Եսթեր

16

Արքայական հրովարտակը

1Այն օրը թագավորը Եսթերին նվիրեց քսու Համանի ունեցվածքը։ Իսկ Մուրթքեն հրավիրվեց թագավորի մոտ, քանի որ Եսթերը նրան պատմել էր, որ իր ազգականն է։ 2Թագավորը վերցրեց այն մատանին, որ հանել էր Համանի ձեռքից, և տվեց Մուրթքեին։ Իսկ Եսթերը Մուրթքեին վերակացու կարգեց Համանի ամբողջ ունեցվածքի վրա։ 3Այնուհետև Եսթերը կրկին խոսեց թագավորի հետ, ընկավ նրա ոտքերը և աղաչեց, որ չիրագործվի այն պատուհասը, որ Համանը ծրագրել էր հրեաների համար։ 4Արքան ոսկե գավազանը երկարեց Եսթերին, և Եսթերը վեր կացավ՝ գնալու արքայի սենյակը։ 5Եսթերն ասաց. «Եթե կամենում ես, և եմ գտել քո առաջ, սուրհանդակնե՛ր ուղարկիր, արքա՛, և անվավե՛ր համարիր այն հրովարտակները, որոնք գրվեցին Համանի կողմից՝ քո թագավորության մեջ եղող հրեաներին ոչնչացնելու համար։ 6Ես ինչպե՞ս կարող եմ տեսնել իմ ժողովրդի չարչարանքը, ինչպե՞ս կարող եմ միայն ես փրկվել իմ հայրենի երկրի բնակիչներից»։ 7Թագավորը Եսթերին ասաց. «Արդ, Համանի ողջ ունեցվածքը քեզ շնորհեցի և նրան կախեցի այն բանի համար, որ ձեռք բարձրացրեց հրեաների վրա. ուրիշ էլ ի՞նչ ես ցանկանում։ 8Արդ, գրի՛ր դու իմ խոսքով ու հրամանով, ինչպես ցանկանում ես, և կնքի՛ր իմ մատանիով. ինչ որ գրես, իմ արքայական հրամանը կլինի, որպեսզի ոչ ոք այդ հրամաններին չընդդիմանա»։

9Եվ նույն տարվա առաջին՝ Նիսան (այսինքն՝ Արեգ) ամսվա քսաներեքին կանչեցին դպիրներին, և ինչպես որ հրամայված էր, հրովարտակներ գրվեցին տեղական կառավարիչներին, բոլոր նահանգների իշխաններին ու կուսակալներին, նախարարներին ու սատրապներին՝ Հնդկաստանից մինչև Եթովպիա հարյուր քսանյոթ կուսակալներին, յուրաքանչյուր երկրին՝ իր լեզվով։ 10Գրվեցին թագավորի հրամանով և կնքվեցին նրա մատանիով։ Հրովարտակներն ուղարկեցին սուրհանդակների ձեռքով, 11որպեսզի հրեաները ողջ և անարատ մնան իրենց օրենքներով բոլոր քաղաքներում, օգնական ու թիկունք լինեն միմյանց՝ հատուցելու իրենց թշնամիներին, ինչպես որ կամենան, 12մեկ օրվա ընթացքում՝ Ադար ամսի տասներեքին, ողջ թագավորության մեջ։ Սա է թագավորի մատանիով կնքված հրովարտակի պատճենը.

Նոր Էջմիածին · HYEJB2017