Դանիէլ
4
Չորրորդ տեսիլք
Թագավորը հրամայում է երկրպագել ոսկե արձանին
1Նաբուքոդոնոսոր արքայի տասնութերորդ տարում նա ոսկե մի արձան պատրաստեց. նրա բարձրությունը վաթսուն կանգուն էր, նրա լայնությունը՝ վեց կանգուն, և այն կանգնեցրեց բաբելացիների նահանգում՝ Դեերայի դաշտում։ 2Եվ ուղարկեց հավաքել զորավարներին, զորագլուխներին և կուսակալներին, պետերին, իշխանավորներին, գործակալներին և նահանգների բոլոր իշխաններին՝ գալու արձանի նավակատիքին, որ կանգնեցրել էր Նաբուքոդոնոսոր արքան։ 3Հավաքվեցին կուսակալները, զորավարներն ու զորագլուխները, պետերը, իշխանավորները, մեծավորները, գործակալներն ու նահանգների բոլոր իշխանները՝ գալու արձանի նավակատիքին, որ կանգնեցրել էր Նաբուքոդոնոսոր արքան։ Եվ կանգնել էին արձանի առաջ, որ կանգնեցրել էր Նաբուքոդոնոսոր արքան։ 4Մունետիկն ուժեղ գոչում էր և ասում. «Ձեզ է ասվում, ազգե՛ր, ժողովուրդնե՛ր և լեզունե՛ր։ 5Երբ լսեք փողի, սրնգի, թմբուկի, քնարի, տավղի, միասնական երգերի և բոլոր տեսակի երաժշտությունների ձայնը, կընկնեք և կերկրպագեք արձանին, որ կանգնեցրել է Նաբուքոդոնոսոր արքան։ 6Իսկ ով չընկնի-չերկրպագի, նույն ժամին կնետվի բորբոքված կրակի հնոցը»։ 7Եվ այնպես եղավ, երբ ազգերը լսեցին փողի, սրնգի, տավղի, նվագարանների և բոլոր տեսակի երաժշտությունների ձայնը, բոլոր ազգերը, ժողովուրդներն ու լեզուներն ընկնում ու երկրպագում էին ոսկե արձանին, որ կանգնեցրել էր Նաբուքոդոնոսոր արքան։
Դանիելի երեք ընկերները հավատարիմ են մնում Տիրոջը
8Այն ժամանակ մոտեցան քաղդեացի մարդիկ ու Նաբուքոդոնոսորին չարախոսեցին հրեաների մասին 9և ասացին. «Արքա՛, հավիտյա՛ն ապրիր։ 10Դու հրաման տվեցիր ամեն մարդու, որ երբ լսի փողի, սրնգի, քնարի, տավղի, նվագարանների և բոլոր տեսակի երաժշտությունների ձայնը 11և չընկնի-չերկրպագի ոսկե արձանին, կնետվի բորբոքված կրակի հնոցը։ 12Արդ, այստեղ կան հրեա մարդիկ, որոնց նշանակեցիր բաբելացիների նահանգի գործերի վրա՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը, որ չհնազանդվեցին քո հրամանին, արքա՛. ո՛չ պաշտում են քո աստվածներին, ո՛չ էլ երկրպագում ոսկե արձանիդ, որ կանգնեցրիր։ 13Այն ժամանակ Նաբուքոդոնոսորը ցասումով ու բարկությամբ հրամայեց բերել Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին, և բերեցին թագավորի առաջ։ 14Նաբուքոդոնոսորը խոսեց և ասաց նրանց. «Սեդրա՛ք, Միսա՛ք և Աբեդնագո՛վ, իրո՞ք իմ աստվածներին չեք պաշտելու և ոսկե արձանին, որ կանգնեցրի, չեք երկրպագելու։ 15Բայց արդ, եթե պատրաստ լինեք, երբ որ լսեք փողի, սրնգի, թմբուկի, քնարի և բոլոր տեսակի երաժշտությունների միասնական ձայնը, կընկնեք և կերկրպագեք ոսկե արձանին, որ կանգնեցրի։ Իսկ եթե չերկրպագեք, նույն ժամին կնետվեք բորբոքված կրակի հնոցը, և ո՞վ է Աստված, որ կփրկի ձեզ իմ ձեռքից»։ 16Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը պատասխան տվեցին և ասացին Նաբուքոդոնոսոր արքային. «Կարիք չկա քեզ այդ բանի համար պատասխան տալ, 17որովհետև երկնքում է մեր Աստված, նա, որին մենք պաշտում ենք, կարող է փրկել մեզ բորբոքված կրակիդ հնոցից և ազատել մեզ քո ձեռքից, արքա՛։ 18Իսկ եթե ոչ, թող այս բանը քեզ հայտնի լինի, արքա՛, որ քո աստվածներին մենք չենք պաշտում և ոսկե արձանիդ, որ կանգնեցրիր, չենք երկրպագում»։
Դանիելի երեք ընկերները նետվում են հնոցը
19Այն ժամանակ Նաբուքոդոնոսորը լցվեց սաստիկ բարկությամբ, և նրա երեսի գույնը փոխվեց Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի վրա, և ասաց. «Վառե՛ք հնոցը յոթնապատիկ, որպեսզի մինչև վերջ այրվեն։ 20Հինգ ուժեղ մարդիկ թող ամուր կապեն Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին՝ նետելու բորբոքված կրակի հնոցը»։ 21Այդ ժամանակ այն մարդիկ կապվեցին իրենց պատմուճաններով, վարտիքներով, գլխի ապարոշներով, ծնկակապերով և նետվեցին բորբոքված կրակի հնոցը։ 22Քանի որ թագավորի հրամանը խստանում էր, հնոցն էլ յոթնապատիկ ավելի խիստ էր բորբոքվում։ 23Եվ նրանք երեքը՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը, կապված գցվեցին հնոցը։
Երեք ընկերներն ազատվում են ու մեծարվում
24Քայլում էին կրակի մեջ, օրհնաբանում և գովաբանում էին Տիրոջը՝ Աստծուն։ 25Ազարիան ելավ և այսպես աղոթքի կանգնեց, կրակի մեջ բացեց իր բերանը և ասաց. 26«Օրհնյա՜լ ես, Տե՛ր, մեր հայրերի՛ Աստված, հավիտյանս գովաբանված և փառավորված է քո անունը, 27որովհետև արդար ես ամեն ինչում, որ բերեցիր մեզ վրա. ճշմարիտ են քո բոլոր գործերը, և ուղիղ են քո ճանապարհները, և ճշմարտություն՝ քո բոլոր դատաստանները։ 28Ըստ ամենայնի ճշմարիտ դատաստան արեցիր, ինչ որ արեցիր մեզ և մեր հայրերի սուրբ քաղաք Երուսաղեմին, որովհետև ճշմարտությամբ և հիրավի բերեցիր այս ամենը մեր մեղքերի պատճառով, 29քանի որ մեղանչեցինք և անօրենություն գործեցինք՝ ապստամբելով քո դեմ, և առավել մեղանչեցինք ամեն ինչում։ 30Քո պատվիրաններին չանսացինք, չպահեցինք ու չարեցինք այնպես, ինչպես պատվիրեցիր մեզ, որպեսզի բարի լինի մեզ։ 31Այն ամենը, որ բերեցիր մեզ վրա, և այն ամենը, որ արեցիր մեր դեմ, արդար դատաստանով արեցիր։ 32Մեզ մատնեցիր մեր անօրեն, խիստ և ապստամբ թշնամիների և ողջ աշխարհից ավելի անիրավ ու չար թագավորի ձեռքը։
