Դանիէլ

3

Երրորդ տեսիլք

Նաբուքոդոնոսորի առաջին երազը

1Իր թագավորության երկրորդ տարում Նաբուքոդոնոսորը տեսավ, և նրա հոգին ցնորվեց, ու քունը փախավ նրանից։ 2Եվ թագավորն ասաց. «Կանչե՛ք գուշակներին, մոգերին, կախարդներին ու ՝ թագավորին պատմելու իր երազը»։ Եկան և կանգնեցին թագավորի առաջ։ 3Եվ թագավորն ասաց նրանց. «Երազ տեսա, և իմ հոգին ցնորվեց՝ խելամուտ լինելու երազին»։ 4Քաղդեացիները թագավորի հետ խոսեցին . «Արքա՛, հավիտյա՛ն ապրիր։ Դու ասա՛ երազը քո ծառաներին, և դրա մեկնությունը կասենք»։ 5Արքան պատասխան տվեց և ասաց քաղդեացիներին. «Խոսքը դուրս ելավ ինձնից. արդ, եթե ինձ ցույց չտաք երազն ու դրա մեկնությունը, կորստյան կմատնվեք, և ձեր տները կավերվեն։ 6Իսկ եթե երազն ու դրա մեկնությունը ցույց տաք ինձ, պարգևներ, բազում ընծաներ ու պատիվներ կստանաք ինձնից, բայց միայն թե երազն ու դրա մեկնությունը հայտնե՛ք ինձ»։ 7Կրկին պատասխան տվեցին և ասացին. «Թող արքան երազն ասի իր ծառաներին, և դրա մեկնությունը կհայտնենք»։ 8Արքան պատասխան տվեց և ասաց. «Ճշմարտապես գիտեմ, որ ժամավաճառ եք լինում, որովհետև տեսաք, որ խոսքը դուրս ելավ ինձնից։ 9Արդ, եթե երազը չպատմեք ինձ, գիտեմ, որ միաբանվել եք սուտ և եղծարար բան ասելու իմ առաջ, մինչև ժամանակն անցնի։ Ասացե՛ք ինձ իմ երազը, և կիմանամ, որ դրա մեկնությունն էլ եք ինձ հայտնելու»։ 10Կրկին պատասխան տվեցին քաղդեացիները թագավորի առաջ և ասացին. «Երկրի վրա չկա մի մարդ, որ կարող է հայտնել թագավորի խնդիրը, քանի որ ամեն մեծ թագավոր և այդպիսի բան չի հարցնում գուշակի, մոգի և քաղդեացու, 11որովհետև բանը, որ արքան հարցնում է, ծանր է, և չկա ուրիշ մեկը, որ այն պատմի արքայի առաջ, բացի աստվածներից, որոնք բնակություն չունեն որևէ մարմնավորի մեջ»։

Աստված հայտնում է Դանիելին երազի մեկնությունը

12Այն ժամանակ թագավորը բարկությամբ ու սաստիկ զայրույթով ասաց կոտորել բաբելացիների բոլոր իմաստուններին։ 13Հրամանը ելավ, և իմաստունները կոտորվում էին։ Փնտրում էին նաև Դանիելին ու նրա ընկերներին՝ սպանելու։ 14Այն ժամանակ Դանիելը խորհրդի և խրատի համար խոսեց արքայի դահճապետի՝ Արիովքի հետ, որ ելել կոտորում էր բաբելացիների իմաստուններին։ 15Հարցրեց նրան և ասաց. «Թագավորի իշխա՛ն, այդ խիստ հրամանն ինչո՞ւ ելավ արքայի կողմից»։ Եվ Արիովքը բանը հայտնեց Դանիելին։ 16Եվ Դանիելն ասաց. «Մտի՛ր և աղաչի՛ր արքային», որպեսզի իրեն ժամանակ տա, և դրա մեկնությունը պատմի թագավորին։ 17Ապա Դանիելը մտավ իր տունը և բանը հայտնեց իր ընկերներին՝ Անանիային, Ազարիային և Միսայելին։ 18Եվ գթություն էին խնդրում երկնքի Աստծուց, որպեսզի Դանիելը և իր ընկերները կորստյան չմատնվեն բաբելացիների մնացած իմաստունների հետ։ 19Այդ ժամանակ, գիշերվա տեսիլքի մեջ, Դանիելին հայտնվեց խորհուրդը։ Դանիելն օրհնաբանեց երկնքի Աստծուն 20և ասաց. «Թող օրհնյա՜լ լինի Տիրոջ անունը հավիտենից մինչև հավիտյան, որովհետև նրանն է իմաստությունը, հանճարը և զորությունը։

