ ներս չմտնի, և ասաց. «Լավ, նայի՛ր այդ հատակին և տե՛ս՝ ո՞ւմն են այդ հետքերը»։ 19Թագավորն ասաց. «Տեսնում եմ տղամարդկանց, կանանց և մանուկների հետքեր»։ 20Այն ժամանակ թագավորը բարկանալով բռնեց քրմերին, նրանց կանանց ու որդիներին, և նրան ցույց տվեցին գաղտնի դռները, որտեղով մտնում և սպառում էին սեղանը։ 21Թագավորը նրանց կոտորեց, իսկ Բելին Դանիելի ձեռքը տվեց, և կործանեց այն ու նրա մեհյանը։
22Եվ մի մեծ վիշապ կար, և բաբելացիները պաշտում էին նրան։ 23Թագավորն ասաց Դանիելին. «Մի՞թե դրա մասին էլ կասես, թե պղնձյա է. ահա կենդանի է, ուտում և խմում է, և չես կարող ասել, թե դա կենդանի աստված չէ։ Արդ, ե՛կ, երկրպագի՛ր դրան»։ 24Դանիելն ասաց նրան. «Ես Տիրոջը՝ իմ Աստծուն եմ երկրպագում, որովհետև նա է կենդանի Աստվածը, 25բայց դու, արքա՛, իշխանությո՛ւն տուր, և ես առանց սրի ու գավազանի այդ վիշապին քո առաջ կսպանեմ»։ Թագավորն ասաց. «Տալիս եմ քեզ»։ 26Դանիելը յուղ, ձյութ, ճարպ ու մազ վերցրեց, միասին եփեց, գնդեր շինեց ու խփեց վիշապի բերանին, և երբ կերավ, պայթեց։ Եվ ասաց. «Տեսե՛ք ձեր պաշտամունքը»։ 27Եվ երբ բաբելացիները լսեցին, շատ բարկացան, հավաքվեցին թագավորի դեմ և ասացին. «Հրեա եղավ թագավորը. Բելին կործանեց, վիշապին սպանեց, քրմերին կոտորեց»։
28Եվ երբ եկան, թագավորին ասացին. «Դանիելին մեր ձե՛ռքը տուր, իսկ եթե ոչ՝ կսպանենք քեզ և քո ընտանիքը»։ 29Երբ թագավորը տեսավ, որ շատ են տագնապեցնում իրեն, Դանիելին հարկադրված նրանց ձեռքը տվեց։ 30Եվ նրանք նրան առյուծների փոսը նետեցին, և այնտեղ էր վեց օր։ 31Փոսի մեջ յոթ առյուծներ կային։ Նրանց միշտ երկու մարդ և երկու անասուն էին տալիս, բայց այն ժամանակ նրանց ոչինչ չգցեցին, որպեսզի Դանիելին անմիջապես ուտեին։
32Ամբակում մարգարե կար Հուդայի երկրում. թան եփեց, հաց բրդեց ամանի մեջ և հանդ էր գնում՝ իր մշակներին տանելու։ 33Եվ Տիրոջ հրեշտակն Ամբակումին ասաց. «Այդ ճաշը, որ ունես, Բաբելոն՝ Դանիելին տա՛ր. առյուծների փոսի մեջ է»։ 34Ամբակումն ասաց. «Տե՛ր, ես Բաբելոնը չեմ տեսել և չգիտեմ՝ փոսը որտե՛ղ է»։ 35Հրեշտակը ձեռքը գցեց նրա գագաթից, բռնեց նրա գլխի մազերից և իր հոգու զորությամբ նրան դրեց Բաբելոնում՝ փոսի վրա։ 36Ամբակումն աղաղակեց և ասաց. «Դանիե՛լ, Դանիե՛լ, ելի՛ր, վերցրո՛ւ այդ ճաշը, որ Աստված քեզ համար ուղարկեց»։ 37Դանիելն ասաց. «Հիշեցի՛ր ինձ, Աստվա՛ծ, և չլքեցիր քո սիրելիներին»։ 38Դանիելը վեր կացավ ու կերավ։ Եվ Աստծու հրեշտակը նույն ժամին Ամբակումին կրկին իր տեղը տարավ։ 39Թագավորը յոթերորդ օրը եկավ ողբալու Դանիելի վրա։ Երբ եկավ փոսի բերանը, նայեց ու տեսավ, որ Դանիելը նստած էր։ 40Բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Մեծ ես, Դանիելի՛ Տեր, Աստվա՛ծ, և քեզնից բացի ուրիշ մեկը չկա»։ Եվ նրան վեր հանեց։ 41Իսկ նրան կորստյան մատնող վնասարարներին փոսը նետեցին, և նրա առաջ իսկույն պատառոտվեցին։
Նոր Էջմիածին · HYEJB2017