33Եվ արդ, մենք չենք կարող բացել մեր բերանները, որովհետև ամոթահար ու նախատինք եղանք քո ծառա պաշտոնյաների համար։ 34Բայց իսպառ մի՛ մատնիր մեզ հանուն քո անվան և մի՛ ցրիր քո ուխտը։ 35Մի՛ հեռացրու քո ողորմությունը մեզնից հանուն քո սիրելի Աբրահամի, հանուն քո ծառա Իսահակի և հանուն քո սուրբ Իսրայելի, 36որոնց խոստացար բազմացնել նրանց սերունդը երկնքի աստղերի չափ և ծովափի ավազի չափ։ 37Արդ, Տե՛ր, ավելի նվաղեցինք, քան բոլոր ազգերը, և այսօր տառապյալ ենք ամբողջ աշխարհում մեր մեղքերի պատճառով։ 38Չկա այս ժամանակներում ո՛չ իշխան, մարգարե և առաջնորդ, ո՛չ ողջակեզներ, ո՛չ զոհեր, ո՛չ զոհաբերություններ, ո՛չ խունկեր, ո՛չ էլ տեղ՝ քո առաջ երախայրիք մատուցելու և ողորմություն գտնելու։ 39Այլ կոտրված անձով և տառապած հոգով թող ընդունելի լինենք, ինչպես խոյերի և զվարակների ողջակեզները և ինչպես բյուրավոր պարարտ գառները։ 40Թող այդպես լինի մեր զոհաբերությունն այսօր քո առաջ՝ կատարյալ լինելու քեզնից հետո, որովհետև քեզ հուսացողներս ամոթով չենք մնում։ 41Արդ, գալիս ենք քո հետևից մեր ամբողջ սրտով, մենք վախենում ենք քեզնից և քո երեսն ենք փնտրում. ամոթով մի՛ թող մեզ, 42այլ վարվի՛ր մեզ հետ ըստ քո հեզության և ըստ քո բազում ողորմության։ 43Փրկի՛ր մեզ քո հրաշքներով և փա՛ռք բեր քո անվանը, Տե՛ր։ 44Թող ամոթով մնան բոլոր նրանք, որ չարիք են պատճառում քո ծառաներին. թող ամաչեն իրենց ամեն բռնությունից, և նրանց զորությունը թող խորտակվի։ 45Եվ թող ճանաչեն, որ դու ես Տերը՝ միակ Աստվածը, և փառավորյալը ողջ տիեզերքում»։
46Թագավորի սպասավորները, որ նրանց գցեցին հնոցը, չէին դադարում այն բորբոքելուց նավթով, ձեթով, վուշով և որթով։ 47Բոցը ելնում, դիզվում էր հնոցից քառասունինը կանգուն ավելի վեր, 48պտտվում-պատում էր հնոցի շուրջը և այրում էր այն քաղդեացիներից, ում գտնում էր։ 49Եվ Աստծու հրեշտակն իջավ, կանգնեց Ազարիայենց հետ այն հնոցում և կրակի բոցը թոթափեց այն հնոցից։ 50Եվ հնոցի մեջ հողմի պես արեց, որ խոնավ ցող փչի. կրակն ամենևին ո՛չ մոտենում էր նրանց, ո՛չ տանջում, ո՛չ էլ նեղում էր նրանց։ 51Այն ժամանակ երեքը, կարծես մի բերանով, հնոցի մեջ օրհնաբանում, գովաբանում և փառավորում էին Աստծուն և ասում.