21Նա է փոփոխում ժամանակներն ու ժամերը։ Թագավորներ է կարգում և փոփոխում, իմաստություն է տալիս իմաստուններին և միտք՝ հանճարներին։

22Ինքն է հայտնում խորին բաներն ու գաղտնիքները, գիտի՝ ի՛նչ կա խավարի մեջ, և լույսը նրա հետ է։

23Գոհաբանում և օրհնաբանում եմ քեզ, մեր հայրերի՛ , որովհետև իմաստություն և զորություն տվեցիր ինձ և հայտնեցիր ինձ, ինչ որ մենք աղոթքով խնդրեցինք քեզնից, և թագավորի տեսիլքը ցույց տվեցիր ինձ»։

Դանիելը մեկնում է թագավորի երազը

24Դանիելը մտավ Արիովքի մոտ, որին թագավորը նշանակել էր՝ կորստյան մատնելու բաբելացիների իմաստուններին, և ասաց նրան. «Մի՛ կոտորիր բաբելացիների իմաստուններին, այլ ինձ տա՛ր թագավորի առաջ, և ես մեկնությունը կհայտնեմ թագավորին»։ 25Այն ժամանակ Արիովքը Դանիելին շտապ տարավ թագավորի մոտ և ասաց նրան. «Հուդայի երկրի գերության որդիների միջից գտա մի մարդու, որ մեկնությունը կհայտնի արքային»։ 26Թագավորը պատասխան տվեց և ասաց Դանիելին, որի անունը Բաղդասար էր. «Կկարողանա՞ս ինձ պատմել երազը, որ տեսա, և դրա մեկնությունը»։ 27Դանիելը պատասխան տվեց թագավորի առաջ և ասաց. «Այդ խորհուրդը, որն արքան հարցնում է, իմաստունները, մոգերը, գուշակներն ու հմայողները չեն կարող պատմել արքայի առաջ, 28այլ կա Աստված երկնքում, որ հայտնում է խորհուրդները և ցույց տվեց Նաբուքոդոնոսոր արքային, ի՛նչ որ լինելու է վերջին օրերում։ Երազը և քո գլխի տեսիլքը քո անկողնում այս է, արքա՛։ 29Քո մտքերը տանջահարում էին քեզ քո անկողնում, թե ի՛նչ է լինելու սրանից հետո, և խորհուրդներ հայտնողը ցույց տվեց քեզ՝ ի՛նչ է լինելու։ 30Խորհուրդն ինձ հայտնվեց ոչ թե ինչ-որ իմաստության պատճառով, որ կա իմ մեջ ավելի, քան բոլոր կենդանի էակների մեջ, այլ արքային ցույց տալու մեկնությունը, որպեսզի ճանաչես քո սրտի խորհուրդները։ 31Դու, արքա՛, տեսնում էիր, և ահա մի արձան, մեծ արձան. նրա երեսն ու նրա տեսքը շատ զարհուրելի էր, և կանգնած էր քո առաջ։ Շատ ահավոր էր արձանը, 32որի գլուխը մաքուր ոսկուց էր, նրա ձեռքերը, կուրծքն ու բազուկները՝ արծաթե, նրա մեջքն ու ազդրերը՝ պղնձե, 33սրունքները՝ երկաթե, ոտքերը՝ կեսը՝ երկաթից, և կեսը՝ խեցուց։ 34Նայում էիր, մինչև առանց ձեռք դիպչելու մի վեմ պոկվեց և հարվածեց արձանին՝ երկաթե և խեցե ոտքերին, և ամբողջությամբ փշրեց դրանք։ 35Այդ ժամանակ առհասարակ փշրվեցին խեցին ու երկաթը, պղինձը, արծաթն ու ոսկին և դարձան ամառային կալի փոշու պես, և հողմի սաստկությունը քշեց դրանք, և տեղ չէր գտնվում դրանց համար։ Եվ վեմը, որ հարվածեց արձանին, դարձավ մեծ լեռ ու լցրեց ամբողջ երկիրը։ 36Սա է երազը, և դրա մեկնությունը կասենք արքայի առաջ։ 37Դու արքա ես, արքայի՛ց արքա, որին երկնքի Աստված հզոր ու փառավոր թագավորություն տվեց, 38և բոլոր վայրերով մեկ, որտեղ բնակվում են մարդկանց որդիները, վայրի գազաններին, երկնքի թռչուններին ու ծովի ձկներին քո ձեռքը տվեց և քեզ ամեն ինչի տեր կարգեց։ Դու ես ոսկե գլուխը, 39բայց քեզնից հետո վեր կհառնի ուրիշ թագավորություն՝ քեզնից ավելի ցածր, և երրորդ թագավորությունը, որ պղինձն է, կտիրի ողջ երկրին։ 40Իսկ չորրորդ թագավորությունը երկաթի պես ամուր կլինի։ Ինչպես որ երկաթն է փշրում և մանրացնում ամեն ինչ, նույնպես նա կփշրի և կմանրացնի ամեն բան։ 41Եվ որ տեսնում էիր ոտքերն ու մատները, կեսը՝ երկաթից, և կեսը՝ խեցուց, թագավորությունը կբաժանվի, և նրա մեջ երկաթի արմատից կլինի, ինչպես որ տեսնում էիր երկաթը խեցուն խառնված։ 42Ոտքերի մատները՝ մի մասը՝ երկաթից, և մի մասը՝ խեցուց. թագավորության մի մասը հզոր կմնա, և նրանից կլինի ջախջախվածը։ 43Որ տեսնում էիր երկաթը խեցուն խառնված, կխառնվեն մարդկանց սերնդի հետ, բայց իրար չեն հարվի, ինչպես որ երկաթը չի խառնվում խեցուն։

