Եսթեր
17
1«Ես՝ մեծ թագավոր Արտաշեսը, ողջունում եմ ձեզ, որ Հնդկաստանից մինչև Եթովպիայի կողմերում եք, հարյուր քսանյոթ գավառների նախարարներիդ և իշխաններիդ, ձեզ, որ հավատարիմ եք մեզ։ 2Շատերը, բազում անգամ իրենց բարերարների քաղցր վերաբերմունքի շնորհիվ հաճախակի պատիվների արժանանալով, չափից ավելի մեծամտացան իրենց խորհուրդներով։ 3Նրանք ոչ միայն ջանում են մեր հպատակներին չարչարել, այլև չկարողանալով դիմանալ փառքի մեծությանը՝ հանդգնությամբ մեքենայություններ են նյութում իրենց բարերարների դեմ։ 4Նրանք ոչ միայն մարդկանցից վերացնում են երախտագիտությունը, այլև ոգևորվելով բարությանն անծանոթ մարդկանց պարծենկոտություններով՝ կարծում են, թե կխուսափեն հավիտյանս ամենատես Աստծու չարատյաց դատաստանից։ 5Շատ անգամ շատերը, որ իշխանության են նշանակված, և որոնց վստահված է ընկերների գործերը կառավարել, դրդվելով անմեղ արյան թափվելու պատճառ են դառնում և դաժան պատուհասների կրում։ 6Նրանք նենգ խաբեությամբ չարաշահում են իշխանավորների պարզ բարյացակամությունը։ 7Եվ դա կարելի է տեսնել ոչ այնքան հին պատմություններից, որ մենք փոխանցում ենք, որքան ներկա դեպքերից՝ ուսումնասիրելով անարժանաբար իշխողների մահաբեր կեցվածքի պատճառով անպարկեշտորեն կատարվածները։ 8Պետք է ուշադիր լինել ապագայի համար, որպեսզի թագավորությունը անխռով և խաղաղությամբ պահենք բոլոր մարդկանց համար՝ 9որդեգրելով փոփոխություններ և մեր ուշադրությանը ներկայացված դեպքերը միշտ ավելի մեղմ մոտեցումով դատելով։
10Ինչպես օրինակ Ամադոթի որդի Համան Մակեդոնացին, որը, իրականում օտար լինելով պարսից զարմին և շատ հեռու լինելով մեր բարությունից, 11հյուրընկալվեց մեր կողմից ու բոլոր ազգերի հանդեպ մեր ունեցած մարդասիրությանն արժանացավ այն աստիճան, որ մեր աթոռակիցը կոչվեց։ Նրան երկրպագում էին մեր իշխանության տակ գտնվող բոլոր մարդիկ, և նրան պատվեցինք՝ մեր երկրորդ աթոռին նստեցնելով։ 12Բայց նա չզսպեց իր ամբարտավանությունը և ջանաց մեքենայություն նյութել՝ զրկելու մեզ իշխանությունից և կյանքից։ 13Մեր փրկիչ ու երախտավոր Մուրթքեին և ինձ թագավորակից չքնաղ ու անարատ Եսթեր տիկնանց տիկնոջը, իրենց ամբողջ ազգով հանդերձ, բազում զուր և դատարկ մեղքեր վերագրելով՝ նա ցանկացավ առանց պատճառի կործանել։ 14Այս եղանակով նա մտածում էր պարսկական թագավորությունն ամայացնել և այն մակեդոնացիներին վերադարձնել։ 15Իսկ մենք տեսնում ենք, որ բազմահնար այդ սատակիչի կողմից ոչնչացման մատնված հրեաների մեջ չարության որևէ գործ չկա, և նրանք արդար օրենքներով են ապրում։ 16Նրանք որդիներն են բարձրյալ, մեծ ու կենդանի Աստծու, որ մեր և մեր ազգի թագավորությունը վարում է իր բարեսեր առատությամբ։ 17Արդ, լավ կանեք, որ Համանից ձեզ ուղարկված հրովարտակի հրամանի համաձայն ոչինչ չձեռնարկեք, 18որովհետև ինքնագլուխ այս բանն անողը Սիսիս քաղաքի դարպասների մոտ իր ամբողջ ընտանիքով կախաղան է հանվել՝ արժանի դատաստան ընդունելով Ամենակալ Աստծուց, որ հատուցեց արագորեն։
19Այս հրովարտակի պատճենը դրե՛ք տեսանելի տեղերում և տարածե՛ք ամենայն հոգածությամբ, որպեսզի հրեաները կարողանան գործադրել իրենց օրենքները։ 20Արդ, թող նրանք քաջալերվեն, որովհետև ինչպես նեղության ժամանակ նրանց չարչարում էին, այդպես էլ նրանք Ադարի՝ տասներկուերորդ ամսի տասներեքին՝ նույն օրը, թող հատուցեն իրենց թշնամիներին։ 21Քանի որ Ամենազոր Աստված այդ իսկ օրը ընտրյալ ազգի կործանման փոխարեն դարձրեց նրանց ուրախության օր։
22Եվ դուք այժմ ձեր տարեկան տոների շարքում ուրախությամբ տոնախմբե՛ք այս օրը՝ որպես նշանավոր տոն, 23որպեսզի ինչպես հիմա, այնպես էլ սրանից հետո այն փրկության օր լինի մեզ և պարսիկներիս բարեկամների համար, իսկ մեզ համար մահ նյութողների համար՝ կորստյան հիշատակ։
24Բոլոր այն քաղաքներն ու գավառները, որոնք չեն գործի ըստ մեր այս խոսքերի, բարկությամբ սրով ու հրով պիտի կոտորվեն և ոչ միայն ամայանան մարդկանցից, այլև երկրի գազաններից ու թռչուններից էլ հավիտյան պիտի մերժվեն ու լքվեն։
Նոր Էջմիածին · HYEJB2017