52«Օրհնյա՜լ ես դու, Տե՛ր, մեր հայրերի՛ Աստված, գովյալ և առավել փառավորյալ հավիտյան, և օրհնյա՜լ է քո փառքի սուրբ անունը, գովյալ և առավել փառավորյալ հավիտյան։
53Օրհնյա՜լ ես քո սրբության փառքի տաճարում, գովյալ և առավել փառավորյալ հավիտյան։
54Օրհնյա՜լ ես քո արքայության աթոռի վրա, գովյալ և առավել փառավորյալ հավիտյան։
55Օրհնյա՜լ ես, որ նայում ես անդունդներին և նստում ես քերովբեների վրա, գովյալ և առավել փառավորյալ հավիտյան։
56Օրհնյա՜լ ես, որ նստում ես երկնքի տարածության վրա, գովյալ և առավել փառավորյալ հավիտյան։
57Օրհնաբանե՛ք Տիրոջը, Տիրոջ բոլո՛ր գործեր, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։
58Օրհնաբանե՛ք Տիրոջը, երկինքնե՛ր, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։
59Օրհնաբանե՛ք Տիրոջը, Տիրո՛ջ հրեշտակներ, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։
60Օրհնաբանե՛ք Տիրոջը, երկնքից ավելի վեր գտնվող բոլո՛ր ջրեր, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։
61Օրհնաբանե՛ք Տիրոջը, Տիրոջ բոլո՛ր զորություններ, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։
62Օրհնաբանե՛ք Տիրոջը, արև՛ ու լուսի՛ն, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։
63Օրհնաբանե՛ք Տիրոջը, երկնքի բոլո՛ր աստղեր, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։
64Օրհնաբանե՛ք Տիրոջը, բոլո՛ր անձրևներ և ցողե՛ր, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։
65Օրհնաբանե՛ք Տիրոջը, բոլո՛ր հողմեր, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։
66Օրհնաբանե՛ք Տիրոջը, հո՛ւր և տա՛պ, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։
67Օրհնաբանե՛ք Տիրոջը, ցո՛ւրտ և սառնամանի՛ք, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։
68Օրհնաբանե՛ք Տիրոջը, եղյա՛մ և ձյո՛ւն, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։
71Օրհնաբանե՛ք Տիրոջը, ցերեկնե՛ր և գիշերնե՛ր, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։
72Օրհնաբանե՛ք Տիրոջը, լո՛ւյս և խավա՛ր, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։
73Օրհնաբանե՛ք Տիրոջը, ամպե՛ր և փայլակնե՛ր, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։
74Օրհնաբանե՛ք Տիրոջը, երկի՛ր, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։
75Օրհնաբանե՛ք Տիրոջը, լեռնե՛ր և բարձունքնե՛ր, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։
76Օրհնաբանե՛ք Տիրոջը, երկրի բոլո՛ր բույսեր, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։
77Օրհնաբանե՛ք Տիրոջը, աղբյուրնե՛ր, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։
78Օրհնաբանե՛ք Տիրոջը, ծովե՛ր ու գետե՛ր, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։
79Օրհնաբանե՛ք Տիրոջը, կետե՛ր և բոլո՛ր կայտառներ, որ ջրերում եք, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։
80Օրհնաբանե՛ք Տիրոջը, երկնքի՛ թռչուններ, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։
81Օրհնաբանե՛ք Տիրոջը, բոլո՛ր գազաններ և անասուններ, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։
82Օրհնաբանե՛ք Տիրոջը, մարդկա՛նց որդիներ, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։
83Թող Իսրայելն օրհնաբանի Տիրոջը, թող օրհնաբանի և փառաբանի նրան հավիտյան։
