Եսթեր

10

Մուրթքեի աղոթքը

1Մուրթքեն թախանձանքով աղաչեց Տիրոջը՝ մտաբերելով և հիշելով նրա մեծամեծ գործերը, և ասաց. 2«Տե՛ր, Աստվա՛ծ, թագավո՛ր ամենակալ, քո հրամանին է սպասում ամեն ոք, ոչ ոք չի կարող քեզ ընդդիմանալ, երբ ցանկանաս փրկել Իսրայելին՝ քո ժողովրդին։ 3Որովհետև դու, Տե՛ր, ստեղծեցիր երկինքն ու երկիրը և բոլոր սքանչելիքները։ 4Դու տիրում ես ամեն ինչի վրա, և ոչ ոք չի կարող քո տերությանը հակառակվել։ 5Դու գիտես ամեն ինչ։ Գիտես, որ ոչ թե հպարտությունից, ամբարտավանությունից կամ թշնամանքից ելնելով չերկրպագեցի ամբարտավան Համանին, 6այլ Իսրայելի տան փրկության համար հաճույքով կցանկանայի նույնիսկ նրա ոտքի գարշապարը համբուրել։ 7Սակայն այդպես վարվեցի, որպեսզի չտամ որևէ մարդու, այլ միայն քեզ՝ ճշմարիտ Աստծուդ, և բացի քեզանից՝ իմ Տիրոջից, չերկրպագեմ որևէ մեկին. դա ամբարտավանությամբ չարեցի։ 8Արդ, Տե՛ր, Աստվա՛ծ Աբրահամի, խնայի՛ր քո ժողովրդին, որովհետև ապականիչները ելել են մեր դեմ և ցանկանում են ոչնչացնել ի սկզբանե հաստատված քո ժառանգությունը։ 9Մի՛ անտեսիր քո բաժինը, որ քեզ համար փրկեցիր եգիպտացիների երկրից։ 10Լսի՛ր, Տե՛ր, իմ աղոթքի ձայնը և ողորմի՛ր քո ժառանգությանը, մեր սուգը ուրախությա՛ն փոխիր, որպեսզի մենք՝ ապրողներս, օրհնենք քո մեծ անունը, Տե՛ր. մի՛ ոչնչացրու այն բերանը, որ քեզ է օրհնում»։

11Եվ ամբողջ Իսրայելն իր ողջ կարողությամբ դիմեց Տիրոջը, քանի որ մահը նրանց աչքերի առջև էր։

Նոր Էջմիածին · HYEJB2017