Եսթեր

1

1Արտաշես մեծ արքայի թագավորության երկրորդ տարում՝ Նիսան՝ հայկական Արեգ ամսվա առաջին օրը, Մուրթքեն՝ Բենիամինի ցեղից Կիսեի որդի Սեմեիի որդի Հայիրի որդին, տեսավ։ 2Նա մի հրեա մարդ էր, որ բնակվում էր Սիսիս քաղաքում, նշանավոր մի անձ, որ հավատարմորեն ծառայում էր թագավորի պալատում։ 3Նա այն գերիների սերնդից էր, որոնց Հուդայի երկրի Հեքոնիա արքայի հետ Երուսաղեմից գերեվարեց բաբելացիների արքա Նաբուքոդոնոսորը։ 4Նրա տեսած երազն այս է. լսվում էին խռովությունների, որոտման և երկրաշարժի ձայներ, երկրի վրա մեծ խռովություն էր։ 5Եվ ահա երկու շատ մեծ վիշապներ՝ պատրաստ կռվի ելնելու միմյանց դեմ։ 6Նրանք ահավոր ձայն հանեցին, ու նրանց ձայնի աղմուկը պատերազմի հանեց բոլոր ազգերին, որպեսզի կռվեն արդար ազգի դեմ։ 7Օրը խավարամած ու մթին էր, տառապանքների ու նեղությունների օր, երկրի վրա մեծ խռովություն էր։ 8Ողջ արդար ազգը խռովվեց իրեն սպառնացող չարիքի պատճառով ու պատրաստվեց կորստի։ Նրանք աղաղակեցին առ , 9և նրանց ձայնից փոքրիկ աղբյուրը մեծ ու վճիտ գետ դարձավ։ 10Ծագեց արեգակը, և խոնարհները ոտքի ելան ու հաղթեցին փառավորներին։

11Մուրթքեն զարթնեց այս երազից, որ Աստված մտադրվել էր կատարել, և այն նա մտքից չէր հանում ու բուռն ցանկությամբ կամենում էր իմանալ, թե ինչ էր նշանակում այն գիշեր իր տեսած երազը։

Նոր Էջմիածին · HYEJB2017