84Օրհնաբանե՛ք Տիրոջը, քահանանե՛ր, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։
85Օրհնաբանե՛ք Տիրոջը, Տիրո՛ջ ծառաներ, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։
86Օրհնաբանե՛ք Տիրոջը, արդարների՛ հոգիներ և շունչեր, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։
87Օրհնաբանե՛ք Տիրոջը, սուրբե՛ր և սրտով խոնարհնե՛ր, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։
88Օրհնաբանե՛ք Տիրոջը, Անանիա՛, Ազարիա՛ և Միսայե՛լ, օրհնաբանե՛ք և փառաբանե՛ք նրան հավիտյան։ Քանի որ մեզ փրկեց դժոխքից և մահվան ձեռքից մեզ ազատեց, փրկեց մեզ այս հնոցից և բորբոքված այս բոցի միջից և այս կրակի միջից մեզ փրկեց։
89Գոհաբանենք Տիրոջը, որովհետև քաղցր է, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։
90Օրհնաբանե՛ք աստվածների Աստծուն, Տիրոջ բոլո՛ր պաշտոնյաներ, օրհնաբանե՛ք և գոհաբանե՛ք, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը»։
Նաբուքոդոնոսորը մեծարում է Դանիելի ընկերներին
91Եվ Նաբուքոդոնոսորը, երբ լսեց նրանց օրհնաբանությունները, զարմացավ, տագնապահար ելավ և ասաց իր մեծամեծներին. «Կապված երեք մարդ չգցեցի՞նք կրակը»։ Թագավորին ասացին. «Այո՛, ճիշտ ես ասում, արքա՛»։ 92Թագավորն ասաց. «Բայց ես տեսնում եմ արձակված չորս մարդու. քայլում են կրակի մեջ, և ոչ մի վնասվածք չկա նրանց վրա, իսկ չորրորդի տեսքը նման է Աստծու որդուն»։ 93Այն ժամանակ Նաբուքոդոնոսորը մոտեցավ բորբոքված կրակի հնոցի դռանը և ասաց. «Սեդրա՛ք, Միսա՛ք և Աբեդնագո՛վ, բարձրյալ Աստծու ծառանե՛ր, ելե՛ք և եկե՛ք»։ Սեդրաքը, Միսաքն ու Աբեդնագովը դուրս ելան կրակի միջից։ 94Ապա հավաքվեցին նախարարները, կուսակալները, զորավարներն ու թագավորի զորավորները և տեսնում էին այն մարդկանց, որ կրակը չէր տիրել նրանց մարմիններին, նրանց գլխի մազը չէր խանձվել, նրանց վարտիքները չէին գունափոխվել, և կրակի հոտ չկար նրանց վրա։ 95Թագավորը նրանց առաջ երկրպագեց Տիրոջը։ Ապա Նաբուքոդոնոսորը պատասխան տվեց և ասաց. «Օրհնյա՜լ է Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի Աստվածը, որ ուղարկեց իր հրեշտակին և փրկեց իր ծառաներին, որովհետև հույսը դրեցին իր վրա, թագավորի խոսքն անարգեցին և իրենց մարմինները մատնեցին կրակին, որպեսզի չպաշտեն և չերկրպագեն որևէ աստծու, այլ միայն իրենց Աստծուն։ 96Արդ, ես հրաման եմ տալիս. բոլոր ազգերը, ժողովուրդներն ու լեզուները, որ հայհոյանքով կխոսեն Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի Աստծու մասին, կորստյան կմատնվեն, իսկ նրանց տները՝ հափշտակության, որովհետև չկա ուրիշ Աստված, որ կարողանա այդպես փրկել»։
97Այն ժամանակ թագավորն առավել մեծարեց Սեդրաքին, Միսաքին և Աբեդնագովին բաբելացիների նահանգում և նրանց բարձրացրեց, նաև աղաչեց նրանց՝ լինելու իշխան այն բոլոր հրեաների, որոնք իր թագավորության մեջ էին։
98Նաբուքոդոնոսոր արքան՝ բոլոր ազգերին, ժողովուրդներին և լեզուներին, որ բնակվում են ողջ աշխարհում. «Թող խաղաղությունն առատանա ձեզ համար։
99Նշաններն ու հրաշքները, որ արեց ինձ համար Բարձրյալը, իմ առաջ հաճելի թվաց պատմել ձեզ, 100թե ինչքան մեծ ու զորավոր են. նրա արքայությունը հավիտենական արքայություն է, և նրա իշխանությունը՝ սերնդից սերունդ։
Նոր Էջմիածին · HYEJB2017