Եսթեր

15

Համանի մահապատիժը

1Թագավորն ու Համանը գնացին տիկնոջ գինարբուքին։ 2Եվ երկրորդ օրը, մինչ էին խմում, արքան ասաց Եսթերին. «Ի՞նչ է պատահել քեզ, Եսթե՛ր տիկին, ի՞նչ է քո խնդրանքն ու աղաչանքը. թող թագավորությանս կեսը քեզ լինի»։ 3Եսթերը պատասխանեց և ասաց. «Եթե քո առաջ գտա, արքա՛, թող իմ խնդրանքին մի անձ տրվի, և թող իմ աղաչանքի խոսքերն ընդունելի լինեն։ 4Ես և իմ ժողովուրդը, մենք և մեր որդիները մատնվեցինք կորստյան, ստրկության և հափշտակության, սակայն ես չհավատացի։ Արդ, բանսարկու մարդն արժանի չէ թագավորի տանը լինելու»։ 5Թագավորն ասաց. «Ո՞վ է նա, որ համարձակվեց այդ բանն անել»։ 6Իսկ Եսթերն ասաց. «Այդ մարդը Համանն է, որը չար մարդ է, նա արեց»։ Իսկ Համանն ահաբեկվեց ու խիստ վախեցավ արքայից և տիկնոջից։

7Թագավորը վեր կացավ ճաշից և մտավ արքունի ծաղկանոցը, իսկ Համանը ցանկանում էր ներողություն խնդրել տիկնոջից, որովհետև մեծ երկյուղի մեջ էր։ 8Երբ թագավորը վերադարձավ ծաղկանոցից, տեսավ, որ Համանը, ընկած տիկնոջ գահույքի առաջ, նրան աղաչում էր իր փրկության համար։ Թագավորն ասաց. «Արդ, այդ աստիճանի հասար, որ ցանկանում ես իմ տան մեջ իմ կնո՞ջը բռնաբարել»։ Համանը երբ լսեց, վախեցած ու ամոթահար ընկավ երեսի վրա։ 9Իսկ ներքինիներից մեկը՝ Բուգաթան, հայտնեց արքային. «Ահա Համանը հիսուն կանգուն երկարությամբ մի փայտ է պատրաստել Մուրթքեի՝ արքայի սիրելիի համար և կանգնեցրել է իր բակում»։ Թագավորն ասաց. «Թող կախվի նրա վրա»։ 10Եվ Համանին կախեցին այն փայտից, որ պատրաստել էր Մուրթքեի համար։ Դրանից հետո թագավորի բարկությունն իջավ։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն