Եսթեր

19

1Որովհետև Ադար՝ տասներկուերորդ ամսի տասներեքին տեղ հասավ արքունիքից ուղարկված հրովարտակը, 2նույն օրն անհետացան հրեաների հակառակորդները, և ոչ ոք նրանց ամենևին չէր ընդդիմանում, որովհետև ահաբեկվեցին նրանցից։ 3Եվ սատրապությունների իշխանները, կուսակալներն ու արքունի դպրապետները պատվում էին հրեաներին, որովհետև Մուրթքեի ահը նրանց գլխին էր կախված, 4և թագավորական հրովարտակով նրա անունը հռչակվում էր ողջ թագավորության մեջ։

6Հրեաները Սիսիս քաղաքում կոտորեցին հինգ հարյուր մարդու, 7ինչպես նաև Փարակին, Նեստեին, Դովփոնին, Փազգային, 8Փարդաթային, Բարեային, Սարաբաքային, 9Մարմասիսին, Արուփեսին, Արսեսին, և Զարբութեթանին, 10որոնք Բերգեի որդի Ամադովթի որդու՝ հրեաների Համանի որդիներն էին, 11և հափշտակեցին [𝕸 բայց չհափշտակեցին] նրանց ունեցվածքը։ Նույն օրը Սիսիս քաղաքում սպանվածների թիվը հայտնեցին արքային։ 12Արքան ասաց Եսթերին. «Հրեաները Սիսիս քաղաքում հինգ հարյուր մարդու ոչնչացրին, իսկ քաղաքի շրջակայքում՝ էլ ավելի։ Արդ, ուրիշ ի՞նչ ես ցանկանում, որ քեզ համար անեմ»։ 13Եսթերն արքային ասաց. «Թող արքան հրամայի, որ հրեաները նույն կերպ վարվեն նաև վաղը և կախեն Համանի որդիներին»։ 14Նա հրամայեց այդպես անել։ Համանի որդիների մարմինները հանձնեց քաղաքի հրեաներին՝ փայտից կախելու համար։ 15Ադարի տասնչորսին հրեաները հավաքվեցին Սիսիսում և կոտորեցին երեք հարյուր մարդու, սակայն ոչինչ չհափշտակեցին։ 16Եվ նրա թագավորության մեջ ապրող մյուս հրեաներն էլ հավաքվեցին և միմյանց զորավիգ եղան։ Այսպիսով հանգստացան և ապահով եղան նրանցից, որոնք պատերազմում էին իրենց դեմ, որովհետև Ադար ամսի տասներեքին նրանցից կոտորեցին հինգ հազար [𝕸 յոթանասունհինգ հազար] հոգու, սակայն ոչինչ չհափշտակեցին։ 17Եվ նույն ամսի տասնչորսին նրանք հանգստացան և այդ օրը հանգստյան օր կարգեցին՝ խնդությամբ և ուրախությամբ։ 18Սիսիս քաղաքի հրեաները ևս հավաքվեցին ամսի տասնչորսին, սակայն չհանգստացան և տասնհինգերորդ օրը կարգեցին ցնծության և ուրախության օր։ 19Այդ իսկ պատճառով ողջ թագավորության գավառների հրեաներն Ադար ամսի տասնչորսին էին ուրախության տոն անում, ուրախության օր, և միմյանց նվերներ ուղարկում, իսկ մայրաքաղաքի բնակիչներն Ադարի տասնհինգին էին բարի և ուրախության օր տոնում։

20Մուրթքեն այս ամենը գրեց մատյանում և Արտաշես արքայի իշխանությանը ենթակա հրեաներին՝ մերձավորներին ու հեռավորներին, 21հրաման ուղարկեց Ադարի տասնչորսին և տասնհինգին ուրախության տոն հաստատելու մասին։ 22Որովհետև այս երկու օրերին հրեաները հանգիստ գտան իրենց թշնամիներից և այդ ամսին էր (այսինքն՝ Ադար), որ նրանց սուգն ուրախության վերածվեց, և վիշտը խնդության փոխվեց։ Ուստի այդ օրերը պետք է տոնեն, ինչպես հարսանեկան խնդության օրեր։

23Հրեաներն ընդունեցին այն, ինչպես որ իրենց գրել էր Մուրթքեն։ 24Նա պատմել էր, թե ինչպե՛ս Ամադովթի որդի Համան Մակեդոնացին պայքարել էր իրենց դեմ և ինչպե՛ս էր վիճակ գցել ու որոշել կորստյան մատնել իրենց 25և կամ ինչպե՛ս էր մտել թագավորի մոտ ու խնդրել կախել Մուրթքեին։ Սակայն ինչքան չարիք որ ջանում էր հրեաների վրա բերել, հավաքվեցին ու իր գլխին թափվեցին, և նա ու իր որդիները կախաղան հանվեցին։

26Դրա համար էլ այդ օրերը «վիճակ» բառի պատճառով Փուրիմ անվանվեցին (որովհետև իրենց բարբառով վիճակը փուրիմ է կոչվում)։ Այս հրովարտակի խոսքերի և նրանց կրած նեղության ու նրանց հետ պատահածի պատճառով Մուրթքեն հաստատեց այդ տոնը։ 27Հրեաներն այն ընդունեցին և հանձն առան. սովորեցնում էին նաև իրենց զավակներին ու իրենց հարողներին, որպեսզի այլ կերպ չվարվեն, 28այլ այս օրերը սերնդեսերունդ հիշատակ լինեն քաղաքներում ու գավառներում, որպեսզի պատվեն Փուրիմի այդ օրերը և դրանց հիշատակը սերնդեսերունդ չպակասի։

29Ամինադաբի դուստր Եսթերն ու հրեա Մուրթքեն գրեցին և հաստատեցին այս հրովարտակը։ 31Մուրթքեն և Եսթերը հաստատեցին այս կարգը նաև իրենց համար, ուխտ արեցին և կատարեցին իրենց խորհուրդը։ 32Եսթերը երդմամբ այն հաստատեց հավիտենական ժամանակների համար, և դա գրվեց հիշատակությունների մատյաններում։

Նոր Էջմիածին · HYEJB2017