Եսթեր
12
Եսթերի այցը թագավորին
4Երրորդ օրը, երբ ավարտեց իր աղոթքը, հանեց իր վրայից սգի հանդերձները, հագավ իր ծիրանիները ու շատ հմայիչ դարձավ։ 5Եվ կրկին աղոթելով իր տեսչին՝ Աստծուն և բոլորի փրկչին, վերցրեց իր սիրելի երկու նաժիշտներին, 6որոնցից մեկը նրա զգեստի քղանցքներն էր վեր պահում, 7իսկ մյուսին թևանցուկ էր արել։ 8Նա երկչոտությամբ շիկնել էր իր երիտասարդական ողջ գեղեցկությամբ. նրա տեսքը զվարթուն էր ու հաճելի, սակայն նրա սիրտը սոսկում էր վախից։ 9Նա անցավ ապարանքի բոլոր դռներով և կանգնեց թագավորի առաջ։ Թագավորը նստել էր իր արքայական աթոռի վրա, հագել իր փառավոր պատմուճանը, որ ընդելուզված էր ոսկով, մարգարիտներով և այլ թանկագին քարերով, ու շատ ահարկու էր։ 10Թագավորը բարձրացրեց իր երեսը, որ ճառագայթում էր փառքից, և նայեց։ Թագուհին ընկճվեց, փոխեց իր գույնը, թալկացավ և ընկավ իրեն ուղեկցող նաժիշտի վրա։ 11Աստված թագավորի հոգին հեզ դարձրեց, և նա մեծ երկյուղով արագորեն իջավ իր գահից, տիկնոջը վերցրեց իր գիրկը, սթափեցրեց նրան և աղաչում ու մխիթարում էր խաղաղ խոսքերով։ Ապա ասաց նրան. 12«Ի՞նչ է պատահել, քեզ, Եսթե՛ր տիկին, ես քո եղբայրն եմ, համարձա՛կ եղիր, 13չես մեռնի, որովհետև իմ և քո հրամանները նույնն են։ Մոտեցի՛ր»։ 14Եվ ոսկե գավազանը բարձրացնելով՝ դրեց նրա պարանոցին, ապա համբուրեց նրան ու 15ասաց. «Խոսի՛ր ինձ հետ»։ 16Եսթերը նրան ասաց. «Քեզ տեսա, տե՛ր, իբրև Աստծու հրեշտակի, և քո փառքի ահից խռովվեց իմ սիրտը։ 17Որովհետև սքանչելի ես, տե՛ր իմ, և քո երեսը լի է բարությամբ»։ 18Եվ մինչ խոսում էր նրա հետ, նորից ընկրկեց թագավորի ահից։ 19Թագավորը շատ էր խռովվել, իսկ նրա ծառաներն ու սպասավորները հանդարտեցնում էին տիկնոջը։ Թագավորն ասաց. «Ի՞նչ ես ցանկանում, Եսթե՛ր, և ի՞նչ է քո խնդրանքը։ Արդարև, խոստանում եմ քեզ, որ եթե մինչև իսկ իմ թագավորության կեսը խնդրես, կտամ քեզ»։
Նոր Էջմիածին · HYEJB2017