Եսթեր

3

Արտաշես թագավորի խնջույքը

1Այս բաներից հետո Արտաշեսի [𝕸 Ախաշվերոշ] թագավորության օրոք (Արտաշեսն իշխում էր Հնդկաստանից մինչև Եթովպիա հարյուր քսանյոթ երկրների վրա)՝ 2Սիսիս [𝕸 Շուշան=Շոշ=Սուզ] քաղաքում իր գահը հաստատելու օրը, 3իր թագավորության երրորդ տարում Արտաշես արքան խնջույքի հրավիրեց իր սիրելիներին, Պարսկաստանի, Մարաստանի և մյուս ազգերի մեծամեծներին, նախարարությունների բոլոր իշխաններին։ 4Եվ հարյուր ութսուն օր ցույց տվեց իր թագավորության մեծությունն ու իր հարստության հրճվալից փառքը։ 5Երբ ավարտվեցին խնջույքի օրերը, հրամայեց այս անգամ վեցօրյա [𝕸 յոթնօրյա] խնջույքի կանչել իր ռամիկ քաղաքացիներին արքունի տան գավթում, 6որը զարդարված էր բեհեզներով ու կերպասներով, որոնք ծիրանե և բեհեզյա պարաններով կարգավորված ու կապված էին ոսկե խոյակներին և թանկագին սյուների ու ոսկեղեն խարիսխների վրայի ծիրանիներին, այստեղ կային նաև ոսկե և արծաթե բազմաթիվ գահույքներ՝ ընդելուզված մարգարիտներով և պատվական քարերով, պատված գույնզգույն նկարազարդ պաստառներով և պատվական հանդերձներով, դրված վարդահատակ գավթում։ 7Այնտեղ կային թագավորի ոսկե և արծաթե գավաթներն ու բաժակները, որոնք երեք բյուր քանքար արժեին, և առատ , որից արքան ինքն էր ըմպում։ 8Իսկ խնջույքը եղավ ոչ ընդունված կարգով, որովհետև թագավորն այդպես էր կամեցել ու հրամայել իր սպասավորներին։ 9Իսկ թագավորի Ասթինեն [𝕸 Վաշտի] կանանց կոչունքի հրավիրեց Արտաշես թագավորի ապարանքում։

Ասթինե թագուհու շնորհազրկումը

10Յոթերորդ օրը թագավորը, զվարթացած լինելով, հրամայեց իր յոթ պաշտոնյաներին՝ Ամովնին, Բազանին, Թառային, Բուրազեին, Զաթոլթային, Աբատազային և Թառաբբային՝ 11կնոջն արքունիք կանչել՝ նրան թագավորեցնելու և բոլոր իշխաններին ու ներկաներին նրա գեղեցկությունը ցույց տալու համար, քանի որ շատ գեղեցիկ էր։ 12Սակայն Ասթինեն չհնազադվեց նրան և ներքինիների հետ չգնաց թագավորի մոտ։ Թագավորը տրտմեց ու շատ բարկացավ 13և Ասթինեի արարքը պատմեց իր սիրելիներին. «Արդ,- ասաց թագավորը,- օրենքի համաձայն դատաստա՛ն տեսեք»։ 14Թագավորի առաջ եկան պարսից և մարաց իշխաններ Արքինսեոսը, Առնաթևը և Մալիսեարը, որոնք նրա մերձավորներն ու աթոռակիցներն էին, 15և հիշեցրին, թե ըստ օրենքի ինչպե՛ս պետք է վարվել թագավորի կնոջ՝ Ասթինեի հետ, որը չկատարեց ներքինիների միջոցով իրեն տրված արքայական հրամանը։ 16Մուքեն ասաց արքային ու իշխաններին. «Ասթինե տիկնանց տիկինը ոչ միայն արքային ընդդիմացավ, այլ նաև արքայի բոլոր իշխաններին ու կուսակալներին։ 17Այսպես նաև պարսից և մարաց իշխանների բոլոր կանայք անհնազանդ կդառնան, 18երբ լսեն թագավորի կնոջ այս արհամարհանքի մասին, և կհամարձակվեն անարգել իրենց ամուսիններին։ 19Արդ, եթե արքան կամենա և նրան հաճելի լինի, թող նա այլևս չմտնի արքայի մոտ և թող նրա տիկնությունը տրվի մի կնոջ, որ նրանից լավն է։ 20Երբ քո թագավորության մեջ լսվի քո արձակած այդ օրենքը, կանայք՝ աղքատից մինչև մեծամեծ, մեծ պատվով կհարգեն իրենց տղամարդկանց»։

21Այդ խորհուրդը հաճելի թվաց արքային ու նրա բոլոր իշխաններին, և թագավորը կատարեց Մուքեի թելադրանքը։ 22Կանանց վերաբերյալ այդ հրամանը տարածեց իր ողջ թագավորության մեջ՝ բոլոր գավառներում։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն