Եսթեր
14
Թագավորը մեծարում է Մուրթքեին
1Տերը՝ Աստված, այն գիշեր խափանեց արքայի քունը, և արքան հրամայեց դպրապետին իր առաջ բերել հիշատակությունների մատյանը և կարդալ։ 2Գտավ Մուրթքեի մասին գրված հիշատակությունները, թե ինչպե՛ս սա հայտնեց երկու ներքինիների մասին, որոնք հսկում էին թագավորի ապարանքը և ցանկանում էին սպանել Արտաշես արքային։ 3Թագավորն ասաց. «Իսկ ի՞նչ շնորհ կամ փառք տվեցինք Մուրթքեին»։ Արքայի սպասավորներն ասացին. «Երբ հայտնի դարձավ քո նկատմամբ նրա ունեցած հավատարմությունը, ոչինչ չարեցիր նրա համար»։
4Առավոտյան եկան թագավորի գավիթը, և արքան ասաց. «Ո՞վ է գավթում»։ Համանը եկել էր թագավորից հրաման առնելու, որպեսզի Մուրթքեին կախեր այն փայտից, որ պատրաստել էր։ 5Սպասավորներն արքային ասացին. «Ահա Համանը դրսում է»։ Արքան ասաց. «Նե՛րս հրավիրեք»։ 6Թագավորը դիմեց Համանին. «Ի՞նչ անեմ այն մարդու համար, որին ցանկանում եմ փառավորել»։ Համանը խորհեց և ասաց իր մտքում. «Ո՞ւմ է ցանկանում արքան փառավորել, եթե ոչ ինձ»։ 7Ապա ասաց արքային. «Այն մարդու համար, որին արքան ցանկանում է փառավորել, 8թող բերեն արքայական պատմուճանը և այն ձին, որի վրա արքան է հեծնում, և դրանք թող տրվեն արքայի սիրելիներից և փառավորներից մեկին, 9որպեսզի պատմուճանը հագցնեն այն մարդուն, որին արքան սիրում է, և նրան նստեցնեն արքայական երիվարին։ Եվ թող քաղաքի հրապարակներով հայտարարվի ու ասվի. «Այսպես կլինի այն մարդու հետ, ում արքան փառավորի»։ 10Այն ժամանակ արքան ասաց Համանին. «Շատ լավ ասացիր. այդ բանը կանես Մուրթքեի՝ հրեա մարդու, իմ տան խնամակալի համար, և թող ոչինչ չվրիպի քո ասածներից»։ 11Համանը վերցրեց արքայական պատմուճանն ու երիվարը, հագցրեց Մուրթքեին և նրան նստեցրեց երիվարի վրա, անցկացրեց քաղաքի փողոցներով. նա հայտարարեց ու ասաց. «Այսպես կլինի ամեն մի մարդու հետ, որին արքան փառավորի»։
12Մուրթքեն վերադարձավ արքայական ապարանք, իսկ Համանը գլխահակ, տրտմությամբ լի՝ գնաց իր տունը։ 13Նա իր Զովսարա կնոջն ու սիրելիներին պատմեց, թե ի՛նչ պատահեց իր հետ։ Համանի սիրելիներն ու կինը նրան ասացին. «Եթե Մուրթքեն հրեա ազգից էր և իշխան դարձավ, հնազանդվի՛ր նրան, որովհետև չես կարող դու նրան չարիք հասցնել, քանզի Տերը՝ Աստված, նրա հետ է, և ինքն է փառավորել նրան»։
14Եվ մինչ նրանք խոսում էին, եկան երկու ներքինիները, որպեսզի Համանին տիկնոջ խնջույքին հրավիրեն։
Նոր Էջմիածին · HYEJB2017