Եսթեր

11

Եսթերի աղոթքը

1Եսթեր տիկինը մեծ տագնապի մեջ ապավինեց Տիրոջը։ 2Իր վրայից հանեց թագավորական փառքի զգեստները և նեղության ու սգի քուրձ հագավ. զանազան թանկագին յուղերի ու խնկերի փոխարեն մոխիր և աղբ ցանեց իր գլխի վրա, իր մարմինը բազում նեղությունների ենթարկեց և իր մարմնի այն բոլոր մասերը, որ ցնծությամբ զարդարում էր, ծածկեց իր մազերով։ 3Եվ բազմաթիվ խնդրանքներով ու աղոթքներով դիմեց Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն, և ասաց. «Իմ Տերը և մեր թագավորը դու ես միայն, օգնի՛ր ինձ՝ միայնակիս, որ քեզնից բացի ոչ մեկին չունեմ ինձ օգնական, 4որովհետև իմ առջև մեծ վտանգ կա։ 5Իմ ծննդից ի վեր լսել եմ իմ հայրենի ազգից, թե դու, Տե՛ր, քեզ համար իբրև հավիտենական ժառանգություն Իսրայելին ընտրեցիր բոլոր ազգերի միջից և մեր հայրերին՝ իրենց ազգատոհմից, և նրանց համար արեցիր այն ամենը, ինչ խոստացար»։ Եվ դարձյալ աղոթելով՝ այսպես էր ասում. «Աստվա՛ծ Աբրահամի, Աստվա՛ծ Իսահակի և Աստվա՛ծ Հակոբի, օրհնյա՜լ ես դու հավիտյան։ Ես լսել եմ հայրենի գրքերից, թե դու, Տե՛ր, երկրից երկինք՝ ապաշխարությունից դեպի հավիտենական , փոխեցիր Ենովքին։ Ես լսել եմ հայրենի գրքերից, Տե՛ր, որ դու Նոյին փրկեցիր ջրհեղեղից։ Ես լսել եմ հայրենի գրքերից, Տե՛ր, թե իր մարդկանց առաջ, թագավորների մեջ փառավորեցիր Աբրահամին։ Ես լսել եմ հայրենի գրքերից, Տե՛ր, որ դու Հովնանին կետ ձկան մեջ կենդանի պահեցիր։ Ես լսել եմ իմ հայրենի գրքերից, Տե՛ր, որ դու երեք մանուկներին հնոցի հրից փրկեցիր և Դանիելին առյուծների գուբից ազատեցիր։ Ես լսել եմ իմ հայրենի գրքերից, Տե՛ր, որ դու փրկեցիր մահվան դատապարտված Հուդայի երկրի արքա Եզեկիային և ողորմեցիր նրան, երբ աղոթքի կանգնեց իր կյանքի համար, և շնորհեցիր ու նրա կյանքին ավելացրիր ևս տասնհինգ տարի։ Ես լսել եմ իմ հայրենի գրքերից, Տե՛ր, որ դու, լսելով Աննայի աղոթքներն ու խնդրանքները, նրան զավակ շնորհեցիր՝ մեծ Սամուելին։ 6Եվ արդ, Տե՛ր, այժմ մենք մեղանչեցինք քո առաջ, և մեզ մատնեցիր մեր թշնամիների ձեռքը 7այն բանի համար, որ մենք փառավորեցինք նրանց աստվածներին. արդար ես դու, Տե՛ր։ 8Բայց նրանք չբավարարվեցին մեր ծառայությամբ, այլ իրենց ձեռքերը դրեցին իրենց կուռքերի վրա՝ 9և երդվեցին ոչնչացնել այն ամենը, ինչ սահմանել էր քո բերանը, եղծել քո ժառանգությունը, փակել այն բերանները, որ օրհնում են քեզ, մարել քո տան և քո սուրբ սեղանի փառքը 10և բացել հեթանոսների բերանները՝ իրենց չաստվածներին ու մարմնավոր թագավորներին առհավետ փառավորելու համար։ 11Եվ արդ, Տե՛ր, Աստվա՛ծ, քո ժառանգությունը մի՛ մատնիր նրանց ձեռքը, որոնք ոչինչ են, որպեսզի մեր կործանման վրա ուրախությամբ չցնծան, այլ նրանց չար խորհուրդն իրենց դե՛մ շրջիր և խայտառակի՛ր նրան, ով մեզ վրա է հարձակվել։ 12Հիշի՛ր, Տե՛ր, և մի՛ անտեսիր մեզ մեր նեղության ժամանակ։ Դու, որ բոլոր թագավորների Թագավորն ես և տերերի Տերը, համարձակությո՛ւն տուր ինձ 13և համոզիչ խոսքեր՝ իմ շուրթերին, որ կարողանամ գտնել թագավորի առաջ, և նրա սիրտը ատելությա՛մբ լցրու մեր թշնամու դեմ՝ նրա և նրա կամակիցների կործանման համար։ 14Իսկ մեզ փրկի՛ր քո բարձր բազկով, և օգնի՛ր ինձ՝ միայնակիս, որը բացի քեզանից ուրիշ օգնական չունի, Տե՛ր։ 15Տե՛ր, դու, որ գիտես և ճանաչում ես բոլորի սրտերը, գիտես, որ ատեցի անօրենների փառքը և գարշում եմ անթլփատների անկողնուց և ամեն մի օտար ունեցվածքից։ 16Դու գիտես, Տե՛ր, իմ կարիքները, որովհետև ինձ համար գարշելի է այս թագը, որ իմ գլխին է. գարշում եմ սրանից, ինչպես կանանց դաշտանի լաթից, և այն չեմ կրում, երբ միայնակ եմ։ 17Քո աղախինը չկերավ Ամովնի սեղանից և չփառավորեցի թագավորի գինարբուքները և չխմեցի նրանց ծեսերի գինին։ 18Քո աղախինը թագավորի մոտ մտնելու օրից մինչև հիմա միայն քեզնով է ուրախացել, Տե՛ր, Տե՛ր, Աստվա՛ծ Աբրահամի։ 19Ամենահզո՛ր , լսի՛ր անհույսներիս ձայնը և փրկի՛ր մեզ չարչարողների ձեռքից, ազատի՛ր ինձ իմ երկյուղից և պահպանի՛ր քո ժողովրդին՝ Իսրայելին»։

Նոր Էջմիածին · HYEJB2017