Դանիէլ
9
Դանիելի տեսիլքը խոյի և քոշի մասին
1«Բաղդասար արքայի թագավորության երրորդ տարում ինձ տեսիլք երևաց, ինձ՝ Դանիելիս, առաջին տեսիլքից հետո։ 2Շոշ ապարանքում էի, որ Էլամի երկրում է, և կանգնել էի Ուբաղի վրա։ 3Բարձրացրի աչքերս և տեսա. ահա մի խոյ կար Ուբաղի դիմաց. նրա եղջյուրները բարձր էին, բայց մեկն ավելի բարձր էր, քան մյուսները, և այն, որ բարձր էր, հետո էր ելնում։ 4Տեսնում էի, որ խոյը եղջյուրներով կռվում էր ծովի, հյուսիսի և հարավի դեմ, և ոչ մի գազան չկար նրա առաջ, և չկար մեկը, որ ազատվեր նրա ձեռքից, և անում էր ըստ իր կամքի և մեծանում էր։ 5Ես մտածում էի։ Եվ ահա մի այծերի քոշ էր գալիս արևմուտքից երկրի վրայով, բայց երկրին չէր մոտենում. քոշը մի եղջյուր ուներ իր աչքերի միջև։ 6Եվ հասավ մինչև եղջյուրավոր խոյը, որ տեսնում էի, որ կար Ուբաղի դիմաց, և իր ուժի զորությամբ նրա վրա հարձակվեց։ 7Եվ տեսնում էի նրան, որ հասավ մինչև խոյը. կատաղեց, հարվածեց խոյին և ոչնչացրեց նրա երկու եղջյուրները, իսկ խոյն ուժ չուներ նրա դեմն առնելու։ Գցեց նրան գետնին և իր ոտքերի կոխան արեց նրան, և չկար մեկը, որ խոյին ազատեր քոշի ձեռքից։
8Ապա այծերի քոշը խիստ մեծությամբ հզորացավ, և նրա հզորանալու ժամանակ խորտակվեց նրա մեծ եղջյուրը, և դրա տակից չորս այլ եղջյուրներ ելան երկնքի չորս հողմերի դեմ։ 9Դրանցից մեկից ելավ մի հզոր եղջյուր և առավել հզորացավ հյուսիսի դեմ, 10ապա զորություն առավ ու բարձրացավ մինչև երկնքի զորությունները և երկիր գցեց երկնքի զորքերից և աստղերից և կոխոտեց դրանք, 11մինչև զորավարը գերիներին փրկի։ Նրա պատճառով զոհաբերությունները խանգարվեցին, և այնպես եղավ, որ հաջողվեց նրան. սրբարանը պիտի ավերվի։ 12Մեղքեր տրվեցին զոհաբերությունների համար, իսկ արդարությունն ընկավ երկիր և գործեց ու հաջողվեց։
13Ես մի սուրբից լսեցի, որ խոսում էր, և մի սուրբ ասում էր Փելմոնին, որ խոսում էր. «Այդ տեսիլքը մինչև ե՞րբ պիտի մնա. վերացած զոհաբերություններ, ավերածության տրված մեղքեր. սրբարանն ու զորությունն էլ պիտի կոխոտվեն»։ 14Եվ ասաց նրան. «Մինչև երեկո և վաղորդայն, հազար երկու հարյուր վաթսունութ օրեր, և սրբարանը կսրբվի»։
Երկրորդ տեսիլքի մեկնությունը
15«Այնպես եղավ, որ երբ ես՝ Դանիելս, տեսա տեսիլքը և փնտրում էի խելամուտ լինել, ահա իմ առջև կանգնեց մեկը՝ մարդու տեսքի նման, 16և մարդու ձայն լսեցի Ուբաղի միջից և կանչեց ու ասաց. «Գաբրիե՛լ, դրան իմացրո՛ւ այդ տեսիլքը»։ 17Եվ նա եկավ կանգնեց այնտեղ, որտեղ ես էի կանգնած։ Նրա գալու ժամանակ ես ցնորվեցի և ընկա երեսիս վրա։ Եվ ասաց ինձ. «Իմացի՛ր, մարդո՛ւ որդի, որ այդ տեսիլքը դեռևս վախճանի ժամանակների համար է»։ 18Եվ մինչ նա խոսում էր ինձ հետ, ցնորվեցի և երեսիս վրա գետին ընկա, բայց ձեռքը գցեց ինձանից ու ոտքերիս վրա կանգնեցրեց 19և ասաց ինձ. «Ահա ես քեզ ցույց կտամ այն, ինչ որ վերջում լինելու է երկրի վրա, քանի որ վախճանը դեռևս ժամանակների համար է։ 20Եղջյուրավոր այն խոյը, որ տեսնում էիր, պարսիկների և մարերի թագավորն է, 21իսկ այծերի քոշը հույների թագավորն է. այն մեծ եղջյուրը, որ նրա աչքերի միջև էր, նույն ինքն առաջին թագավորն է։ 22Երբ նա, որի ներքո այլ եղջյուրներ կային, խորտակվի, նրա ազգից չորս թագավորներ կելնեն, բայց ոչ իրենց զորությամբ։ 23Նրանց թագավորությունից հետո և նրանց մեղքերի ավարտին ժպիրհ երեսով մի թագավոր կբարձրանա՝ առակներից հասկացող։ 24Հզոր է նրա զորությունը, և սքանչելի բաները կոչնչացնի, կհաջողվի և գործի կանցնի. կկործանի հզորներին և սուրբ ժողովրդին։ 25Նրա ճնշման լուծը հաջողություն կգտնի, և նենգությունը՝ նրա ձեռքում. կմեծամտանա իր սրտում, նենգությամբ շատերի կվերացնի, կորստյան կմատնի շատերի և ինչպես ձու կփշրի ձեռքում։
26Երեկոյի և առավոտվա տեսիլքը, որ ասվեց, ճշմարիտ է, և դու կնքի՛ր այդ տեսիլքը, որովհետև բազում օրերի համար է»։
27Եվ ես՝ Դանիելս, ննջեցի և հիվանդացա, ապա ելա և արքունի գործը կատարեցի և զարմացել էի այդ տեսիլքի վրա, և չկար մեկը, որ հասկացներ»։