44Այդ թագավորների օրերին երկնքի Աստված վեր կհանի մի թագավորություն, որ հավիտյան չպիտի կործանվի, և նրա թագավորությունն ուրիշ ազգի չպիտի մնա. պիտի փշրի և ցիրուցան անի բոլոր թագավորությունները, և ինքը պիտի մնա հավիտյան։ 45Ինչպես տեսնում էիր, թե լեռից առանց ձեռք դիպչելու վեմ պոկվեց և փշրեց խեցին ու երկաթը, պղինձը, արծաթն ու ոսկին. մեծն Աստված ցույց տվեց արքային, ինչ որ լինելու է հետո։ Ճիշտ է երազը, և արժանահավատ՝ դրա մեկնությունը»։

Թագավորը մեծարում է Դանիելին

46Այն ժամանակ Նաբուքոդոնոսոր արքան իր երեսի վրա ընկավ և երկրպագեց Դանիելին, ապա հրամայեց զոհեր և անուշահոտ խնկեր մատուցել նրա համար։ 47Թագավորը պատասխան տվեց և ասաց Դանիելին. «Արդարև, ձեր Աստվածը, նա՛ է աստվածների Աստվածը, տերերի Տերը և թագավորների Թագավորը, որ հայտնում է խորհուրդները, քանի որ կարողացար հայտնել այդ խորհուրդը»։ 48Եվ թագավորը մեծարեց Դանիելին, մեծամեծ ու բազում պարգևներ տվեց նրան և նրան բաբելացիների նահանգի վրա, նախարարների իշխան և բաբելացիների բոլոր իմաստունների վրա կարգեց։ 49Դանիելն արքային խնդրեց, և նա բաբելացիների նահանգի գործերի վրա կարգեց Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին։ Եվ Դանիելը մնում էր արքայի պալատում։

Նոր Էջմիածին · HYEJB2017